Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՔ



Մարդու կարեվոր առաքինություններից մեկը պարտաճանաչությունն է։ Օրենքով սահմանված պարտականություններից բացի մարդն ունի նույնքան կարեվոր բարոյական պարտք, որը կատարում է խղճի թելադրանքով, որի համար պատասխանատու է սեփական խղճի առաջ։ Ի՞նչ բարոյական պարտք ունի անհատը՝ այս հարցով դիմեցինք ազգային բանակի տարբեր զորամասերում ծառայող մի խումբ զինվորների։

Հայրենասիրությունը նույնպես բարոյական պարտք է։ Ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չես կարդա, որ մարդը պարտավոր է սիրել հայրենիքը, բայց չես գտնի մի մարդ, որն իրեն հայրենասեր չհամարի ու չասի, որ հայրենիքը սիրելու առաքինությունը ամենակարեւորն է։ Սակայն բարոյական պարտք է առաջին հերթին հայրենիքը գործով սիրելու պատրաստակամությունը։ Յուրաքանչյուրս պիտի պատասխանի մի առանցքային հարցի՝ ի՞նչ է հասկանում հայրենիք ասելով, եւ ինչպե՞ս պետք է դրսեւորվի մարդու հայրենասիրությունը։ Իմ կարծիքով՝ հայրենասիրությունը հայրենիքին ու ժողովրդին ծառայելու, հանուն հայրենիքի ու ժողովրդի գործ անելու, հայրենիքի շենացման, ժողովրդի բարգավաճման գործին իր ավանդը տալու պատրաստակամությունն է։
Յուրաքանչյուր հայ պետք է ինքն իրեն հարց տա՝ ի՞նչ եմ ես արել հայրենիքի համար։ Եթե այս հարցը իրենք իրենց չտային մեր նախնիները, եթե չտքնեին մեզ գիտություն, արվեստ, գրականություն կտակելու համար, եթե չստեղծեին ազգային, մշակութային արժեքներ, չպահպանեին մեր հոգեւոր եւ նյութական ժառանգությունը, չպահպանեին մեր լեզուն, ո՞վ կլինեինք մենք այժմ։ Մեր նախնիները շատ ավելի ծանր պայմաններում, շատ ավելի մեծ զոհողությունների գնով են պահպանել ազգայինը եւ շենացրել հարազատ երկիրը։ Այսօր, երբ անհամեմատ բարվոք վիճակում ենք, երբ ունենք անկախ պետականություն, բոլորիս բարոյական պարտքն է, որ մեր հայրենասիրությունը գործ դարձնենք եւ մեր բաժինը ավելացնենք ազգային ժառանգությանն ու մի քիչ ավելի արդար, հզոր ու պաշտպանված հայրենիք կտակենք գալիք սերունդներին։
ԱՐԵԳ ՍԻՄՈՆՅԱՆ
ավ. սերժանտ

Իմ կարծիքով՝ բարոյական պարտքը շատ ավելի զորեղ ու կարեւոր պարտք է, քան օրենքով սահմանված պարտականությունները։ Անձամբ ես կարող եմ հանգամանքների բերումով շրջանցել կամ թերի կատարել այս կամ այն օրենքը, բայց բարոյական պարտքս շրջանցել չեմ կարող, որովհետեւ բարոյական պարտքս ամրագրված է խղճիս օրենքով, այսինքն՝ ինքս եմ այն սահմանել ինձ համար՝ որպես բարոյականության ու առաքինության չափանիշ։ Ես կխոսեմ իմ բարոյական պարտքերից մեկի մասին, եւ ասածս կվերաբերի նաեւ մյուս բարոյական պարտքերիս։ Ծնողին խնամելը բարոյական պարտք է։ Այն հասարակությունը, որտեղ ծերերը անտեսված են, որտեղ չկա սրտացավություն ու հոգատարություն անաշխատունակ, անպաշտպան մարդկանց հանդեպ, դատապարտված է հետընթացի, բարոյալքման ու կործանման։ Ծնողի հանդեպ բարոյական պարտքը ոչ մի օրենքով չի կարգավորվում։ Ոչ մի օրենք երեխային չի ստիպում խնամել իր ծնողին, ապահովել նյութապես, բայց զավակի բարոյական պարտքն է հոգալ ծնողների նյութական կարիքները, նրանց շրջապատել սիրով, ջերմությամբ, հարգանքով։ Նրանց խաղաղ ու արժանապատիվ ծերություն պարգեւել։ Նա, ով խուսափում է ծնողի հանդեպ բարոյական պարտքից, ոչ մի սրբություն չի կարող ունենալ։
ԳԱՐԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
շարքային

Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ բարոյական պարտքը մղեց հայ քաջորդիներին կազմել ազատագրական ջոկատներ, մեկնել Արցախ եւ պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Պաշտպանել կյանքի գնով։ Ինչ մեծ ուժ ունի բարոյական պարտքի զգացումը, որը մղում է ինքնազոհողության, որը ստիպում է այդքան մեծ գին վճարել հայրենիքի անկախության եւ ժողովրդի ազատության համար։ Այդ գինը բարոյական պարտքի թելադրանքով վճարել ենք հայ ժողովրդի ազատության համար։ Հայրենիքը պաշտպանելու բարոյական պարտք ունի յուրաքանչյուր անհատ։ Երբ հայրենիքին վտանգ է սպառնում, երբ անհրաժեշտ է կյանքի գնով փակել թշնամու ճանապարհը, յուրաքանչյուր հայ (եթե անհրաժեշտ լինի՝ նաեւ կանայք) պիտի զենքը ձեռքին պաշտպանեն ազգային սրբությունները։ Այսօր Ադրբեջանի ռեւանշիստական կոչերը ստիպում են մեզ համախմբվել ազգային գաղափարների շուրջ եւ ավելի մեծ պատասխանատվությամբ ստանձնել հայրենիքը պաշտպանելու բարոյական պարտքը։
ԲԵՆԻԱՄԻՆ ՕՀԱՆՅԱՆ
սերժանտ

Ամենամեծ բարոյական պարտքը հայրենիքը պաշտպանելու պարտքն է։ Շատերը կարող են չհամաձայնել, ասելով, որ հայրենիքը պաշտպանելու պարտքը բարոյական պարտք չէ, այլ քաղաքացու՝ օրենքով սահմանված պարտականություններից մեկն է։ Բայց ես կարծում եմ, որ հայրենիքը պաշտպանելու պարտքը օրենքով ամրագրված պարտականություն լինելուց բացի, նաեւ բարոյական պարտք է։ Եվ հենց այդ բարոյական պարտքի զգացումն է մարդուն ստիպում նվիրվել զինվորական ծառայությանը, հարստացնել զինվորական գործին վերաբերող գիտելիքները, հմտանալ, լավ տիրապետել զենքին եւ, կանգնելով սահմանի առաջնագծում, փակել թշնամու ճանապարհը։ Հայրենիքը պաշտպանելու պարտքը համարում եմ բարոյական պարտք, քանի որ վստահ եմ՝ եթե զինվորական ծառայությունը, հայրենիքի պաշտպանությունը լինեին կամավոր, շատ-շատ զինվորներ նույն բարեխղճությամբ կգային բանակ, զենք կառնեին ու կկանգնեին հայրենիքի սահմանին։ Ինձ քաղաքացիական պարտքը չի բերել բանակ, այլ բարոյական պարտքս։
Ես 8 տարեկանից ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստան եմ եկել սեփական նախաձեռնությամբ, հայկական բանակում ծառայելու որոշում եմ կայացրել կամավոր։ Որովհետեւ համոզված եմ, որ որպես հայ, իմ սրբազան պարտքն է պաշտպանել երկիրս, պաշտպանել իմ բաժին սահմանը, իմ տուրքը տալ հայրենիքի պաշտպանության պատվելի գործին։ Իմ համադասարանցին՝ հայ հոր եւ ռուս մոր զավակ Ալեքսեյը, որը ոչ մի բառ չգիտի հայերեն, շուտով կավարտի բուհը եւ նույնպես կգա Հայաստան եւ կծառայի հայկական բանակում։ Նրա հայրը վախճանվել է, երբ դեռ 5 տարեկան էր։ Ռուսական միջավայրում, ռուս ազգականների շրջապատում մեծացած տղան, որի ճանաչած միակ հայը ես եմ, զգացել է արյան կանչը, հայրենիքի կանչը եւ իր նախնիների հողը պաշտպանելու որոշում է կայացրել։ Ես այս ամենը պատմում եմ մեծ հպարտությամբ ու վստահ եմ, որ հայրենիքը պաշտպանելու պարտքը սրբազան է յուրաքանչյուր հայի համար։
ԳԱԳԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
շարքային

Հայրենասեր, բարոյական, գրագետ ու կիրթ սերունդ դաստիարակելը նույնպես բարոյական պարտք է։ Օրենքը չի պարտադրում ծնողին արժանավոր քաղաքացի ու լավ մարդ դաստիարակել, բայց ծնողի բարոյական պարտքն է զբաղվել իր երեխայի դաստիարակությամբ եւ հասարակությանը տալ այնպիսի անհատ, որը ինչ-որ դրական ներդրում կանի հասարակական կյանքում եւ ինչ-որ բան կփոխի իր շրջապատում դեպի լավը։ Երեխան վաղվա հասարակության անդամն է, ապագա Հայաստանի քաղաքացին՝ բժիշկը, զինվորը, նախագահը։ Ինչպիսի՞ն կլինի վաղվա Հայաստանը, Հայաստանի վաղվա հասարակությունը, որոշվում է այսօր, հայ ընտանիքներում, պայմանավորված է հայ ծնողի դաստիարակությամբ։ Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ երիտասարդ սերնդին ազգային դաստիարակություն տալը բարոյական պարտք է բոլոր նրանց համար, ովքեր առնչվում են այդ գործընթացին։
ԿԱՐԵՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ
շարքային

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (871) 16.02.2011 – 23.02. 2011, Բանակ և հասարակություն


24/02/2011