Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԴԻՋԻԹԵՔ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ



Տասներկուամյա Էրիկ Սահակյանը թռչունների մասին երկու պատմվածք էր թարգմանել, հետո որոշեց գիրք թարգմանել եւ մասնակցել ՀՀ ԿԳՆ աջակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայտարարած ամենամյա հանրակրթական «Դիջիթեք» 5-րդ բաց միջազգային ստուգատեսին` «Նորարարական մեթոդների եւ լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գործիքների կիրառումը հանրակրթության մեջ» թեմայով:

«Երկու ամիս աշխատեցի, այնուհետեւ հայոց լեզվի ուսուցիչս խմբագրեց գիրքը, տեխնիկական օգնությունն էլ ընկեր Սիրանույշը տրամադրեց»,-ասում է Էրիկը:

Ստուգատեսի արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 8-ին: Ստուգատեսն անցկացվում էր մրցութային կարգով: Մասնակցում էին նաեւ Արցախի, Ջավախքի, Հայաստանի մարզերի դպրոցները. 7 օր նրանք հյուրընկալվել են կրթահամալիրում, ցուցադրել իրենց աշխատանքներն ու հմտությունները: 13 անվանակարգերում (առանց տարիքային սահմանափակման) անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան նախագծերով ներկայացվել էր 800 հայտ: Յուրաքանչյուր անվանակարգում նախատեսված էր մեկ գլխավոր եւ երեք խրախուսական մրցանակ, հանձնաժողովի կազմում ընդգրկված էին կրթահամալիրի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ ու գիտնականներ:

Ստուգատեսի նպատակն էր ակտիվացնել ապագայի տեխնոլոգիաների մոդելավորման ծրագրերի կիրառումը հանրակրթության մեջ` վիրտուալ լաբորատորիաներ, ուսումնական կայքեր, բլոգներ, առցանց TV, ուսումնական համակարգչային խաղեր, ռոբոտներ, մեդիագրադարան, էլեկտրոնային գրքեր, տեխնիկական ստեղծագործություններ, Smart դասեր ստեղծելու միջոցով:

Էրիկ Սահակյանն արժանացավ մրցանակի էլեկտրոնային գիրք անվանակարգում: Սիրանույշ Թումանյանը, որ Էրիկին էկոլոգիա է դասավանդում, ասում է` գիրքը տեղ է գտնելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օնլայն գրադարանում, նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանն է հետաքրքրված. «Էրիկը էկոակումբի անդամ է, որը գործում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի եւ ամերիկյան համալսարանի համագործակցությամբ: Նրա էլեկտրոնային գիրքը կօգտագործվի բնագիտության դասերի ժամանակ: Նման նյութի պակասը զգացվում էր, քանի որ այն, ինչ թարգմանել է Էրիկը, հայերենով ոչ մի տեղ գտնել չէինք կարող: Օնլայն գրադարանների համալրումը բացակայող գրականությամբ շատ կարեւոր է»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ ինովացիոն տեխնոլոգիաները դպրոցներում ճիշտ եւ արդյունավետ օգտագործելը, դրանք որպես ուսումնական նյութեր կիրառելն այսօր անհրաժեշտություն է. «Թվային միջոցը չի սիրում սահման, լեզու եւ ամեն անգամ ավելի հետաքրքիր կիրառություն է ստանում երեխաների կողմից»: Սրբուհի Աղաբաբյանը` «Դիջիթեկ-2013» կարգադրիչ-տնօրենը, եւս փաստեց, որ անցած տարիների համեմատ աշխատանքների որակը բարձրացել է, ընտրություն կատարելն էլ դժվարացել: Չնայած դժվար ընտրությանը, փետրվարի 8-ին հաղթողներն ստացան իրենց մրցանակները: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ուսուցման նոր մեթոդների ներդրման, ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման եւ սաների նորարարական ու ստեղծագործական կարողությունների խթանման գործում ունեցած մեծ ավանդի համար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը խրախուսվեց պատվոգրով եւ թանկարժեք նվերով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (973) 14.02.2013 – 20.02.2013, Բանակ և հասարակություն


14/02/2013