ՌԱԶՄԱԳԻՏԱԿ-ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
ԹԱԳԱՎՈՐԻ ԽՈՀԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Մոնղոլական պետության իշխան (ղեկավար) Աբաղան (?- 1282) 1277թ. դաժանորեն պատժում է Փոքր Ասիայի թուրքերին և իր դաշնակից հայոց թագավոր Լևոն Գ-ին առաջարկում Իկոնիայի սելջուկյան սուլթանության երկրները միացնել Կիլիկիային։ Սրանով Աբաղան ուզում էր իր տերության արևմտյան սահմանները ապահովել հայերի ուժերով։
Սակայն Լևոն Գ-ն հրաժարվում է այդ պարգևից՝ պատճառաբանելով, որ ինքը բավարար ուժեր չունի՝ այդքան մեծ տերությունը շրջապատող թշնամիներից պաշտպանելու համար։
ՇՎԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԵՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Աբբայանների արաբական խալիֆայությունը մինչև 9-րդ դարը հզորացավ. նրա սահմանները տարածվում էին Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաստան՝ ընդգրկելով Ասիայի արաբական երկրները, Իրանը, Առաջավոր Ասիայի մեծ մասը, Անդրկովկասը, Միջին Ասիայի հարավային մասը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան։
Սակայն խալիֆաներն աստիճանաբար կուլ գնացին փարթամ ու շվայտ կյանքին, մեկուսանալով պալատներում՝ ի վերջո դադարեցին զորքի առաջնորդ և պետության ղեկավար լինելուց և երկրի հոգսը թողեցին օտարազգի ամիրաներին։ Մութասիմ խալիֆան (833-842), ահաբեկված ծանր հարկերի տակ կքած հպատակների ընդվզումներից և չվստահելով արաբական ցեղային աշխարհազորին, իր թիկնապահ զորքը համալրեց թուրք ստրուկներով։ Իշխանությունը կորցրեց հեղինակությունը, խալիֆաները խաղալիք դարձան թուրք թիկնապահ գնդի ու ամիրաների ձեռքում։ Խալիֆայությունը տեղը զիջեց պետության տարբեր մասերում առաջացած ինքնուրույն իշխանություններին և կազմաքանդվեց։
ԻՆՉՊԵՍ ԱԲԽԱԶՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԵՐԻ ԴԱՇՆԱԿԻՑԸ
9-րդ դարի սկզբից Աբխազական թագավորությունը (կենտրոնը՝ Քութայիս) Վրաստանում գերիշխանություն ձեռք բերելու նպատակով պայքարում էր Բագրատունիների հայկական թագավորության դեմ (Տայքում, Կղարջքում և Քարթլիում)։ Սակայն մրցակիցներին հաշտեցրեց ընդհանուր թշնամին՝ արաբները։ Սմբատ Ա և Աշոտ Բ Երկաթ թագավորները նյութական ու ռազմական օգնություն ստացան աբխազներից՝ ընդդեմ արաբների։
ՕՏԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բյուզանդական կայսր Հուստինիանոս Առաջինը հայ ազնվականության դեմ պայքարում էր օրենսդրական փոփոխությունների միջոցով։ 523թ. նա հատուկ հրովարտակով Արևմտյան Հայաստանում բյուզանդական զորակայան ստեղծեց, իսկ հայ ազնվականությանը զրկեց զորք պահելու ավանդական իրավունքից։ 7 տարի անց նոր հրովարտակով հայ նախարարների տան բոլոր անդամներին (թե՛ սեպուհներին, թե՛ կանանց) հայրական կալվածքների ժառանգման իրավունքներ տվեց՝ նպատակ ունենալով մասնատել խոշոր ազնվականության կալվածատիրական ամբողջությունը, այսինքն՝ նրա հզորության տնտեսական հիմքը։
Այս իրավիճակը գոյատևեց մինչև արաբական նվաճումները, երբ 7-րդ դարի երկրորդ կեսին հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականությունից օգտվելով՝ հայ ազնվականությունը վերականգնեց իր հին իրավունքները։ Արաբները սակայն ևս վարում էին հայ ազնվականության ոչնչացման քաղաքականություն։ Նրանք հասկանում էին, որ ժողովրդին անօգնական դարձնելու համար պետք է հարվածել ընտրախավին։
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Պարտադիր ժամկետային զինծառայության նախատիպը գոյություն է ունեցել մ.թ.ա. 6-5-րդ դարերում` հին հունական քաղաքներում՝ Աթենքում, Սպարտայում։ Դա պետական հատուկ կազմակերպություն էր, որը կոչվում էր Էֆեբիա (հուն. «պատանի»), և որի նպատակն էր 18-20-ամյա ազատածին պատանիներին ռազմական և քաղաքացիական ծառայության պատրաստելը։
2 տարի տևող ուսուցումը ընթանում էր ճամբարներում։ Առաջին տարին պատանիներն զբաղվում էին մարմնամարզությամբ և ռազմական վարժություններով, սովորում կառուցել ռազմական ամրություններ։ Երկրորդ տարում անցնում էին կայազորային ծառայության, ուսումնասիրում ռազմածովային գործ, մասնակցում զորաշարժերին։
Էֆեբիան ավարտելուց հետո սաները դառնում էին լիիրավ քաղաքացիներ։
Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Պատմության էջերից