«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Առաջին տեղում է գնդապետ Գ. Սահակյանի զորամասը
ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն` 2012 թվականին ՀՀ ԶՈՒ-ում առաջին անգամ անցկացվեց «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման լավագույն զորամաս» մրցույթը: Մրցույթի նպատակն է` ա) զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության ապահովման առումով լավագույն զորամասի ճանաչումը, բ) առօրյա գործունեության մեջ ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների իրագործման պայմանների ձևավորումը, զինվորական ծառայության անվտանգության ապահովման նորմատիվ իրավական ակտերի ու ղեկավար փաստաթղթերի պահանջների կատարումը:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով. 1) ուսումնական տարվա ավարտից հետո` դեկտեմբերի 15-ից 20-ը, ՊՆ կենտրոնական ենթակայության զորամասերի, ինչպես նաև ԲԿ-ների ենթակա զորամասերի միջև, 2) դեկտեմբերի 20-ից 25-ը ՊՆ կենտրոնական ենթակայության և ԲԿ-ների լավագույն զորամասերի միջև:
Մրցույթի ընդհանուր ղեկավարումն իրականացրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչությունը, իսկ մրցույթի անցկացման անմիջական աշխատանքներն իրականացրել են զինվորական ծառայության անվտանգության ապահովման մշտական հանձնաժողովներն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության ԶԾԱԱ բաժինը:
Մրցութային հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հ.Բաղմանյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ և ԱՀՏԱ վարչությունների սպաները:
Մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են: ԶԾԱ ապահովման ուղղությամբ զորամասերի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվել համազորային կանոնադրությունների ու ղեկավար փաստաթղթերի, մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2009թ. նոյեմբերի 10-ի N1253, 2011թ. նոյեմբերի 23-ի N1407 հրամանների պահանջների խստորեն կատարումը, զինծառայողների կյանքի ու առողջության պահպանման գործում ունեցած հաջողությունները, ինչպես նաև արձանագրված թերությունների, բացթողումների վերացման աշխատանքների օպերատիվությունն ու արդյունավետությունը:
2012թ. ԶՈՒ զորամասերում զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև մահվան ու աշխատունակության կորստով մարմնական վնասվածքների թվաքանակի նվազման գործում լավ արդյունքներ են գրանցել թվով 12 զորամասերի ԶԾԱ մշտական հանձնաժողովներ:
Մրցույթի արդյունքներով՝ լավագույն զորամասեր են ճանաչվել գնդապետ Գ. Սահակյանի (առաջին տեղ), գնդապետ Ա. Բաղդասարյանի (երկրորդ տեղ) և գնդապետ Վ. Ասատրյանի (երրորդ տեղ) հրամանատարությամբ գործող զորամասերը:
Մրցույթին մասնակցած զորամասերի ցուցանիշների ամփոփիչ արդյունքների համաձայն՝ պատվոգրերով և արժեքավոր նվերներով են խրախուսվել զինվորական ծառայության անվտանգ պայմանների ստեղծման ու ապահովման գործում առաջընթաց ցուցաբերած պաշտոնատար անձինք, զորամասերի հրամանատարներն ու ԶԾԱ մշտական հանձնաժողովների նախագահները:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ