ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԾԱՎԱԼԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐԱՄԱՍՇՏԱԲ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
«Ռուսաստանում ավարտվում է բազմադիրքային հետախուզատեղեկատվական համակարգի (ԲՀՏՀ) կազմակերպման վերաբերյալ նախագծի տեխնիկական փաստաթղթերի և ֆինանսավորման ծավալների համաձայնեցումը»,- գրում է «Իզվեստիա» թերթը` վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրը։ Մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա ինքնաթիռներն ու ռազմանավերը հայտնաբերելու ունակությամբ օժտված խոշորամասշտաբ հետախուզության նոր համակարգի ներդրումը կսկսվի այս տարի։
ԲՀՏՀ-ի բնութագրերը գաղտնիացված են։ Աշխատանքի սկզբունքը հիմնված է թռչող սարքերի և ռազմանավերի ճառագայթման տարբեր տեսակների որոնման, նրանց ճշգրիտ կոորդինատների տրման ու տեղաշարժերի հսկման վրա։ Նոր համակարգը կհայտնաբերի թռչող սարքերի ռադիոտեղորոշման կայանների, ռադիոբարձրաչափերի, GPS և թխԿծԸհհ համակարգերի ազդանշանների, ջերմային ու էներգիայի այլ տեսակների ճառագայթումը։ ԲՀՏՀ-ն կարող է ոչ մեծ հեռավորության վրա գտնել նաև հազիվ նշմարելի B2 կամ F22 ինքնաթիռները։
ԲՀՏՀ-ի առաջին փորձարկումները Ռուսաստանում անցկացվեցին 2009 թվականին, երբ համակարգի աշխատանքը փորձարկվում էր Ռուսաստանի ՌԾՈՒ-ի օդանավերի և ռազմանավերի վրա։ Մերձմոսկովյան դիրքային հենակետում անցկացված փորձարկումների ընթացքում ԲՀՏՀ-ն Բարենցի ծովում հայտնաբերել, հետևել և հսկել է տարատեսակ ինքնաթիռների։ Կոորդինատների որոշման ճշտությունը շատ բարձր էր՝ հաշվարկված ուղղության (կուրսի) շեղումը փաստացիից կազմում էր ընդամենը մի քանի մետր։
Ներկայումս նման նախագծի ստեղծմամբ զբաղվում է նաև բրիտանական BAE Systems ընկերությունը։ Այն կրում է NAVSOP անվանումը։ Այդ համակարգը ևս գաղտնիացված է։ Այն կարող է հսկել ինքնաթիռների, ռազմանավերի և վերգետնյա միջոցների տեղաշարժը՝ բջջային կապի աշտարակների, Wi-Fi կապի հանգուցակետերի, հեռուստատեսային ալեհավաքների և ռադիոազդանշանի այլ աղբյուրների ճառագայթումները հայտնաբերելու միջոցով։
Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ռազմական