Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է «ԼՐՏԵՍՆԵՐԻ ԲՆԻ»



ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարյուրավոր նոր օպերատիվ աշխատակիցներ կգործուղի արտերկիր։ Նրանց գլխավոր խնդիրն է լինելու հետևել Աֆրիկայի իսլամիստներին, ինչպես նաև Իրանից և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից զենքի մատակարարումներին, Չինաստանի բանակի արդիականացմանը։ Որպես «ծածկ» մասամբ հանդես կգան դեսպանատները։ Եվ քանի որ հաստիքացուցակները սահմանափակ են, հարկ կլինի քողարկվել գործարարների և գիտնականների անվան տակ։

Պենտագոնը պլանավորում է արտասահմանում է՛լ ավելի ընդարձակել լրտեսական ցանցը, որը չափերով համեմատելի կլինի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) արտասահմանյան ցանցի հետ։

Վերջին տասնամյակում Պենտագոնի ռազմական հետախուզության գործակալությունը (DIA) կենտրոնացել էր Իրաքում, ինչպես նաև Աֆղանստանում պատերազմների սպասարկման վրա։ Նոր նախագիծն ուղղված է գործակալությունը լրտեսական այնպիսի ծառայության վերածելուն, որը կաշխատի ապագա սպառնալիքները կանխելու ուղղությամբ։

«Ընդ որում՝ ծառայությունը պետք է իր գործողությունները (օպերացիաները) սերտորեն համաձայնեցնի ԿՀՎ և զինվորական հատուկ նշանակության էլիտար ուժերի հետ»,- հայտնում է Washington Post-ը։

Երբ վերակազմավորումն ավարտվի, DIA-ն աշխարհում կունենա տեղեկատվություն հավաքող առնվազն 1600 մարդ։ Առայժմ նրանց քանակն արտահայտվում է եռանիշ թվով, հավանական է` 500 մարդ։ Նրանց թվում են ռազմական կցորդները և դեսպանատների աշխատակիցները, որոնք ունեն դիվանագիտական կարգավիճակ, որոնց օգնության կգա օպերատիվ աշխատակիցների նոր սերունդը։ Վերջինիս ուսուցանում է ԿՀՎ-ն, նրանք իրենց գործունեությունը պետք է համաձայնեցնեն ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարության հետ։

Օպերատիվ աշխատակիցների գերակա խնդիրների թվին են դասվում Աֆրիկայում զինված իսլամիստական խմբավորումների հայտնաբերումը, Հյուսիսային Կորեայի և Իրանի զենքի արտահանումները բացահայտելը, Չինաստանի զինված ուժերի արդիականացման վերաբերյալ նյութերի հավաքումը։

DIA-ի տնօրեն գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինն ասում է, որ գործակալությունը խոշոր մասշտաբով «անցնում է ազգային անվտանգության խնդիրների կատարմանը»։ Նրա խոսքով, փոփոխությունները կօգնեն ԱՄՆ-ին կանխատեսելու սպառնալիքներն ու խուսափելու տևական հակամարտություններին անմիջականորեն մասնակցելուց։ DIA-ի գաղտնի գործակալների թվի կտրուկ աճն արտացոլում է ռազմական ու հետախուզական կառույցների միաձուլման միտումը։ Այդ է վկայում այն փաստը, որ ԱՄՆ թշնամիներին ոչնչացնելու օպերացիաների զգալի մասն այժմ անցկացնում է ԿՀՎ-ն։ Միաժամանակ, Պենտագոնն աննախադեպ ներխուժում է հետախուզության ոլորտ։

Այս պլանը համապատասխանում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ռազմավարական նպատակներին՝ առավելությունը տալով լրտեսությանը և զորքերի գործողություններից առաջ իրականացվելիք գաղտնի գործողություններին։ Ընդ որում՝ DIA-ն և ԿՀՎ-ն ունեն տարբեր իրավասություններ։ Պենտագոնի լրտեսական գործակալությունը չի զբաղվում քաղաքական սաբոտաժով, զինյալներին զենք մատակարարելով և անօդաչու սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելով։

Հարյուրավոր նոր լրտեսների համար «տանիք» ապահովելն այնքան էլ հեշտ չէ։ ԱՄՆ-ի դեսպանատներում կան որոշակի թվով պաշտոններ, որոնք նախատեսված են օպերատիվ աշխատողների համար, որոնք ներկայանում են իբրև դիվանագետներ։ Սակայն այդ տեղերի մեծ մասը զբաղեցնում են ԿՀՎ աշխատակիցները։ Այդ իսկ պատճառով հարկ կլինի ներկայանալ որպես ձեռներեցներ և գիտնականներ։ DIA-ի օպերատիվ աշխատակիցները հիմնականում պետք է աշխատեն ԿՀՎ լիազոր ներկայացուցչության ղեկավարների համար։ Այս կամ այն երկիր մեկնելու կամ իրազեկիչ հավաքագրելու համար նրանք պետք է ստանան ներկայացուցչի թույլտվությունը։

Ինչպես երևում է ամերիկյան պաշտոնյաների արտահայտություններից, ԿՀՎ-ն ծանրաբեռնված է աշխատանքով։ Սպիտակ տունն ակնկալում է, որ ԿՀՎ-ն կշարունակի «Ալ-Քաիդա» խմբավորման անդամների ոչնչացումը՝ կիրառելով անօդաչու սարքերն առնվազն առաջիկա 10 տարիների ընթացքում։

DIA-ի ամբողջ հաստիքակազմն այժմ բաղկացած է շուրջ 16500 մարդուց։ Նոր խնդիրների կատարման համար գործունեության նախնական փուլում հատկացվել է 100 մլն դոլար։

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդի օրոք Պենտագոնն ու ԿՀՎ-ն հաճախ մրցակցում էին, թե հետախուզության ասպարեզում ով է գլխավոր դերակատարը։ Այժմ մրցակցությունը նվազել է։ ԿՀՎ-ն բավարարված է նրանով, որ ինքն իրավունք ունի խափանելու DIA-ի ցանկացած գործողություն, որը կհակասի գլխավոր լրտեսական գերատեսչության նպատակներին։ Եվ եթե ԿՀՎ-ի աշխատակիցներն ընդհանուր առմամբ լավ են պատրաստված, ապա DIA-ի ծառայողները ավելի քաջատեղյակ են ռազմական հարցերից։ Նրանք ավելի լավ գիտեն, օրինակ, թե ում կարող են հավաքագրել` չինական հինգերորդ սերնդի կործանիչների առանձնահատկությունները կամ ՉԺՀ-ում նոր ավիակրի աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ իմանալու համար։

www.vpk.name
Թարգմանեց ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Ռազմական


24/01/2013