19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ
ԽԱՆ (ԲԱՐՍԵՂ ԹԻՐԱՔՅԱՆ), ՍԵԲԱՍՏԱՑԻ ՄՈՒՐԱԴ, ՍԵՊՈՒՀ
ԽԱՍՏՈՒՐԻ ԿՌԻՎԸ
Մարտական և զինատար խմբերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Շանթ» մարտական խումբը, որի մղած ընդամենը միակ՝ «և հակառակորդի վրա թողած տպավորությամբ, մեծ արձագանք գտավ հայ ազգային-ազատագրական պայքարին զինվորագրված մարտիկների շրջանում: Խաստուրի կռվում լավագույնս դրսևորվել են ոչ միայն հաj ֆիդայու մարտնչելու վարպետությունն ու մարտական ոգին, այլ նաև մարտախմբի հրամանատարության ռազմագիտական տաղանդը և մարտի ամենաբախտորոշ պահին հակառակորդի համար անսպասելի ճկուն մարտավարություն կիրառելու կարողությունը:
«Շանթ» մարտախմբի հրամանատարն էր Հայոց ազատամարտի նշանավոր գործիչ Բարսեղ Թիրաքյանը, որը պատմությանն առավելապես հայտնի է Խան կամ Խան-Պետրոս անունով: Համաձայն ՀՅԴ Արևելյան Բյուրոյի ու Կարսի «Ջրաբերդ» կենտր. կոմիտեի որոշման` «Շանթ» մարտախումբը պետք է մեկներ Երկիր` միանալու Բիթլիսի նահանգում գործող Աղբյուր Սերոբի գլխավորած մարտական ուժերին: «Շանթ» մարտախումբը պետք է մեկներ Բագրևանդ (Ալաշկերտ) – Ախլաթ գծով: Այդ նույն երթուղով Ախլաթ էին անցել 1895 թ. Աղբյուր Սերոբի, իսկ 1897 թ. եւ 1898 թ. նրա հորեղբորորդի Ճարտարի գլխավորած զինատար խմբերը: Արշավախմբի կազմակերպիչները հույս ունեին, որ իրենց ձեռնարկը նույնպես կպսակվի հաջողությամբ:
1899 թ. հոկտեմբերի 24-ին մարտախմբի բոլոր 83 անդամները հավաքվում են Բերնոց գյուղում, որտեղից պիտի անցնեին Բասեն: Մարտախմբի երթուղու անվտանգությունն ապահովելու համար Խանը թեև ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, բայց ամեն ինչ չէ, որ հայ մարտիկների համար դասավորվում է հարթ ու նպաստավոր:
«Ամբողջ գիշերը,- նշում է Սեպուհը,- առանց կանգ առնելու կերթան, բայց, դժբախտաբար, չեն կարողանար հասնիլ Ալաշկերտ, որովհետեւ վալատը խիստ մթութեան պատճառով կը կորսնցնէ ճանապարհը, եւ խումբը երեք անգամ կը դառնայ միեւնոյն լերան շուրջը»:
Համաձայն ընդունված կարգի` մարտախմբերը գյուղացիներին վնաս չպատճառելու նկատառումով, իրավունք չունեին իջևանել հայկական որևէ գյուղում: Բայց այդ օրը նրանք հանգամանքների բերումով հարկադրված խախտել են ընդունված կարգը: Մարտախումբը մտնում է Խաստուր և տեղավորվում գյուղի Խաչիկ վարժապետի գոմում: Մատնիչների միջոցով տեղեկանալով գյուղում հանգրվանած ֆիդայիների մասին՝ թուրքական զորքն ու քրդական հեծելախմբերը արշավում են գյուղ և պաշարում գյուղն ու այնտեղ հանգրվանած ֆիդայիներին: Հակառակորդը առաջարկում է հանձնել զենքերը՝ խոստանալով ապահովել նրանց անվտանգ վերադարձը ռուսական սահման, և միաժամանակ սպառնում, որ չհնազանդվելու դեպքում բոլոր ֆիդայիներին կայրեն գոմում, իսկ գյուղն ու բնակիչները նրանց պատճառով կբնաջնջվեն: Ֆիդայիները մերժում են առաջարկությունը՝ պատասխանելով. «Քանի ողջ ենք, մենք զէնք չենք տար եւ պիտի կռուենք»:
Քանի որ հակառակորդի ուժերն անհամեմատ գերակշռող էին, ֆիդայիները որոշում են սրընթաց գրոհով ճեղքել պաշարման շղթան և հեռանալ վտանգված շրջանից: Որպեսզի ճեղքումը իրականացնեին առավելագույն հաջողությամբ, անհրաժեշտ էր նախ գրավել գյուղի մերձակա բարձունքները ու թույլ չտալ, որ հակառակորդը տիրի այդ դիրքերին և բարձրից տեղացող հարվածներով խափանի իրենց ձեռնարկած գրոհը: Ահա այդ պատճառով չափազանց կարեւոր էր սրընթաց գրոհով գրավել Խաստուրի մերձակա բարձունքը և այնտեղից հակառակորդի վրա կրակ տեղալով, օգնել շրջափակումից դուրս գալ գյուղում գտնվող մարտիկներին:
Ո՞ւմ պետք է վստահեին կարևորագույն այդ առաջադրանքը, որի հաջողությունից էր կախված ողջ մարտախմբի փրկությունը:
«…Խումբը,- նշում է Ա.Ազնավուրյանը,- իր վերոյիշեալ յանդուգն որոշումն հանելիս գիտէր, թէ նրա գործադրութիւնը ո՞ւմ յանձնել: Սեբաստացի անզուգական հերոսը եւ Բայբուրդցի յեղափոխական վագրը՝ Մուրատն ու Սեպուհը, անմիջապէս անւարան ստանձնում են ծանր, պատասխանատու վճռի գործադրութիւնը…»:
Մի փոքրիկ ճշտում կապված Սեբաստացի Մուրադի հետ: Հետագայում Ա. Ազնավուրյանը վերստին անդրադառնալով Խաստուրի կռվի մանրամասներին, որպես ճշտում նշում է, որ Մուրադն ու նրա զինակից Գյումուշխանի Ավոն այդ օրերին գտնվել են Բաքվում և չեն մասնակցել այդ մարտական գործողությանը:
Ինչեւէ, բացի այս վկայությունից, չկա այլ սկզբնաղբյուր, որը հաստատի Խաստուրի կռվին Մուրադի մասնակցությունը:
Որքան էլ սրընթաց ու անակնկալ լիներ հայ մարտիկների գրոհը, այնուամենայնիվ, «… քնած չէր,- նշում է Ա. Նորյանը,- նաեւ թշնամին: Բազմահազար քիւրտ ամբոխը եւ հազարի հասնող թուրք կանոնավոր զօրքը իրենց համազարկերն ուղղել էին քսաներկու հերոսների վրայ, որոնք, արհամարհելով մահը, իրենց ցեղի դիւցազներգութեամբ ու արդար վրէժով գոտեպինդ, անշեղ, ընթանում էին դէպի Խաստուրի հարաւ- արեւմտեան բարձունքը»:
Ավելի քան երկու ժամ է տևել այդ զարմանահրաշ մարտը: Հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը՝ մարտիկները ճեղքում են պաշարման շղթան, գրավում բարձունքը և դիրքավորվելով` սկսում բարձրից հարվածներ տեղալ գյուղի մատույցներում և տների կտուրների վրա խմբված հակառակորդի զինվորների վրա: Իրենց հերթին գյուղում գտնվող ֆիդայիները, անցքեր բացելով իրենց պատսպարած տների պատերի մեջ՝ նույնպես համազարկեր են տեղում թշնամու վրա եւ օգնում գրոհող տասնյակներին իրականացնելու ճեղքումը:
Կռիվը շարունակվում է մինչև մութն ընկնելը: Թուրքերն ու քրդերը, օգտվելով իրենց քանակական գերակշռությունից, սկսում են չորս ուղղությամբ կրակ տեղալ գյուղի վրա: Սթափ գնահատելով մարտադաշտում ծավալվող իրադարձությունների նրբությունները՝ Խանը կայացնում է միանգամայն կշռադատված և շատ կարեւոր որոշում, որը վերջնականապես վճռում է կռվի ելքը. «Յանկարծ լսւում է հրամանատարի խրոխտ ձայնը՝… «պառկե՛լ», եւ բոլորն էլ իսկույն գետին են փռւում: Այժմ երկու կողմից բարձրացող թշնամիներն իրար դէմ էին կռւում եւ շատ ուշ հասկացան «պառկելու» ռազմագիտական նշանակութիւնը: Տղաներն էլ իրենց պառկած տեղերից էին կրակ տալիս, եւ աջ ու ձախ թշնամին գետին էր գլորւում: Ջարդը կատարեալ էր: Թշնամու սխալւելը եւ հրամանատարի խելացի հրամանը՝ «պառկելը», փրկեց շատերին»:
Հակառակորդի համար կատարյալ անակնկալ էր ֆիդայիների կիրառած մարտավարությունը: Թուրքերի ու քրդերի գործողություններում կատարվում է զարմանահրաշ դեպք. ստեղծված իրավիճակում չկարողանալով ճիշտ կողմնորոշվել և մատնվելով շփոթության՝ նրանք սկսում են կրակ տեղալ իրար վրա: Մարտադաշտում ծավալվող գործողությունների արդյունքը ֆիդայիների համար ավելի քան գոհացուցիչ էր: Հենց իր իսկ համազարկերից զգալի կորուստներ կրելով՝ թշնամին խուճապի է մատնվում և այլևս անկարող լինելով շարունակելու կռիվը` լքում է մարտադաշտը: Ֆիդայիները հաղթանակ էին նվաճել, նրանք հանգիստ, առանց խոչընդոտի դուրս են գալիս գյուղից և տեղափոխվում առավել ապահով վայր:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր