Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՈԶԵՐԻ ՎՐԱ



«Փորձաճագարները», ինչպես հայտնի է, հանդիպում են ոչ միայն գիտական լաբորատորիաներում, այլ նաև ռազմական արդյունաբերությունում. ճագարներն օգտագործվում են նոր զինատեսակներ, ռազմական տեխնիկա, պայթուցիկ նյութեր և թունաքիմիկատներ փորձարկելիս։ Դա առանձնապես գաղտնիք չէ. մի շարք երկրներում վրդովված բնապահպան ակտիվիստները նախկինում էլ աղմուկ էին բարձրացնում նման առիթներով։ Սակայն փաստը, որ նման բան կիրառվում է նաև Ռուսաստանում, ՌԴ պաշտպանության նախարարության աշխատակիցները նախկինում չէին բարձրաձայնում։

Վերջերս հայտնի դարձավ, որ ավտոմոբիլային զրահատեխնիկայի պայթեցման փորձարկումների ժամանակ ռուս ինժեներներն օգտագործում են խոզերին։

«Դրանում, մասնավորապես, կարելի էր համոզվել մերձմոսկովյան Բրոննիցայում վերջերս կայացած «XXI դարի բազմակի նշանակության ավտոմոբիլի տեխնիկական նկարագիրը» խորհրդակցության ընթացքում»,- «Ինտերֆաքսին» հաղորդել է պաշտպանա-արդյունաբերական համալիրի աղբյուրը։ Ըստ նրա՝ զինված ուժերի նոր ավտոմոբիլների փորձարկման մասին ցուցադրական ֆիլմում կարելի է տեսնել, թե ինչպես հատուկ արտահագուստով մարդիկ խոզերին գոտիներով կապկպում են դեսանտի տեղափոխման խցիկում գտնվող թիկնաթոռին։

Այնուհետև, ցուցադրվում են կադրեր մի քանի կիլոգրամ տրոտիլին համարժեք հզորությամբ պայթուցիկ սարքի պայթեցումից հետո վնասված ավտոմոբիլի տեսարանով։

«Փորձախոզի ճակատագրի մասին տեղեկություն ֆիլմում չկար»,- ավելացնում է գործակալության աղբյուրը։

Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին իր հերթին նշում է, որ զրահատեխնիկայի փորձարկումների ժամանակ կենդանիների օգտագործումը կիրառվում է համաշխարհային պրակտիկայում. «Զրահատեխնիկայի փորձարկվող նմուշներում տեղավորված ճագարների վրա, որպես կանոն, ստուգում են թունաքիմիկատների ազդեցությունը։ Խոզերին, որոնց ոսկրային կազմությունն ու մկանային հյուսվածքները նման են մարդուն, օգտագործում են զրահատեխնիկայի փորձարկման ժամանակ հրազենից խոցելու և ականներից պաշտպանելու համար։ Ընդ որում՝ կենդանիները, բնականաբար, կարող են ստանալ բեկորային, հրազենային կամ պայթուցիկ վնասվածքներ»։

2009 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մեծ աղմուկ, երբ պարզ դարձավ, որ զրահաբաճկոնների փորձարկման ժամանակ զինվորականները խոզեր են սպանել։ Այն ժամանակ Պենտագոնն արդարացավ` հայտարարելով. «Եթե հետագայում դա կօգնի փրկելու զինվորների կյանքը, պետք չէ խնայել կենդանիներին»։ Նույն «մեղքի» մեջ վերջերս բռնվեցին նաև Նորին Մեծության զինծառայողները. բրիտանացի ակտիվիստները, որոնք հանդես են գալիս կենդանիներին որպես փորձանմուշ օգտագործելու դեմ, պարզեցին, որ միայն մեկ գաղտնի ռազմակայանում 2011-2012թթ. բրիտանական զինվորականները կոտորել են 28 խոզեր. դրանց գրեթե կեսը սպանվել է փորձարկումների ժամանակ, կենդանի մնացածներին սպանել ու մասնատել են։

Ռազմական փորձագետները նշում են նաև, որ տվյալ դեպքում դաժանությունն արդարացված է. զոհաբերելով կենդանիներ, կոնստրուկտորները անհրաժեշտ տեղեկություններ են ստանում ստեղծվելիք զինատեսակի և տեխնիկայի վերաբերյալ, ինչի շնորհիվ էլ հետագայում մարդկային կյանքեր կփրկվեն։

www.vpk.name
Թարգմանեց ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Ռազմական


31/01/2013