Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՄԱՅՐԵՐ



«ՄԱՐԴԱՍԵՐՆԵՐԸ»

Հայ ընտանիքներին բռնությամբ տեղահանել էին ադրբեջանական տարբեր բնակավայրերից։ Կենտրոնական հեռուստատեսությամբ ադրբեջանցիների հարևանասիրությունն ու մարդասիրությունն էր գովերգում հայուհու անուն-ազգանունով մի կին, որն ամուսնացել էր ադրբեջանցու հետ։ Այսպես է պատմում ազատամարտիկը այդ կնոջ հետագա ճակատագրի մասին։

-Երբ անցնում էինք ազատագրված բնակավայրի փողոցներից մեկով, տներից մեկի նկուղից օգնության ձայներ լսեցինք։ Երբ դուռը բացեցինք, տղաներից մեկը տեղը բերեց հեռուստատեսությամբ ադրբեջանցիների եղբայրությունն ու մարդասիրությունը քարոզողին ու հարցրեց.

-Բա որտե՞ղ են էդ մարդասերները, ինչո՞ւ են քեզ փակել նկուղում։

Կինը գլխահակ պատմում էր ամուսնու, երեխաների անմարդկային վերաբերմունքի մասին։ Պատմում էր ու խոնավ աչքերը վեր բարձրացնելով՝ ներում հայցում։

ԱՐԵՎԻ ՈՒ ԱՆՎԱԽՃԱՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Առավոտը պարզ էր, կապույտ։ Երկնի մովում ճախրում էին աղավնիները՝ նման գեղեցիկ մի պատկերի։ Կապույտն անսահման էր, պատկերն՝ անջնջելի։ Որքան էլ փորձեիր այն խամրեցնել, ջնջել, չտեսնել, աղավնի ու կապույտի մի ծվեն կմնար քո հոգում՝ արթնացնելով գեղեցիկ մի երազ-պատկեր արևի ու անվախճան սիրո մասին։

Այդ առավոտ հողին էին հանձնում 18-ը նոր-նոր բոլորած մի զինվորի, որը նոր-նոր սիրահարվել էր, ու թվում էր, թե Սերն անվախճան է, կյանքը՝ հավերժ, իսկ առաջին սիրո վայելքն ու հմայքը՝ անկրկնելի ու հավերժական։

Այդ զինվորը Սերժիկ Մելսիկի Հակոբյանն էր։

Այդ առավոտ և հետագա շատ-շատ օրերի մի սևահեր աղջիկ էր լալիս։ Լալիս էր անզուսպ, ամբողջ մարմնով ցնցվելով։ Լալիս ու փնտրում էր երկնի կապույտում իր կորած, իր սպանված սերը…

ԱՆՄԵԿՆԵԼԻ Է…

Պատմում է Եվա Ասրիբաբայանը

1994 թվական, 26-ը հունվարի։ Վշտով ու արցունքով լցված օր` մուշկապատցիների համար։ Շատ ենք տառապել, արցունք թափել, հոգեցունց պահեր ապրել, սակայն այն, ինչ կատարվեց այդ օրը, դժվար է նկարագրել… Հետո պարզ դարձավ, որ այդ օրվա լուսաբացը սահմանային շատ ու շատ հատվածներում թշնամին անցել է հարձակման, որովհետև այդ օրը որոշված էր վերացնել-ջնջել Քարինտակ գյուղը, և այդ հարձակումը ղեկավարում էր անձամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհտիևը։ Եվ որպեսզի քարինտակցիները մնան առանց օգնության՝ տարբեր ճակատներում միաժամանակ էին հարձակման անցել։

Դեռ մութ էր չորս կողմը, դեռ հորիզոնը չէր շառագունել, երբ սկսվեց դարանակալ թշնամիների կրակոցների տարափը գյուղի տղաների կողմից պաշտպանվող դիրքերի վրա։ (Գիշերը նրանք գաղտագողի մոտեցել և նոր դիրքեր էին գրավել մեր դիրքերի մոտ)։ Հետո թաց խրամատներում սկիզբ առավ կենաց ու մահու պայքար։ Մի քանի ժամ տևած համառ մարտերից հետո վերջապես ետ շպրտվեց անարգ թշնամին։ Խրամատներից դուրս թափված էին ջախջախված թշնամու վերջին մնացորդները, թվում է՝ ամեն ինչ ետևում է մնացել։ Արևը դուրս էր եկել և իր ամենօրյա ընթացքով բարձրանում էր զենիթ։ Ժպտում էր աշխարհին, մարդկանց, ժպտում էր գյուղացիներին, մեր գյուղը պաշտպանող տղաներին, որոնք աներևակայելի հերոսություն էին ցուցաբերել, հաղթել թշնամուն ու թվում էր՝ պետք է ցնծությամբ նշեն հաղթանակը… Բայց, ավա՜ղ, հաղթանակը հենց այնպես չէր տրվել. այս անգամ էլ երեք կորուստ ունեցանք, միանգամից հանգան երեք տան ճրագներ։ Զոհվեցին Յուրի Ասրիբաբայանը, Երեմ և Սերյոժա Պետրոսյան եղբայրները՝ իրենց արյունը խառնելով ճերմակ ձյունին։

Թեժ մարտից հետո փոքր-ինչ խաղաղվել էր Կուրապատկինոյի տափաստանը, տղաները պառկած էին թաց խրամատներում։ Հաղթանակի հպարտությունը, կորստի հոգեմաշ կսկիծը խմորվել էր նրանց դեմքին։ Խաբուսիկ լռությունը հանկարծ խախտեց չարաբաստիկ արկի սուլոցը… Գյուղն արդեն գիտեր իր զոհված երեք որդիների անունները, գյուղը քարացել էր, գյուղը ողբում էր։ Մխիթարում էին զոհվածների հարազատներին, մայրերին, կանանց։ Մխիթարողների մեջ էր նաև Արժելա մայրիկը, ում որդին՝ Գենադին, դիրքերում էր, տղաների հետ։ Փորձում էր խոսք ասել՝ լեզուն չէր բացվում, ուզում էր գոտեպնդող մի բառ գտնել, սակայն զգում էր, որ դրա կարիքը ինքը ևս ունի…։ Ամբողջ օրն անցկացրել էր անհանգստությունից ու սարսափից կուչ եկած։ Լսել էր բոթը՝ թշնամին հարձակվել է այն դիրքերի վրա, որտեղ իր Գենադին էր կռվում։ Երբ երեք տղաների զոհվելու գույժը հասավ գյուղ, կորստի ցավից կծկվեց նրա հոգին, բայց և փոքր-ինչ շունչ առավ. իր Գենադին զոհվածների մեջ չէր։ Սակայն սիրտն էլի անհանգիստ էր, չէր խաղաղվում։ Երեկոյան հենց այն ժամին, երբ դիրքերում լռությունը հօդս ցնդեց, չարաբաստիկ արկի պայթյունը իր հետ տարավ ևս մի ջահել կյանք՝ Գենադի Հովհաննիսյանին… Հենց այդ պայթյունի հետ Արժելա մայրիկի մոտ մի դող սկսվեց, անհասկանալի, առանց պատճառի… Ու երբ գույժը գյուղ հասավ, մարդիկ հասկացան անհասկանալին ու անմեկնելին, ինչի բացատրությունը կարող է տալ միայն որդուն կորցրած մայրն իր մայրական բնազդով…

Այդ օրից հետո ամեն անգամ, երբ խոսվում էր որդու մասին, Արժելա մայրիկի մոտ սկսվում էր դողէրոցքի նույն նոպան։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


24/01/2013