ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ՈՒՄ
2013թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվ. Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ԱՌՀԻ) գործող ՀՀ բոհի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» 056 մասնագիտական խորհրդի նիստում, որի օրակարգում Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի Յուրգինի տեխնոլոգիական ինստիտուտի (մասնաճյուղի) հումանիտար կրթության և օտար լեզուների ամբիոնի դոցենտ, նախկինում Ստեփանակերտում տեղակայված խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի սպա Վլադիմիր Ալեքսեյի Պոնոմարյովի` «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկան (1988-1994թթ.)» ատենախոսության պաշտպանությունն է եղել:
Ատենախոսության գիտական ղեկավարն է ԳԱԱ թղթակից անդամ, ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը: Այն արծարծում է Լեռնային Ղարաբաղում էթնոքաղաքական հակամարտության առաջացման նախադրյալները և պատմական պայմանները, հակամարտության զարգացումը խորհրդային պետականության ճգնաժամի պայմաններում և ԼՂՀ հռչակումը, Ադրբեջանի պարտությունը և Լեռնային Ղարաբաղի հաղթանակը:
Լինելով հիմնախնդրի ծագման անմիջական ականատես` հեղինակը, գիտնականին բնորոշ անաչառությամբ և ակադեմիական պահանջներին համապատասխան աղբյուրագիտական պատկառելի հենքով ուսումնասիրել է արցախահայության համար կարևորագույն այս ժամանակաշրջանը: Նրան հաջողվել է օբյեկտիվորեն և հիմնավորված հերքել հիմնախնդրի ծագման և ընթացքի վերաբերյալ ադրբեջանական գիտաքարոզչական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված առանցքային վարկածները, մասնավորապես` Խոջալուի դեպքերը: Հետազոտությունը արժեքավոր է նաև նրանով, որ հեղինակը մեծ ուշադրություն է դարձրել Արցախի պետականության ստեղծման և կայացման հիմքում ընկած պատմաքաղաքական գործընթացներին և հատկապես իբրև ԼՂՀ ստեղծման օրինական հիմք հանդիսացող համաժողովրդական հանրաքվեի անցկացմանը:
Խորագիր՝ #05 (972) 7.02.2013 – 13.02.2013, Ռազմաքաղաքական