Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ`ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը 2010թ. պատվով կրում է Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի (Պետո) անունը: Ռազմահայրենասիրական դաստիարակության գործը դպրոցում բարձր հիմքերի վրա է` շնորհիվ դպրոցի տնօրեն Էլլա Միրզոյանի, զինղեկ, Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Ռազմիկ Պողոսյանի և մանկավարժական ամբողջ կոլեկտիվի: Այդ են վկայում նաև ավանդույթ դարձած արիության դասերը, որոնք անց են կացվում մեր հերոսների անունը կրող զորամասերում:

Հերթական` չորրորդ արիության դասն անցկացվեց փոխգնդապետ Ս. Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Երկար էր ճանապարհը մինչև զորամաս` այն ճանապարհը, որտեղ մեր հերոսները մարտի դաշտում իսկական արիության դասեր են տվել…

Արիության դասին մասնակցում էին I,VI եւ XII դասարանի աշակերտները, երիտասարդ ուսուցիչները, Քաշաթաղի շրջանի կրթության բաժնի ՆԶՊ առարկայի տեսուչ Ռ. Պետրոսյանը, Տիգրանավան և Սարատակ համայնքների այն ծնողները, որոնց որդիները ծառայում են այդ զորամասում, նախկին զինծառայող Հ.Հարոյանը:

Հանդիսավոր միտինգը, նվիրված Հայրենյաց պաշտպանի օրվան, բացեց զորամասի հրամանատարը: Ներս բերվեց զորամասի մարտական դրոշը, հնչեցին ՀՀ և ԼՂՀ պետական օրհներգերը: Ելույթ ունեցան մայոր Ս. Հայրապետյանը, կապիտան Ս. Կիրակոսյանը, սերժանտական խորհրդի նախագահ, սերժանտ Ա. Լանդյանը, շարքային Ա. Աթենյանը, Տիգրանավան համայնքի ղեկավար, զինվորի ծնող Ռ.Ավագյանը, կրթության բաժնի տեսուչ Ռ. Պետրոսյանը, դպրոցի զինղեկ Ռ. Պողոսյանը, Սարատակ համայնքի ղեկավար, զինվորի ծնող Ժ.Մովսիսյանը և Տիգրանավանի դպրոցի տնօրեն Է. Միրզոյանը:

Վերջինս իր ելույթում նշեց, որ 2012-2013 ուսումնական տարում դպրոցի նշանաբանն է` «Արիության դասերը զորամասերում` ամրապնդելու համար բանակ-հասարակություն կապը»՝ նպատակ ունենալով ծանոթանալու զինծառայողների առօրյային և կազմակերպելու հանդիպումներ ծնողների հետ: Անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ, մայոր Ս.Հայրապետյանին հանձնվեցին զինվորների մարտական ոգին և բարոյահոգեբանական վիճակը բարձրացնող բովանդակությամբ նամակներ:

Միտինգի ավարտին հանդիսավոր երթով շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը:

Տիգրանավանի դպրոցի սաները հանդես եկան «Հայրենիքի պաշտպան` հայ զինվոր» գրական երաժշտական կոմպոզիցիայով: Ամենափոքր մասնակիցը՝ առաջին դասարանցի Հրաչ Հովսեփյանը, բացեց միջոցառումը «Հայոց բանակը՝ քաջ անպարտելի» խրոխտ բանաստեղծությամբ: Աշակերտների ելույթները հագեցած էին հայոց բանակի պատմությանը, հերոսների սխրանքների մասին պատմող դրվագներով: XII դասարանցի Մ. Կնյազյանը նշեց բոլոր հերոսներին, հայտարարվեց լռության րոպե: Զինվորները ծափողջույններով ընդունեցին VI դասարանի աշակերտ Է. Աբրահամյանի արտասանած «Խրամատը» բանաստեղծությունը:

Աշակերտները հայրենասիրական երգերով ոգևորեցին զինվորներին: Զինվորները աշակերտների հետ երգեցին բանակի օրհներգը: Աշակերտների ելույթից հետո ականատես եղանք հուզիչ տեսարանի` ծնողների հանդիպմանը որդիների հետ:

Զորամասի ճաշարանում մեզ դիմավորեցին թիկունքի պետ, փոխգնդապետ Աղեկյանը և ճաշարանի վարիչ, ավագ ենթասպա Արմինե Մկրտչյանը: Զինվորական ճաշը համտեսեցին նաեւ ուսուցիչները, աշակերտներն ու զինվորների ծնողները՝ բարձր գնահատելով խոհարարների աշխատանքը:

Ճաշից հետո ճանապարհվեցինք հրաձգարան` անցկացնելու կրակային պատրաստության դասը, որը մեր դպրոցի համար շատ կարևոր է, քանի որ դպրոցը չունի ուսումնական զենք, այդ պատճառով օգտագործվում է ցանկացած հնարավորություն՝ աշակերտներին մարտական զենքին հաղորդակից դարձնելու:

♦♦♦

Ահա եւ եկավ հրաժեշտի պահը: Դժվար էր բաժանվել հարազատներից, ընկերներից, ուսուցիչներից, բայց նրանց սպասում էր պատասխանատու առաքելությունը՝ սահմանների պաշտպանությունը:

Հրաժեշտին զորամասի հրամանատարությունը նվերներ հանձնեց դպրոցին:

Ուրախ էինք և հպարտ, որ կարողացանք մեր սրտի խոսքը հասցնելու հայ զինվորին:

Հ.ՀՈՎՍԵՓՅԱՆ

Տիգրանավանի Պ.Ղևոնդյանի անվան միջն. դպրոցի պատմության ուսուցիչ

Հ.Գ.- Շնորհակալություն ենք հայտնում մի զարմանալի մարդու` վարորդ Ա.Քարամյանին` մեզ անտրտունջ ու անվտանգ տեղափոխելու համար:

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Բանակ և հասարակություն


28/02/2013