ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԵՊՔԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ զինված ուժերում նախորդ տարի արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա նշեց, որ 2012թ. արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով 29 հանցագործություն, որից 9-ը` հակառակորդի արձակած գնդակից: «Զինված ուժերում հանցագործությունների նվազումը ոչ միայն դրանց կանխարգելման, այլև ռիսկերի նվազեցմանն ուղղված մեր գործողությունների արդյունք է»,- նշեց Կոստանյանը:
Նրա փոխանցմամբ` զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 26.7 տոկոսով, հատուկ ծառայություների կրման կարգի դեմ հանցագործությունները նվազել են 24.1 տոկոսով: Բոլոր խմբի զինվորական հանցագործությունների առումով արձանագրվել է կտրուկ նվազում:
2012-ին իրականացված միջոցառումների շարքում, ի թիվս այլ միջոցառումների, Կոստանյանն առանձնացրեց դեռեւս 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբերից ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ զինվորական դատախազի նախաձեռնած ՀՀ ԶՈՒ Կարգապահական կանոնագրքի եւ ՀՀ Քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում փոփոխություններ կատարելու գործընթացը: ՀՀ զինդատախազը վստահեցրեց, որ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության եւ այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ 2013-ին եւս շարունակելու է հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող գործընթացը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Խորագիր՝ #03 (970) 24.01.2013 – 30.01.2013, Սոցիալ-իրավական