ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏԸ ԵՎ ՆՐԱ ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՖԻԼԵՆ
Հայկական բանակի 20-րդ տարեդարձին նվիրված շքերթի շատ մանրամասներ թերևս արդեն մոռացվել են, բայց դեռ երկար կհիշվի պատվո պահակախմբի տղաների մարտական զենքով ներկայացրած զինվորական այն գեղեցիկ ներկայացում-ցուցադրությունը, որը աշխարհում հայտնի է «Դեֆիլե» անվամբ։ Մեզ անծանոթ այս եզրը հայերեն թարգմանվում է շարանցում, որը թերևս լիարժեքորեն չի արտահայտում զինվորական փոքրիկ «ներկայացման» ողջ դիտարժանությունը, որն իր կատարման բարդությամբ ու գեղեցկությամբ, փայլուն ռիթմով հիացմունքի ու ցնծության բազում խոսքեր պոկեց մարդկանց սրտից ու հոգուց։ Եվ չես կարողանում հավատալ, որ մարտական զենքով ճարպիկ հնարքներ կատարողներն ընդամենը ժամկետային զինվորներ են։ Մեր հիացմունքին ի պատասխան պատվո պահակային վաշտի հրամանատար մայոր Սոկրատ Վարդանյանը, որը Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, մի պատասխան ունի. «Օրնիբուն՝ չորսից հինգ ժամ քրտնաջան ու լարված վարժանքներ շարահրապարակում` անկախ եղանակային պայմաններից, կատարվող ամեն շարժման ու վարժության մանրակրկիտ մշակում և հղկում` փայլեցնելու աստիճան, և որ ամենակարևորն է` զինվորական կարգապահություն»։
Ըստ վաշտի հրամանատարի` անգամ այս հատկանիշները ոչինչ են, եթե պատվո պահակախմբի անդամը չի գիտակցում այն մեծ վստահությունն ու պատասխանատվությունը, որ ընկած է իր ուսերին։
Իսկապես, Հայկական բանակի պատվո պահակային վաշտը ոչ միայն ԶՈՒ, նրա կայացածության, այլև պետության հզորության առհավատչյան է, նրա այցեքարտը։ Չէ որ պատվո պահակախումբն է մասնակցում օտարերկրյա պետությունների ղեկավարների դիմավորման և ճանապարհման միջոցառումներին, առանց նրա մասնակցության չի նշվում պետության, ԶՈՒ համար կարևոր և ոչ մի միջոցառում։
♦♦♦
Պատվո պահակային վաշտում ծառայող զինվորի համար բացի արտաքին տվյալներից (ընտրվում են 1մ 80 սմ-ից մինչև 1մ 87 սմ հասակ ունեցող ֆիզիկապես առողջ, ձիգ և ներկայանալի արտաքինով պատանիներ), պակաս կարևոր չեն նաև ներքին՝ բարոյահոգեբանական հատկանիշները` կենտրոնացվածություն, սառնասրտություն, դիմացկունություն, պատվի և արժանապատվության խոր ընկալում։ Եվ զարմանալի չէ, որ շատ զինվորներ, լինելով ամրակազմ և ֆիզիկապես ուժեղ, չեն դիմանում այդ լարվածությանն ու պատասխանատվության բեռին։ «Ի դեպ, մեզ մոտ արտաքին տեսքը` սկսած սանրվածքից, վերջացրած կոշիկների փայլով, ամեն ինչ պետք է կատարյալ լինի»,- վստահեցրեց հրամանատարը` մայոր Ս. Վարդանյանը։
Զորամասի շարահրապարակում կանգնած գործընկերոջս՝ վաստակաշատ լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանի հետ դիտում էինք, թե ինչպես են զինվորները մարտական զենքով «Դեֆիլեի» նոր հնարքներ յուրացնում։ Եվ որպեսզի ինքներս մեզ համար պարզենք կատարվող վարժության ողջ դժվարությունը, խնդրեցինք մեզ տալ աշխատանքային գլխավոր «գործիքը»` մարտական կարաբինը, որը կշռում է 3 կգ 895 գրամ։ Ի դեպ, քաջածանոթների տեղեկացմամբ, միայն ՌԴ և ՀՀ բանակներում է, որ «Դեֆիլեն» կատարվում է CKC կարաբինով` վրան ամրացված սվին-դանակ։ Եվ երբ փորձեցինք մեկնած ձեռքով օդում պահել զենքը… Իսկույն էլ մտովի պատկերացրի, թե այն որքան է ծանրանալու ամեն վայրկյան զինվորի ձեռքին, որը խնդիր ունի ոչ միայն պահելու այդ ծանր զենքը, այլև հստակ և համաչափ վարժություններ կատարելու։
«Դեֆիլեն» ամբողջությամբ վերցրած իր մեջ ներառում է երեք տասնյակից ավելի վարժություններ, որոնք հանրագումարի են բերվում մեծ դժվարությամբ` ամենաաննշան սխալը կարող լուրջ վնասվածքների հանգեցնել, ինչից մեծ ցանկությամբ դեպքում անգամ հնարավոր չի լինում խուսափել։
Պատվո պահակային վաշտի մասնակցությամբ «Դեֆիլեն» առաջին անգամ կատարվել է 2009 թվականի հուլիսի 31-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյա հոբելյանի արարողության ժամանակ։
«Շատ երկրների փորձ ենք ուսումնասիրել, սակայն այդքան ծանր կշռող մարտական զենքով կատարվող վարժության ուրիշ ոչ մի բանակում չենք հանդիպել։ Այս ամենի համար մեզ մեծ և անուրանալի աջակցություն են ցուցաբերել զորամասի հրամանատար գնդապետ Կ. Մարգարյանը, նրա տեղակալները` ի դեմս պատվո պահակային վաշտի առաջին հրամանատար փոխգնդապետ Ա Հակոբյանի, ԶՈՒ ռազմանվագախմբային բաժնի պետ գնդապետ Ա. Պողոսյանի»,- մեզ հետ զրույցի վերջում ասաց մայոր Ս. Վարդանյանը։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ