Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ԱՌՈՂՋ ՊԱՀԵԼ ԱՏԱՄՆԵՐԸ



2013թ. հունվարի 17-ին ՀՀ ՊՆ ենթակայության զորամասի բուժկետի բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Ավագի Հովհաննիսյանի և զորամասի հրամանատարական կազմի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների և սպայական կազմի հետ: Միջոցառման գործընկերներն էին «Սպիտակ ամրոց» ստոմատոլոգիական բժշկական կլինիկան և Հայաստանում գերմանական Lacalut ապրանքատեսակի պաշտոնական ներկայացուցիչ Անտվերպեն ընկերությունը:

Միջոցառման վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին նվերներ` Lacalut ապրանքատեսակի ատամնամածուկ և ատամնախոզանակ:

Հանդիպման ժամանակ քննարկվեց աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկի` ատամի կարիեսի և նրա բարդությունների առաջացման պատճառներն ու դրանց կանխարգելումը: Ներկայացված տեսաֆիլմի, անիմացիոն հոլովակների և փորձառու մասնագետի շնորհիվ ներկաները հստակ պատկերացում կազմեցին արծարծվող թեմայի մասին, միջոցառման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում բժիշկը պատասխանեց զինծառայողներին հուզող հարցերին, տրվեցին գործնական խորհուրդներ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Հովհաննես Հովհաննիսյանն իր գոհունակությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ասաց, որ ինքը միշտ պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին:

«Հայ զինվոր» թերթի ընթերցողներին ենք ներկայացնում զինծառայողներին հետաքրքրող հարցերն ու տրված պատասխանները` հուսալով, որ դրանք օգտակար կլինեն շատերի համար:

ԻՆՉՊԵՍ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԿԱՐԻԵՍԸ

Ատամի կարիեսի առաջացման հիմնական պատճառներն են`

Ատամնափառ:

Դեմինեռալիզացված, այսինքն` զգայուն էմալ:

Ատամնափառի պատճառով կարիեսի առաջացման պայմանները վերացնելու համար անհրաժեշտ է բերանի խոռոչի բարձրակարգ հիգիենիկ միջոցառումներ իրականացնել:

Այդ հիգիենիկ միջամտությունները լինում են 2 տեսակ`

Անհատական (տնային):

Մասնագիտացված (պրոֆեսիոնալ):

Անհատական (տնային) հիգիենիկ միջամտությունները իրականացնում է անհատը, օրը 2 անգամ` առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան անմիջապես քնելուց առաջ: Ատամները պետք է մաքրել մոտավորապես 3-3.5 րոպե:

Մասնագիտացված (պրոֆեսիոնալ) հիգիենիկ միջամտությունները իրականացնում է բժիշկ ստոմատոլոգը կամ հիգիենիստը` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ: Մասնագիտացված հատուկ միջոցներով մաքրվում են ատամների այն մասերը, որոնք տնային պայմաններում հնարավոր չի եղել մաքրել:

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՄԱՔՐԵԼ ԱՏԱՄՆԵՐԸ

Ատամների ճիշտ խոզանակումը`

10-ական վեր-վար շարժումներով մաքրում ենք առջեւի ատամների ճակատային եւ բերանային հետին մակերեսները:

10-ական առաջ-հետ շարժումներով մաքրում ենք ծամիչ ատամների թշային, ծամիչ եւ բերանային մակերեսները:

Վերջում խոզանակում ենք լեզուն` լեզվի հիմից դեպի ծայրը:

ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԸ

♦ Ատամնախոզանակներ,

♦ Ատամնամածուկներ,

♦ Ատամնաթելեր,

♦ Միջատամնային խոզանակներ,

♦ Խոզանակներ լեզվի համար,

♦ Բերանի խոռոչի ողողման լուծույթներ,

♦ Միջատամնային խթանիչներ,

♦ Մաստակներ,

Բացի ատամնամածուկից և ատամնախոզանակից, շատ կարևոր է նաև հիգիենայի լրացուցիչ միջոցների օգտագործումը` հատկապես ատամնաթելերը:

Ատամնաթելի ճիշտ օգտագործման դեպքում՝

♦ լավանում է բերանի խոռոչի հիգիենիկ վիճակը,

♦ պակասում են պարոդոնտի հյուսվածքների բորբոքային երևույթները,

♦ նվազում է միջատամնային տարածություններում կարիեսի առաջացումը, որը մշտական ատամների մոտ 70-80% դեպքերում հենց միջատամնային տարածություններից է առաջանում: Ատամնաթելը վաճառվում է ցանկացած դեղատանը, և յուրաքանչյուրը այն կարող է ձեռք բերել: Ատամնաթելի օգտագործման կանոնների մասին յուրաքանչյուր անհատ պետք է տեղեկանա իր ատամնաբույժից:

Նշեմ նաև, որ կարիեսի կանխարգելման համար բերանի խոռոչում չպետք է լինի որևէ կարիոզ ատամ, այսինքն՝ ոչ մի սևացած ատամ, քանի որ կարիեսը վարակիչ հիվանդություն է, և մյուս բոլոր ատամները ևս կարող են ախտահարվել, ինչքան էլ մանրակրկիտ պահպանեք հիգիենիկ կանոնները: Ամենափոքրիկ կետիկի համար ժամանակին դիմեք ստոմատոլոգին և բուժեք այն:

Այսպիսով, կարիեսի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը տնային բարձրակարգ հիգիենայի պահպանումն է` հիմնականում ատամնախոզանակի, ատամնամածուկի, ատամնաթելի օգնությամբ և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ստոմատոլոգի մոտ հաճախելը՝ ատամների զննման և մասնագիտացված հիգիենայի համար, որի ժամանակ անհրաժեշտության դեպքում իրականացվում է ատամի էմալի սնուցում հատուկ գելերի միջոցով:

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լեյտենանտ,
«Սպիտակ ամրոց» ստոմատոլոգիական բժշկական կլինիկայի հիմնադիր, զորամասի բուժկետի բժիշկ-ստոմատոլոգ

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Ռազմական


07/02/2013