Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ



Սկիզբը՝ նախորդ համարում

Վարժարաններ են ընդունվում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ` միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, ամուսնալուծված, սոցիալապես անապահով ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող ծնողների, խնամակալի հետ ապրող պատանիներ: Նրանցից ոմանք, ուղղակի լսելով ռազմամարզական վարժարանների մասին, գայթակղվում են` պատկերացում անգան չունենալով վարժարանի կարգ ու կանոնի և օրակարգի մասին: Ֆիլմերում միայն տեսած լինելով կայացած զինվորականների, որոնք փայլում են իրեն ուժով և ռազմական գիտելիքներով, տիրապետում են զենքին ու ռազմական տեխնիկային, կատարում են բարդ առաջադրանքներ` սակրավորի, հետախույզի, հրետանավորի, տանկիստի, խորապես չեն գիտակցում, որ այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է տքնաջան աշխատանք և կամային բարձր հատկանիշներ: Պատանիներից շատերը իրենց հետ վարժարաններ են բերում արատավոր սովորություններ` ծխելու, սուտ խոսելու, շողոքորթելու, գողանալու և այլն: Ընթացքում ի հայտ են գալիս վարքագծային շեղումներ ունեցող սաներ` դժվար դաստիարակվող, գերակտիվ և այլն:

Վերը նշված կարծրատիպային վերաբերմունքը ձևավորվում է հանրակրթական դպրոցում և համապատասխան մասնագետների աշխատանքի թերացման պատճառով, որի վերացման համար անասելի աշխատանք է պահանջվում ռազմամարզական վարժարաններում:

Նախնական զինվորական պատրաստության խնդրի վերաբերյալ կարելի է բազմաթիվ մեկնաբանություններ անել, սակայն, անդրադառնալով ՀՀ պաշտպանական բարեփոխումների շրջանակներում մշակված «ՀՀ ռազմակրթական հայեցակարգին», կտեսնենք, որ նախնական զինվորական պատրաստությանը կարևորագույն դերակատարում է վերապահված, ըստ որի՝ նախնական զինվորական պատրաստությունը ընդհանուր ռազմական պատրաստության բաղկացուցիչ մասն է, որը, համաձայն սահմանված չափորոշիչների, պետք է ապահովի այն նվազագույն զինվորական պատրաստության գիտելիքներն ու ունակությունները, որոնք հետագայում հիմք կհանդիսանան սպայական կադրերի պատրաստման ու զարգացման համար: Այդ հիմքում պետք է դրված լինեն ապագա զինծառայողի մտավոր, կրթական, մասնագիտական, ռազմավարական, ինքնուսուցման, բարոյահոգեբանական պատրաստության ցուցանիշները, դրանց ձեռք բերումն ու զարգացումը, նախնական զինվորական պատրաստության ուսումնական ծրագրի ուսումնասիրման ու յուրացման միջոցով:

Ըստ ռազմակրթական հայեցակարգի՝ նախնական զինվորական պատրաստությունը ինչ-որ առումով դուրս է գալիս առանձին հարթություն, քանի որ այն ձեռք է բերում ռազմավարական նշանակություն լայն իմաստով: Ուստի, նախնական զինվորական պատրաստության ճիշտ կազմակերպումն ու իրականացումն իր հերթին կարող է նպաստել զինված ուժերի սպայական կադրերի մարտունակության բսրձրացմանը և մասնագիտական պատրաստությանը: Ահա թե ինչը պետք է լինի նախնական զինվորական պատրաստության ղեկավարի գլխավոր ուղենիշը: Նախնական զինվորական պատրաստության համակարգի զարգացման կարևորագույն մասն է կազմում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որի բովանդակությունը նախեւառաջ պայմանավորված է հասարակության կենսամակարդակի բարձրացման դինամիկայով, հոգևոր, սոցիալ-քաղաքական և կենսական այլ ոլորտների ձեռքբերումներով, որոնք նպաստում են աճող սերնդի ձևավորմանը:

Հաշվի առնելով այս գործոնները, կարելի է առանձնացնել երկու հիմնական միմյանց հետ շաղկապված բաղկացուցիչներ`

1.Սոցիալ-մանկավարժական ուղղվածություն.

Այն իր մեջ ներառում է հիմնականում սոցիալական, պատմական, բարոյական, ռազմական և այլ պրոբլեմների հանդեպ հստակ դիրքորոշում և գործնական հատկանիշներ (հայրենասիրություն, օրենսդրության նկատմամբ հարգանք, պատասխանատվության զգացում և այլն):

2.Անձի յուրահատուկ գործունեություն.

Այստեղ կարևորվում է յուրաքանչյուր երիտասարդի հայրենիքին ծառայելու գործում իր դերակատարման հստակ գիտակցումը՝ Հայրենիքի պաշտպանին հատուկ որակների արժեւորմամբ. այն է՝ լինել հավատարիմ իր քաղաքացիական ու զինվորական պարտքին, լինել պատվախնդիր և համարձակ, տոկուն ու խիզախ: Որակներ, որոնք կազմում են ռազմահայրենասիրական դաստիարակության միջուկը:

♦♦♦

Որոշ անդրադարձ կատարենք նաեւ ՀՀ բուհական համակարգում ԳՊՄԻ միակ ռազմական ամբիոնի գործունեությանը, որտեղ պատրաստվում են բարձրագույն մանկավարժական կրթությամբ նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության ուսուցիչներ, որոնց շատ քիչ տոկոսն է աշխատանքի անցնում հանրակրթական դպրոցներում, քանզի մեծամասամբ իգական սեռի ներկայացուցիչներ են:

Ռազմական ամբիոնը իր գործունեության ընթացքում տվել է բազմաթիվ շրջանավարտներ, սակայն, ցավոք, նրանց ստացած կրթությունն իր նպատակին չի ծառայում, ուստի ամբիոնի գործունեության ընթացքը վերանայելու խնդիր է առաջանում:

Հարկ է շեշտել այն փաստը, որ յուրաքանչյուր տարի ՀՀ զինված ուժերից մեծ թվով սպաներ և ենթասպաներ են արձակվում պահեստազոր, և շատերը աշխատանք չեն գտնում: Ուստի, նպատակահարմար ենք համարում, որ ԳՊՄԻ-ի ռազմական ամբիոնի պետպատվերի համակարգում սովորող ուսանողների հետ մեկտեղ ամբիոնը իրականացնի նաեւ վերը նշված կազմի վերապատրաստման դասընթացներ՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով զորացրված սպաներին և ենթասպաներին վերապատրաստվել և փոխարինել տարեց ու ոչ մասնագետ ուսուցիչներին:

Այս ամենը մեզ հուշում է՝ ոլորտում արմատական վերափոխումների պահանջ է առաջացել, որից էլ բխում են հետեւյալ առաջարկները՝ հանրակրթական դպրոցներում բարեփոխել նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության առարկաների դասավանդման դրվածքը:

1. Եղած կադրերին վերապատրաստել, նորերին զինել գիտելիքներով:

2. Պետական պարտադիր ծրագրա-նորմատիվային պահանջներ մշակել:

3. Յուրաքանչյուր դպրոցում կիրառել աշակերտների ՆԶՊ և ֆիզիկական զարգացման ցուցանիշների հաշվառման անհատական թերթիկներ:

4. ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ պլանավորված կազմակերպել և անցկացնել նորմատիվների հանձնման հատուկ օրեր:

5. Քաղաքներում կազմակերպել փորձարարական դպրոցներ ՆԶՊ և ֆիզիկական դաստիարակության առարկաների դասավանդման գործընթացը արդյունավետ դարձնելու համար:

6. Գիտական, կրթական, առողջապահական ծրագրերի նպատակաուղղված ֆինանսավորում իրականացնել ՆԶՊ և ֆիզկուլտուրայի ուսումնանյութատեխնիկական բազայի զարգացման համար:

7. Մշակել ՆԶՊ և ֆիզկուլտուրայի ուսուցիչների աշխատանքը գնահատող չափորոշիչներ:

8. Հատուկ մասնագիտական թեստային վարժություններ մշակել:

9. Կատարել վիճակագրական տվյալների պարբերական վերլուծություն:

10. Ընդլայնել ռազմամարզական վարժարանային համալիրը հանրապետության բոլոր քաղաքներում, դրանով իսկ նպաստելով մրցակցությանը ու ՆԶՊ արդյունավետության բարձրացմանը:

11. Մշակել զինղեկների ուսումնազորային հավաքի անցկացման պլան-ժամանակացույց:

Ինչպես տեսնում ենք, առաջադրված խնդիրները արդյունավետ իրականացնելու դեպքում ՀՀ զինված ուժերի շարքերը կհամալրեն պատրաստված և բանիմաց զինծառայողներ, որոնք օժտված կլինեն պատասխանատու վերաբերմունքով և շրջապատի հանդեպ ճիշտ վարքագծով:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
փոխգնդապետ
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության բաժնի ավագ սպա

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Ռազմական


24/01/2013