Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽ. ԳԱՐՈՒՆԸ ՁՄՌԱՆ ՄԵՋ



Հունվարի վերջին Արցախում գարնանային եղանակ է։ Մարդիկ վար ու ցանք են անում, ջրում, էտում են այգիները։ Անմշակ վարելահողեր գրեթե չկան, և հիմնականում նախապատվությունը տրվում է հացահատիկային կուլտուրաներին։ Ակնհայտորեն գյուղատնտեսությունն Արցախում վերելք է ապրում, ընդլայնվում է ոռոգման ցանցը, հիմնվում են խաղողի, նռան նորանոր այգիներ, գործում են վերամշակող ձեռնարկությունները։ Տնտեսության զարգացումը, տարեցտարի բարելավվող կյանքն ամրապնդում է արցախցու հավատը ապագայի նկատմամբ, բազմապատկում արյամբ սրբագործված հողը պաշտպանելու ուժն ու վճռականությունը։

♦♦♦

2012թ. ուսումնական տարին ազգային բանակի համար նշանավորվեց որպես նոր ձեռքբերումների ու հաջողությունների ժամանակաշրջան։ Բանակային ստորաբաժանումներից համեմատաբար ավելի բարձր արդյունքներ ունեցան Արցախի պաշտպանության բանակի զորամասերն ու ստորաբաժանումները։ Առաջադրված բարդ խնդիրները երկրորդ տարին անընդմեջ լավագույնս է կատարում գնդապետ Արտակ Բուդաղյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասը։ Մեկնելով պաշտպանական շրջան՝ ծրագրել էինք հանդիպել զորամասի հրամանատարին, սահմանի պահպանության պատասխանատուներին, զինվորներին, սակայն գնդապետ Ա. Բուդաղյանին չհաջողվեց հանդիպել, որովհետև նա հրավիրվել էր պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մոտ՝ պարգևատրման, իսկ դրանից հետո ստանձնելու էր մեկ այլ զորամասի հրամանատարությունը։ Եվ ստացվեց այնպես, որ հիմնական «մեղավորի» բացակայությամբ ձեռքբերումները (նաև ընդօրինակման համար) ներկայացրեց շտաբի պետ, փոխգնդապետ Գեղամ Գաբրիելյանը։

-Այո՛, մեր զորամասն ինչպես 2011-ին, այնպես էլ 2012-ին մարտական հերթապահությունը կատարել է հավուր պատշաճի, չի ունեցել ոչ մի զոհ և ճանաչվել է լավագույնը պաշտպանության բանակում։ Ավելին՝ 2012թ. արդյունքներով, մենք առաջ ենք անցել նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից,- ասաց փոխգնդապետ Գ. Գաբրիելյանը և շարունակեց։ -Հաջողությունը գալիս է անձամբ հրամանատարից՝ գնդապետ Ա. Բուդաղյանից, նրա ղեկավարման մեթոդներից, խնդիրները բացահայտելու, դրանց լուծումը գտնելու արդյունավետ ձևերից։ Անկեղծորեն կարող եմ ասել, որ նրան հաջողվել է համախմբել և ճիշտ ուղղությամբ առաջնորդել մեր մեծ անձնակազմը։ Հրամանատարի տեղակալներն ունեն իրենց կանոնակարգված պարտականությունները, աշխատանքի ուղղությունները, բայց ծառայության մեջ մենք փոխլրացնում ենք իրար, մեկս մյուսին թիկունք կանգնում, գործում ենք համախմբված։ Աշխատանքի այս մեթոդն ընդօրինակվում է միջին ու կրտսեր օղակների հրամանատարական կազմերի, զինվորների կողմից։ Հաջողության հասնելու հաջորդ նախադրյալը, իմ խորին համոզմամբ, ծառայության գնահատման մեջ է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեկ տույժի դիմաց կիրառել ենք տասը խրախուսանք։ Երբ զինվորը, ինչու չէ, նաև սպան, տեսնում են, որ լավ արարքի համար իրենց զինակից ընկերը խրախուսվել է, իրենք էլ են ձգտում նրանից հետ չմնալ։ Սրան զուգահեռ, ինչ խոսք, առկա են անհանդուրժողական վերաբերմունքը, խիստ քննադատությունը վատ արարքների նկատմամբ։ Մեզ մոտ շատ է կարևորվում կրտսեր հրամանատարների՝ սերժանտների աշխատանքը։ Ճիշտ է՝ հենակետում սպաներ միշտ կան, բայց սերժանտների դերը չափազանց մեծ է։ Եվ յուրաքանչյուր հերթափոխից հետո, հրամանատարի ղեկավարությամբ, դիրքերի ավագների մասնակցությամբ տեղի է ունենում մարտական հերթապահության քննարկում, վերլուծություն։ Բնականաբար, անդրադարձ է կատարվում ինչպես նկատված թերություններին, այնպես էլ դրական միտումներին։ Մենք օգնում ենք սերժանտներին, որպեսզի իրենք իրենց ջոկերը լավ ղեկավարեն, որ հրահանգավորման պահանջները խստորեն պահպանեն, որպեսզի բացառվեն ինքնագործունեության դեպքերը, զինվորները հասկանան, որ յուրաքանչյուր սխալ կարող է պատժվել հակառակորդի կողմից։ Առաջնագիծը մեր մշտական ուշադրության կենտրոնում է։ Պատասխանատուները մշտապես վերահսկում են իրավիճակը։ Ամեն օր, բացառիկ դեպքերում՝ երկու օրը մեկ, հրամանատարն անձամբ է անցնում բոլոր հենակետերով։ Հնարավոր է, որ նա անուն-ազգանունով չիմանա զինվորին, բայց շատ լավ գիտի, թե ով որ դիրքի զինվորն է։ Միաժամանակ, նա դիրքում, հենակետում երբեք զինվորին դիտողություն չի անում, ինչպիսի կոպիտ խախտում էլ զինվորը թույլ տված լինի, հրամանատարն իր վերաբերմունքով չի ազդում հերթապահություն կատարող զինվորի տրամադրության վրա։ Հարցը քննարկվում է հերթափոխից հետո՝ կրտսեր հրամանատարների խորհրդակցության ժամանակ։ Քանի որ մարտական հենակետերում ավելացրել ենք զինվորների թիվը, այժմ հերթապահություն կատարող անձնակազմը հանգստանալու ավելի շատ ժամանակ ունի, ինչի շնորհիվ բարձրացել է մարտական հերթապահության որակը։

Անդրադառնալով մարտական պատրաստության խնդիրներին՝ փոխգնդապետ Գ. Գաբրիելյանն ասաց.

-2012թ. հունիս-հուլիս ամիսներին զորամասը ենթարկվել է համալիր ստուգումների։ «Լավ» գնահատականներ ենք ստացել մասնագիտական, մարտավարասմասնագիտական, կրակային և ֆիզիկական պատրաստությունից։ Ընդհանուր գնահատականը եղել է «բավարար»։ Ուսումնական տարվա ընթացքում զորամասը նաև ենթարկվել է հանկարծակի ստուգման բանակի տարբեր հանձնաժողովների կողմից։ Տարվա ընթացքում յուրաքանչյուր գումարտակ պարտադիր անցկացնում է մեկ զորավարժություն։ Նախապատրաստական գումարտակը՝ երկու զորավարժություն։ Յուրաքանչյուր վաշտ յուրաքանչյուր ուսումնական փուլում անցկացնում է մեկ զորավարժություն։ Զորավարժությունների 30 տոկոսն անցկացվում է մարտական հրաձգությամբ։ Հոկտեմբերին անցկացված համաբանակային հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության ժամանակ զորամասը տագնապով հանպատրաստից դուրս եկավ մշտական տեղակայման վայրից և ռազմերթով զբաղեցրեց հրամանատարական կետերն ու նախորոշման շրջանները, որտեղ էլ կատարվեցին առաջադրված մարտական խնդիրները։ Այդ ընթացքում փոխգնդապետ Սևակ Սարգսյանի գումարտակը տեղափոխվեց զորավարժարան և անցկացրեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։ Տարեվերջին նաև ինքներս ենք մեզ ստուգել։ Բարձր գնահատականներ են ստացել համարյա բոլոր ստորաբաժանումները: Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Հարություն Մելիքյանը պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» մեդալով։ Զորամասի հրամանատարից բացի, պարգևների են արժանացել փոխգնդապետներ Կարեն Հայրապետյանը և Սևակ Սարգսյանը։ Այժմ նախապատրաստվում ենք նոր ուսումնական տարվան։ Անցկացնում ենք հավաքներ, ճշտում ենք ծրագրերը, թարմացնում համառոտագրերը։ Որպես մարտական հերթապահություն իրականացնող զորամաս՝ մենք հիմնական շեշտը դնում ենք կրակային, մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության վրա։ Գիտենք՝ մենք իրավունք չունենք բավարարվել ձեռքբերածով։ Ընդհակառակը, պետք է ավելի շատ աշխատենք, է՛լ ավելի բարձրացնենք զորամասի մարտունակությունը, որպեսզի իրականացնենք լիարժեք մարտական հերթապահություն և պատրաստ լինենք դիմագրավելու բոլոր հնարավոր սպառնալիքները։

ԱՌԱՋՆԱԳԾԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Զորամասի հրամանատարի տեղակալներից առաջնագծի պատասխանատուն փոխգնդապետ Երվանդ Գալստյանն է։ Այսինքն՝ ընդհանուր հաջողության մեջ մեծ է նաև նրա վաստակը։

Առաջնագծի հրամանատարական կետում առաջադրանքների կատարման շուրջ զրուցեցինք փոխգնդապետի հետ։

-Մեր պաշտպանական շրջանում մարտական հերթապահությունն իրականացվում է ինչպես պայմանագրային, այնպես էլ ժամկետային ծառայության զինվորների ուժերով։

Աշխատում ենք ամբողջ օրը, գիշեր ու ցերեկ, որպեսզի առաջադրանքները կատարենք ամբողջությամբ, առանց թերությունների։ Ինչպես գիտեք, յուրաքանչյուր գումարտակ հերթապահության է դուրս գալիս որոշակի նախապատրաստությունից հետո։

Անցկացվում են մասնագիտական պարապմունքներ մարտական հերթապահության ուսումնական ավանում, որից հետո տեղի են ունենում շարային ստուգատես, հրահանգավորում։

Դիրքեր մեկնողներին օրհնում է զորամասի հոգևոր սպասավորը, այնուհետեւ զորամասի զոհված զինծառայողների հիշատակին տեղադրված խաչքարի մոտ զինվորները երդվում են ու մեկնում առաջնագիծ։ Հերթապահությունն ստանձնելուց հետո դասակի, վաշտի հրամանատարներն անցկացնում են պարապմունքներ համաձայն մարտական հենակետում գործող մարտական հաշվարկների։ Անվտանգության կանոնների պահպանումն առաջնագծում ամենակարևորն է։ Ոչ ոք չպետք է թերագնահատի հրահանգավորման ընթացքում ներկայացված պահանջները, ոչ ոք իրավունք չունի անտեսելու դիրքի ավագի պահանջները։ Այս ամենի շնորհիվ մեզ հաջողվում է ծառայությունը ճիշտ կազմակերպել, տիրապետել իրավիճակին։ Առաջնագծում մենք բացառում ենք տնավարի հարաբերությունները, ինքնագործունեությունը, որովհետև հակառակորդը նենգ է և անընդհատ սադրիչ գործողությունների է դիմում։ Պահանջում ենք, որ նրանք լինեն խոհեմ, յուրաքանչյուր քայլ համաձայնեցնեն վերադաս հրամանատարության հետ։ Միաժամանակ, ուզում եմ նշել, որ զինվորը մենակ չէ։ Մենք նրանց հետ ենք, վերահսկում ենք, օգնում, ոգևորում…

Մենք նաև շատ լավ ենք հասկանում, որ պահանջելուց առաջ զինվորին պետք է ապահովենք այն ամենով, ինչն անհրաժեշտ է։ Որակյալ, ապահով արտահագուստից բացի, պետք է տանք նաև լավ սնունդ, սարքին զենք ու բավարար զինամթերք, ինժեներական առումով մշտապես բարելավենք ու ավելի ապահով դարձնենք զինվորի ծառայական առօրյան։

Որպես առաջնագծի պատասխանատու, կարող եմ ասել՝ բոլոր գումարտակներն էլ առաջադրանքները լավ են կատարում։ Դիրքերն ստուգում ենք գիշեր ու ցերեկ։ Ունենք օպերատիվ խմբեր, որոնք շատ արագ արձագանքում են յուրաքանչյուր միջադեպի։ Ամենակարևորն այն է, որ շատ բարձր է ինչպես սպաների, այնպես էլ զինվորների բարոյահոգեբանական վիճակը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի

Հ.Գ.- Զորամասի մարտական հերթապահության մասին պատմող նյութը կներկայացնենք հաջորդ համարում։

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/01/2013