Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՒ-2»-Ի ՑՆՑՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ



Ամերիկացիները, կիրառելով բազում հետախուզական ինքնաթիռներ, հասկացան, որ դրանք բոլորն էլ կարճ ժամանակ անց դառնում են խոցելի, քանի որ հատկապես խորհրդային «ՄիԳ»-երը տարեցտարի ավելի ու ավելի են հզորանում: Անհրաժեշտ էր ստեղծել հատուկ հետախուզական ինքնաթիռ, որը պատրաստվում էր քայլ առ քայլ:

Այդ նպատակով ամերիկյան կառավարությունը հայտարարեց մրցույթ: Ներկայացված լավագույն նախագիծ ճանաչվեց «Լոքհիդ» ընկերության ավիակոնստրուկտոր Կլարենս Ջոնսոնի «ՑԼ-282» նախագիծը: Մրցույթի հովանավորը ոչ թե ՌՕՈւ-երն էին, այլ հետախուզական կենտրոնական վարչությունը, (ԿՀՎ) ինչը նշանակում էր, որ ամեն ինչ շատ լուրջ է և գաղտնի: Աշխատանքներն ընթանում էին բավականին արագ և արդյունավետ: 1955թ. օգոստոսին իր առաջին թռիչքը կատարած «Ու-2» ինքնաթիռը մեկ տարի անց արդեն մշտական հետախուզական թռիչքներ էր կատարում խորհրդային, չինական և այլ տարածքներում: Ինքնաթիռն ուներ առավելագույնը 7-8 տոննա քաշ, 850 կմ/ժ առավելագույն արագություն, 8000-8500 կմ թռիչքային հեռավորություն, սակայն այս անհասանելի հետախույզի գաղտնիքը նրա թռիչքային բարձրությունն էր, որը կազմում էր 21000 մետր և ավելի: Ամենազարմանալին այն էր, որ առավելագույն թռիչքային բարձրությամբ «Ու-2»-ը կարող էր թռչել ոչ թե մի քանի րոպե, այլ ամբողջ թռիչքի ընթացքում: Ինքնաթիռն այդ ամենի համար ուներ շատ մեծ թևեր` 24,38 մետր թևերի բացվածքով և 55,7 քառակուսի մետր մակերեսով: Այս զարմանալի մեքենան հետագայում պիտի դառնար բոլոր ժամանակների ամենահայտնի և աղմկահարույց ինքնաթիռներից մեկը:

Նոր հետախուզական ինքնաթիռների առաջին ստորաբաժանումը, որը ոչ պաշտոնական գրականության մեջ կոչվում է ստորաբաժանում «10-10», տեղակայվեց Արևմտյան Գերմանիայում: Ամեն ինչ կազմակերպվում էր շատ մանրակրկիտ և հուսալի, ԿՀՎ-ն իր ռազմավարական ծրագրերի իրագործման համար միջոցներ չէր խնայում: Թռիչքների թույլտվություն պետք է տար անձամբ նախագահը:

Առաջին հետախուզական թռիչքը «Ու-2»-ն իրականացրել է 1956թ. հունիսի 20-ին: Թռիչքը կոչվում էր «Առաջադրանք 2003»: Օդ բարձրանալով Արևմտյան Գերմանիայից՝ օդաչու Կարլ Օվերստրիտը Արևելյան Եվրոպայի կոմունիստական երկրների տարածքներում կատարեց հետախուզություն և վերադարձավ Վիսբադեն: Ողջ թռիչքի ընթացքում պահպանվում էր ռադիոլռություն: Մեկ օր անց արդեն քննարկվում էր խորհրդային տարածքներում թռիչքների հեռանկարը:

Հուլիսի 4-ին կայացավ առաջին թռիչքը խորհրդային տարածքների վրա (առաջադրանք 2013): Ինքնաթիռը (կողային համարը 341, գործարանային համարը 56-6680), օդ բարձրանալով ԳՖՀ Վիսբադեն օդանավակայանից (օդաչուն էր Հարվի Շտոկմանը), անցավ Արևելյան Գերմանիայի տարածքները, հյուսիսային Լեհաստանը, մտավ Բելոռուսական տարածքներ, անցավ Մինսկը և ուղղություն վերցրեց դեպի Լենինգրադ: Շտոկմանը հետագայում խոստովանել է, որ վախենում էր, քանի որ շուտով նա տեսավ առաջին «ՄիԳ»-երը, որոնք հուսահատորեն փորձում էին հասնել նրան, սակայն ապարդյուն: Նկարահանելով Լենինգրադի մոտակայքի նավաշինական գործարաններն ու ռմբակոծիչ ավիացիայի օդանավակայանները՝ «Ու-2»-ը Բալթիկ ծովի ափերով վերադարձավ և վայրէջք կատարեց Վիսբադենում: Թռիչքը տևեց գրեթե ինը ժամ:

Այս թռիչքը նվիրված էր ԱՄՆ-ի անկախության օրվան: Խրուշչովը գտնվում էր ԽՍՀՄ-ում ամերիկյան դեսպանատանը, երբ նրան հայտնեցին այդ:

Հաջորդ թռիչքը տեղի ունեցավ հաջորդ օրը (առաջադրանք 2014): Կարմեն Վիտոն օդ բարձրացավ նույն տեղից ըստ պլանի: Այս անգամ, սակայն, մարտական առաջադրանքը այլ էր. նա ուղղություն վերցրեց դեպի Կիև: Նորից խորհրդային ՀՕՊ-ի ուժերը միանգամից հայտնաբերեցին սահմանախախտին: Կործանիչները օդ էին բարձրանում առանց ժամանակ կորցնելու, սակայն ավաղ… Հասնելով Կիև՝ Վիտոն ինքնաթիռը թեքեց դեպի Մինսկ, որից հետո դարձավ դեպի Մոսկվա: Խորհրդային ղեկավարությունը զայրույթից ատամներն էր կրճտացնում: Վիտոն կարծես դիտմամբ երկու անգամ անցավ Մոսկվայի վրայով, նկարահանեց նորագույն ՀՕՊ համալիրները, որոնք նախատեսված էին մայրաքաղաքի պաշտպանության համար, հանգիստ նկարահանեց Մոսկովյան շրջանի բոլոր ռազմավարական օբյեկտները և մերձբալթյան երկրների վրայով վերադարձավ Վիսբադեն: «Ու-2»-ը ԽՍՀՄ-ի եվրոպական մասում հայտնաբերեց այնքան ցանկալի ռազմավարական ռմբակոծիչ ինքնաթիռները, որոնցից այնքան վախենում էին ԱՄՆ-ում: Պարզվեց, որ նրանց քանակը շատ ավելի քիչ է, քան կարծում էին: Հետագայում խորհրդային պաշտոնաթող օդաչու, գնդապետ Վասիլի Պիկալինը պիտի պատմի, որ այդ օրը նրան նորագույն «ՄիԳ-19» կործանիչով Ռիգայի մոտակայքից օդ բարձրացրին սահմանախախտին խոցելու, սակայն ուղղորդողները խառնվեցին, իսկ բարձրությունը չէր բավարարում: Հաջորդ օրը վերգետնյա ուղղորդողները նույնիսկ երկու խորհրդային կործանիչները միմյանց դեմ հանեցին: Մեկ այլ անգամ վայրէջքի ժամանակ վթարվեց օդաչու կապիտան Կապուստինը: Խրուշչովը սահմանախախտ ինքնաթիռը խոցող օդաչուին խոստացել էր հերոսի կոչում տալ, իսկ նախարարը՝ զինվորական կոչում:

Հետախույզների հանդուգն թռիչքների ընթացքում խորհրդային ՀՕՊ-ը ոչ միշտ էր կարողանում հետևել սահմանախախտներին, իսկ ամերիկյան ռադիոհետախուզության ուժերը ամեն տեղից հետևում էին խորհրդային ուժերի գործողություններին:

Հուլիսի 9-ին միանգամից երկու ինքնաթիռներ կատարեցին հետախուզական թռիչքներ: Առաջինը զիգզագներով (առաջադրանք 2020) անցավ մերձբալթյան երկրների վրայով, չհասած Մինսկ՝ շրջվեց հարավ ու նորից նկարահանելով Լեհաստանը՝ վերադարձավ Վիսբադեն: Երկրորդը (առաջադրանք 2021) շատ ավելի բարդ ու երկար թռիչքուղի անցավ: Սկսելով Վիսբադենից՝ անցավ Պրահայի, ավստրիական հողով մտավ Բուդապեշտ, հետո Լվովի վրայով անցավ Կիև, շրջվեց Մինսկ ու նորից մերձբալթյան երկրների վրայով վերադարձավ: Հաջորդ օրը (առաջադրանք 2023) «Ու-2»-ը հասավ մինչև Ղրիմի թերակղզի, նկարելով Սևաստոպոլը, Սիմֆերոպոլը, Օդեսան և վերադարձավ Վիսբադեն: Նույն օրը խորհրդային կողմը ամերիկյան դեսպանատանը հանձնեց բողոքի նոտա, երևում էր, թե ռուսները թռիչքների ողջ երկարությունը չէին վերահսկել: Հետո հետևեցին այլ պետությունների բողոքները, որոնցից հստակ երևում էր, որ ոչ մեկն էլ չի կարողացել հստակ հետևել սահմանախախտին, և որ ամենակարևորն է, ոչ մեկը չգիտեր, թե դա ինչ ինքնաթիռ է:

Մինչև 1960թ. ամերիկյան հետախույզները ԽՍՀՄ-ի բոլոր ուղղություններով կատարեցին ավելի քան 30 հետախուզական թռիչք: Նրանք գործում էին թուրքական Ինջիրլիկ, ճապոնական Ատսու և հատկապես պակիստանյան Փեշավար օդանավակայաններից: Խորհրդային ոչ մի տարածք աննկատ չէր մնում:

1960թ-ի ապրիլի 9-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում խորհրդային ՀՕՊ-ի ՌՏԿ-ները նորից հայտնաբերեցին Պակիստանի Փեշավար բազայից օդ բարձրացած և Թուրքմենիայի կողմից խորհրդային սահմանը խախտած մեկ այլ «Ու-2», որի օդաչուն հետագայում հայտնի դարձած Ֆրենսիս Հարի Փաուերսն էր: Սահմանախախտն արդեն ներխուժել էր մոտ 200 կմ: Մինչև խորհրդային հրամանատարները փորձում էին ինչ-որ բան անել, հետախույզն ուղղություն վերցրեց դեպի Սեմիպալատինսկի գաղտնի միջուկային հրաձգարան: Թռիչքի ամբողջ ընթացքում խորհրդային կործանիչները փորձում էին խոցել արդեն զզվեցնող սահմանախախտին: Անգամ օդ էր բարձրացվել երկու նորագույն «Սու-9» կործանիչ, որի թռիչքի առաստաղը կազմում էր ավելի քան 20 կմ: Օդաչուներից մեկը` պահեստի գնդապետ Բորիս Ստարովերովը, պատմում է, որ սահմանախախտ ինքնաթիռի հայտնաբերման դեպքում էլ հրաման չկար թռչելու, քանի որ կործանիչները, խնդիրը կատարելով, պիտի վայրէջք կատարեին օդանավակայանում, որը գաղտնի էր, իսկ նրանք նման գործողության թույլտվություն չունեին: Զավեշտալի է, չէ. հակառակորդը նկարում է այդ օդանավակայանը, իսկ կործանիչների օդաչուներին չի կարելի այնտեղ երևալ: Թույլտվությունը, բնականաբար, ուշացավ:

ՀՕՊ ուժերի ջանքերը ապարդյուն էին, հետախույզը մեկ ռազմավարական օբյեկտից անվնաս անցնում էր մյուսին: Ուրալի օդանավակայաններից մեկից օդ են բարձրանում երկու «ՄիԳ-19»-ը կործանիչներ` որից մեկը վարում էր կապիտան Գենադի Գուսևը, իսկ մյուսը՝ ավագ լեյտենանտ Վլադիմիր Կարչևսկին: Երբ նրանք մոտենում են Սվերդլովսկ քաղաքին՝ վերալիցքավորվելու, Կարչեւսկու ինքնաթիռը հանկարծակի վթարվում է, և օդաչուն, փորձելով փրկել ինքնաթիռը, ուշ է կատարում կատապուլտը և զոհվում է: «ՄիԳ»-երի գործն էլ այստեղ է ավարտվում:

«Ու-2»-ը, անպատիժ անցնելով, հետախուզեց Սարի-Շագանի գաղտնի հրաձգարանը, այնուհետև մոտեցավ այն ժամանակ դեռ Տյուրա-Տամ կոչվող գաղտնի օբյեկտին, որը հետագայում հայտնի դարձավ որպես Բայկոնուր տիեզերակայան: Օդ բարձրացած կործանիչները դարձյալ ոչինչ անել չկարողացան:

ՀՕՊ կորպուսի հրամանատար, գեներալ Յու.Վոտինցևը 156-րդ կործանիչային ավիագնդի երկու «ՄիԳ-17» կործանիչների օդաչուներին հրամայեց, խախտելով Իրանի օդային սահմանը, ուղեկցել սահմանախախտին այնքան ժամանակ, մինչև վայրէջքի գնացող «Ու-2»-ին հնարավոր լինի խոցել (այլ տվյալներով՝ «ՄիԳ»-երը օդ էին բարձրացել «Սու-9»-ի օդաչու, կապիտան Դորոշենկոյին օդանավակայան ուղեկցելու համար, քանի որ վերջինս մոլորվել էր և վառելիք չուներ): Խորհրդային օդաչուները, անցնելով մոտ 300 կմ, հետապնդումը շարունակելու հնարավորություն այլեւս չունեին, քանի որ վերջանում էր վառելանյութը, ուստի գլխիկոր վերադարձան:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Պատմության էջերից


28/02/2013