ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ
Դարեհը մի պահ լռեց, խորաթափանց հայացքով երկար նայեց իշխանին ու շարունակեց.
– Բհադանապալը գուշակեց, որ ձիավորը գալու է ինձանից հետո, իմ իսկ հետքերով և այստեղ իր մահն է գտնելու:
– Պատմի՛ր Ալեքսանդրին, գուցե դա նրան կանգնեցնի՞, – ծաղրանքով ասաց իշխանը և շփոթվեց` բախվելով Դարեհի լուրջ հայացքին:
– Դու այդպես էլ ոչինչ չհասկացար: Ալեքսանդրն արդեն այստեղ է գալիս ինձ հետ բանակցելու:
Հանկարծ պալատի դռները բացվեցին, և ներս մտավ անհանգստացած Արտավազդը:
– Հույները, – խուլ ասաց նա և Դարեհին տեսնելով` սայթաքեց:
– Քանի՞ հոգի են, – հուզված հարցրեց իշխանը:
– Երկու:
– Ի դեպ` այդ նա է, – ասաց Դարեհը` ժպիտով նայելով Արտավազդի հուզված ու ապշահար դեմքին և մտազբաղ շոյելով իր փոքրիկ մորուքը` ավելացրեց. – Եվ նրան ոչ մի պատմություն էլ չի կանգնեցնի: Սակայն ժամանակը կգա, և նա կհիշի այս օրը:
Իշխանին զարմացրեց Ալեքսանդրի անսահման քաջությունը, և նա որդուն կարգադրեց անմիջապես պալատ թողնել մակեդոնացուն:
Երբ դուռն Արտավազդի հետևից փակվեց, Դարեհը հատակից վերցրեց դռան կոտրված բռնակի կտորները, ափով շոյեց ու հանգիստ դրեց իր գրպանը: Իշխանը զարմանքից քար կտրեց:
– Ճակատագրի անիվը պատրաստվում է կատարել իր առաջին շրջապտույտը, որը կճզմի ինձ ու ամբողջ պարսկական տերությունը: Այս կտորտանքը դրա փառահեղ նշանն է, և ես չեմ կարող այն անուշադրության մատնել, – պատասխանեց Դարեհն իշխանի հարցական հայացքին: – Իրենց նշանակությամբ սրանք ոչնչով չեն զիջում Բհադանապալի որմնանկարներին: Դրանց շնորհիվ ես հիշեցի այս օրվա մասին:
– Իսկ այդ անիվի երկրորդ շրջապտույտը բաժին կհասնի Ալեքսանդր Մեծին ու նրա նորաթուխ կայսրությանը, – նողկանքով փնթփնթաց իշխանն ու կնճռոտեց դեմքն ասես ատամնացավից:
– Ի դեպ, – շողոքորթաբար շարունակեց Դարեհը, – չեմ կասկածում, որ Ալեքսանդրի հետ այստեղ է գալիս նաև քո որդի Պարմենիոնը:
Անսպասելիությունից իշխանն ամբողջ մարմնով հենվեց աթոռի արմնկակալին, և վերջինս շրխկոցով երկու կես եղավ:
– Ահա քեզ ճակատագրի ևս մեկ նշան, – բացականչեց իշխանը` ձեռքում պահելով փայտի կտորը և ուրախալի ու մոլեգին հուզմունքից թափահարելով այն, – մյուս գրպանդ դիր այն:
Դարեհը ժպտալով մոտեցավ ու եղբայրաբար գրկեց նրան:
– Դու դեռ այն նույն կոպիտ և հիմար հայ ավազակն ես: Մի՞թե չես տեսնում, թե որքան ճիշտ ես դու: Եթե ես չնկատեի ու չպահպանեի քո դռան բռնակի կտորը, դու երբեք չէիր կոտրի այդ արմնկակալը: Եվ դա նշան է, որ ճակատագիրն ուշադիր հետևում է ինձ և նշաններ է տալիս, հասկացնում է, որ անտարբեր չէ իմ հանդեպ, ու ես հետաքրքրում եմ իրեն: Մի՞թե դու չես տեսնում այդ կապը: Իմ բարի խորհուրդը քեզ. այդ փայտակտորը մոտդ պահիր որպես նշան, որ դու հետևում ես ճակատագրի ցուցումներին, իսկ ես կվերցնեմ երկրորդ կտորը:
– Եվս երկու այսպիսի խելագար օր, և ես կխելագարվեմ, – բացականչեց իշխանը` շարունակելով մոլեգնորեն թափահարել փայտակտորը:
Հանկարծ դռները բացվեցին, և Արտավազդի ուղեկցությամբ պալատ մտան երկու երիտասարդներ: Նրանք վհատ նայեցին իշխանին ու Դարեհին, ովքեր դեռ ձեռքում պահում էին արմնկակալի մնացորդները: Ի դեմս առաջին պատանու` նրա հանդերձի շնորհիվ իշխանն անմիջապես ճանաչեց Գավգամելի ճակատամարտում հունական հեծելազորի գրոհը գլխավորող ձիավորին: Վայրկյան անգամ չկորցնելով ու արմնկակալի փայտակտորը ձեռքից չգցելով` նա ակամա նետվեց երկրորդ երիտասարդի վրա:
– Ինձ թվում է` հայրդ պատրաստվում է պատժել քեզ Գավգամելի ճակատամարտում իր այրուձիուն պատճառած վնասի համար, – ծիծաղելով դիմեց Ալեքսանդրը ժպտացող Հայկին:
– Հա՛յկ, որդի՛ս, – երջանիկ մռնչաց իշխանը և մի պահ, նախքան «կխեղդեր» որդուն արջային իր գրկում, զննեց նրա դեմքը: Իրեն էին նայում Փառանձեմի նույն հարազատ աչքերը: Հայկը մի գլուխ բարձր էր Արտավազդից և նկատելիորեն ավելի թիկնեղ էր, քան նա: Դեմքի առնական ծալքերը մատնում էին կոփված զորահրամանատարին ու անվեհեր ռազմիկին:
Այդ ժամանակ Դարեհը լուռ մոտեցավ Ալեքսանդրին:
– Օ՜, աստվածնե՛ր, – բացականչեց նա` հիացած նայելով Ալեքսանդրին, – շնորհակալ եմ, որ դուք վերջապես ինձ ցույց տվեցիք նրան` իմ մահվան առաքյալին և թույլ տվեցիք պայքարել նրա դեմ:
– Դա մեծ պատիվ է ինձ համար, – թունոտ նկատեց Ալեքսանդրը, – հույս ունեմ` դու չես մտածում, որ ես այստեղ եմ եկել, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանամ քո փիլիսոփայական հայացքներին:
– Բախտի չար անիվը, որից փրկություն չկա, – խռպոտ, հազիվ լսելի շշուկով դարձավ Դարեհն Ալեքսանդրին, – Գիտցի՛ր, որ դու մահ չունես, քանի դեռ ես ողջ եմ, քանզի քո միակ առաքելությունը իմ մահն է: Որքան ես պայքարում եմ քո դեմ, այնքան դու ուժեղանում ես: Դու ճակատագրի` ի վերուստ շնորհված աստվածային առաքելության նշանն ես:
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Հոգևոր-մշակութային