Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՏՆԵՐՍ ԽԱՂԱՂ Է



Ժամանակին ծագած դժվարությունների պատճառով շատ հայեր հեռացան Հայաստանից։ Աղջիկս էլ ամուսնու և երկու փոքր որդիների՝ Գոռի և Արտյոմի հետ հայտնվեց Մոսկվայում։ Թոռներս մեծացան օտար հողում, բայց երբ հասան զորակոչվելու տարիքին, առանց մի վայրկյան իսկ երկմտելու եկան Հայաստան՝ հայոց ազգային բանակում ծառայելու։

Հունվարի 12-ին ուղևորվեցինք Տավուշ աշխարհում տեղակայված զորամաս՝ թոռներիս զինվորական երդման արարողությանը մասնակցելու։ Ամբողջ ճանապարհին առատ ձյուն էր գալիս, ցուրտ էր։ Սակայն Տավուշը մեզ դիմավորեց արևի մեջ կորած, տաք։ Կարծես մի ուրիշ աշխարհ լիներ։

Մեր սիրտն ու հոգիներն է՛լ ավելի ջերմացան, երբ տեսանք մեր զինվորներին, կարոտներս առանք։ Թոռներս է՛լ ավելի էին առնականացել։ Անկեղծ լինեմ, բանակի մասին և՛ լավն եմ լսել, և՛ վատը, բայց այն, ինչ տեսանք գնդապետ Վ. Ասատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում, մեզ հաճելիորեն զարմացրեց և հիացրեց. աչք շոյող մաքրություն, կարգուկանոն, հոգատարություն և մարդկային ջերմ վերաբերմունք։ Թոռներիս լավ տրամադրվածությունն էլ կրկնապատկեց մեզ համակած ուրախությունը։ Հուզված մոտեցա ամբիոնին, հիմա չեմ էլ հիշում, թե կոնկրետ գոհունակության ինչ խոսքեր էի ասում, բայց հաստատ երրորդ բառս էր՝ անկեղծ սրտով շնորհակալ եմ։

Հունվարի 28-ի՝ մեր Բանակի օրվա առթիվ ուզում եմ շնորհավորել այս օրինակելի զորամասի ամբողջ կազմին՝ հրամանատարից մինչև շարքային զինվոր։ Բոլորին քաջառողջություն եմ մաղթում, խաղաղ և անփորձանք ծառայություն։ Վստահ եմ, որ որքան շատ լինեն նմանատիպ զորամասերը, մեր բանակում այլևս խնդիրներ չեն առաջանա…

Հետդարձի ճանապարհին մութն ընկել էր, և մենք գիշերեցինք բաղանիսցի Հարությունյանների հյուրընկալ օջախում։ Այստեղ ևս հարգանքով և սիրով էին խոսում մեր բանակի, մեր զինվորի մասին։ Խաղաղված ու հանգիստ, դրական լիցքեր ստացած տուն վերադարձանք։

ԳՅՈՒԼՆԱԶ ՄԿՐՏՉՅԱՆ
Կոտայքի մարզ, գ. Մրգաշեն

Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Բանակ և հասարակություն


07/02/2013