ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Վ.ՊՈՒՏԻՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՌԴ ԵՒ ՀՀ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր համաձայնությունն է տվել ՌԴ կառավարության` Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը նպաստող պայմանագրի ստորագրմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ նախագահը հանձնարարել է Հայաստանի հետ բանակցությունների ավարտից հետո պայմանագիր ստորագրել:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ այդ երկրում ամենակոռումպացված գերատեսչությունը պաշտպանության նախարարությունն է: Ինչպես հաղորդում է haqqin.az լրատվական կայքը, այս մասին Սումերենլին հայտարարել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում 2012 թ. կորուստների մասին հաշվետվության ժամանակ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենակոռումպացված գերատեսչությունն է: ՊՆ-ը չի հետաքննում «դեդովշչինայի» փաստերը եւ այդ հիմքի վրա կատարված հանցագործությունները: Դրա հետևանքով բանակում անպատժելիություն է տիրում, ինչը նպաստում է հանցավորության աճին», -ասել է նա:
Սումերենլին նշել է, որ ռազմական ծախսերի աճի հետ աճում է նաեւ արտակարգ միջադեպերի թիվը: «ՊՆ ներկայիս ղեկավարությունն այդ գերատեսչությանը հանգեցրել է «կառավարման ճգնաժամի», -հավելել է փորձագետը:
Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ վերջին տասը տարիներին պաշտպանության եւ անվտանգության ոլորտում զոհվածների թիվը կազմել է 647 մարդ, 571 մարդ էլ վիրավորվել է: 175 մահեր ունեն մարտական բնույթ, 178-ը` ոչ մարտական, 90-ը` ինքնասպանություններ են, 125 մահ` ոչ կանոնադրական հարաբերությունների եւ այլ պատճառներով:
2012-ին այդ ոլորտում կորուստների թիվը կազմել է 97 մարդ, 91 մարդ էլ վիրավորվել է: Մահվան դեպքերից 16-ը տեղի են ունեցել մարտական պայմաններում, երեք հոգի զոհվել է ականի պայթյունից, մեկը զոհվել է մարտական գործողության ընթացքում, 77-ը մահացել են ոչ մարտական պայմաններում: 2012 թ. ադրբեջանական բանակում վերջին 10 տարում գրանցվել են ամենաշատ ինքնասպանությունները` 19:
Զոհվածների ընդհանուր թվից 84-ը ՊՆ զինծառայողներ են, 6-ը` սահմանային ծառայության, 4-ը` ներքին զորքերի, 2-ը` ազգային անվտանգության նախարարության, մեկը` մոբիլիզացիայի եւ զորակոչի ծառայության զինծառայող:
«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՄԵԾ ՊԱՏ»՝ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ
Ադրբեջանի իշխանությունները որոշել են ԼՂՀ սահմանի երկայնքով կառուցել 3 մետր բարձրությամբ քարե պատ: Այս մասին հայտնում է «Minval.az» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ` «Ղարաբաղյան մեծ պատի» շինարարության գործընթացը սկսվել է 2011թ. «Ադրբեջանի տարածքների վերականգնման և վերակառուցման գործակալության» պատվերով: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 մլն. եվրո:
«Սակայն որքանո՞վ է տրամաբանական նման պատի կառուցումը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Ադրբեջանը վճռական է ազատագրելու այդ տարածքները: Պատի կառուցումը արդյոք չի՞ վկայում, որ ադրբեջանական իշխանությունները կորցրել են մոտ ապագայում Ղարաբաղյան խնդրի կարգավորման հույսը: Պատի կառուցման մեջ չկա՞ արդյոք կոռուպցիոն բաղադրիչ»,- հարցնում է հոդվածի հեղինակը:
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչները կարծում են, որ «Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու այդ քաղաքականությունը շատ վտանգավոր միտում ունի»: Մյուս կողմից, հեղինակը ներկայացնում է նախագծին կողմ արտահայտվող փորձագետների մոտեցումը, ըստ որի` պատը կարող է պատնեշի դեր խաղալ Ադրբեջանի պատերազմական նոր գործողություններ սկսելու դեպքում:
Չի բացառվում նաև, որ պատի կառուցումը հարձակումից առաջ ադրբեջանական զորքերի տեղաշարժը քողարկելու, ինչպես նաև ԼՂՀ սահմաններին առավելագույնս մոտ ամրացված բնագիծ ստեղծելու նպատակ է հետապնդում:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԸ
Կասպից ծովի Ռուսաստանյան ռազմական նավատորմում 2013 թ. կընդգրկվեն եւս 5 մարտական եւ 2 օժանդակ նավեր: Այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հարավային ռազմական վարչության պաշտոնական կայքում: Նշվում է նաև, որ բոլոր նավերի վրա նոր հրթիռներ են տեղակայվել: Աշնանը Ռուսաստանը Կասպից ծով դուրս կբերի եւս 3 դեսանտային կատերներ:
Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ իր նպատակը Կասպից ծովում Ռուսաստանի տնտեսական գոտիների պաշտպանությունն է:
Ըստ ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի և Panorama.am-ի
Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Տարածաշրջան