ԴԻՆԱՍՏԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՍԻԱՅՈՒՄ
Ասիական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ այնտեղի հասարակությունն ավելի հանդուրժողական է իշխանության դինաստիական փոխանցման նկատմամբ: Հիշեցնենք 2012թ. ընթացքում Ասիական մի քանի երկրներում իշխանության եկած նոր ղեկավարներին:
Հարավային Կորեայի նախագահ դարձավ նախկին նախագահ Պակ Չոն Հիի (ղեկավարել է 1961-1979թթ.) դուստրը` Պակ Կին Հեն: Չինաստանի ղեկավար դարձավ նախկին վարչապետ Սի Ճունսունի որդին: Ճապոնիայի նոր վարչապետ Սինձո Աբեն երկու նախկին վարչապետների թոռն է և զարմիկը: Իսկ Հյուսիսային Կորեայի երիտասարդ նախագահ Կիմ Չեն Ինը ԿԺԴՀ նախկին առաջնորդներ Կիմ Չեն Իրի որդին ու Կիմ Իր Սենի թոռն է:
Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում Արևելյան Ասիայի մյուս երկրներում: Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն նախկին նախագահ Կուրասոն Ակինոյի որդին է: Մալայզիայի վարչապետ Նաջիբ Աբդուլ Ռազակը և Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը նախկին վարչապետների որդիներն են:
Արևելքում մարդիկ շատ զգացմունքային են: Եթե նրանց սիրած հայտնի քաղաքական դեմքը մահանում է կամ սպանվում, ապա անպայման առաջ են քաշվում նրա մոտ ազգականները` կինը, ամուսինը, երեխաները:
Հնդկաստանում մինչև հիմա իշխում է Ներուների դինաստիան: Երբ մահանում է երկրի առաջին վարչապետ և Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Ջավահարլալ Ներուն, որոշ ժամանակ անց վարչապետ է ընտրվում նրա դուստրը` Ինդիրան: Երբ Ինդիրա Գանդիին 1984թ. սպանում է իր թիկնապահը, ընտրություններում հաղթանակ է տանում Ազգային կոնգրես կուսակցությունը, և վարչապետ է նշանակվում նրա որդին` Ռաջիվը: Մի քանի տարի անց նրան նույնպես սպանում է ահաբեկիչը: Դա 1993-ին էր: Կոնգրես կուսակցության ղեկավարությունը հասկանալով, որ գնալով կուսակցության վարկանիշն ընկնում է, առաջարկում է Ռաջիվ Գանդիի այրուն` իտալուհի Սոնյային, որը ողջ կյանքում տնային տնտեսուհի էր եղել, գլխավորել կուսակցությունը: 1998-ից ի վեր նա ՀԱԿ առաջնորդն է և մի այնպիսի հզոր դեմք է դարձել, որ ասում են, թե Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը նրա թելադրանքով է շարժվում: Իսկ Սոնյան իր որդուն` Ռահուլին նախապատրաստում է վարչապետ դառնալու:
2008թ. սպանվեց Բենազիր Բհուտտոն` Պակիստանի ընդդիմության առաջնորդներից մեկը և Պակիստանի ժողովրդական կուսակցության (ՊԺԿ) ղեկավարը: Նրա մահից հետո իսկույն հայտարարվում է, որ Բենազիրի գլխավորած կուսակցությունը իր հոր հետ միասին կղեկավարի վերջինիս 19-ամյա որդին` անփորձ երիտասարդ ուսանողը: Որոշ ժամանակ անց Պակիստանի նախագահ դարձավ Բենազիրի ամուսինը` Ասիֆ Ալի Զարդարին: Հիշեցնենք, որ Բենազիր Բհուտտոյի հայրը` Զուլֆիկհար Ալի Բհուտտոն, եղել է ՊԺԿ հիմնադիրը, մահապատժի է ենթարկվել, որոշ ժամանակ անց սպանվել են Բենազիրի եղբայրները, որից հետո ընտանիքի դուստրն է դառնում կուսակցության առաջնորդ և երկու անգամ ընտրվում վարչապետ` 1988-89թթ. և 1993-96թթ.: Այժմ 24-ամյա Բիլավալ Բհուտտո Զարդարիին, որը նոր էր վերադարձել Օքսֆորդում ուսումնառությունից, պատրաստում են վարչապետի պաշտոնի համար: Իսկ առայժմ նա ներկայացնում է իր պապի ստեղծած կուսակցությունը` ՊԺԿ -ն:
Իջնենք հարավ` Շրի Լանկա: Երբ սպանվում է Շրի Լանկայի ազատության կուսակցության առաջնորդ ու երկրի վարչապետ Սոլոմոն Բանդարանաիկեն, նրա կինը` Սիրիմավո Բանդարանաիկեն, կանգնում է կուսակցության գլուխ և դառնում երկրի վարչապետ 1960-65, 1970-77 և 1994-2000թթ.: Սիրիմավոն աշխարհում առաջին կին-վարչապետն է: Նրա դուստրը` Չանդրիկա Կումարատունգան, 1994թ. եղել է Շրի Լանկայի վարչապետը և նախագահը՝ 1994-2005թթ.:
Բանգլադեշում էլ նմանատիպ իրավիճակ է: 1996-2001թթ. երկրի վարչապետն էր 1975թ. ռազմական հեղաշրջման արդյունքում սպանված Շեյխ Մուջիբուր Ռահմանի (անկախ Բանգլադեշի 1-ին նախագահ 1971-75թթ.) դուստր Շեյխ Հասինան: Իսկ Բեգում Խալեդա Զիան, որը 1981թ. սպանված երկրի նախագահ Զիաուր Ռահմանի կինն է, եղել է Բանգլադեշի վարչապետ 1991-96 և 2001-2006թթ.:
Ասիայում դինաստիական ժառանգորդությունը կարծես թե նորմ է դառնում:
Ոչ ոք չի հերքում, որ վաստակավոր գործիչներից իշխանություն ժառանգելը քաղաքական թեկնածուներին առավելություններ է տալիս մրցակիցների նկատմամբ: Սակայն, միևնույն ժամանակ, անվանի ազգականների առկայությունը հաջողության երաշխիք չի հանդիսանում: Որպես օրինակ նշենք Ֆիլիպինների փոխնախագահ (1998-2001) և նախագահ (2001-2010) Գլորիա Մակապագալ Արոյոյին` նախկին նախագահ Դիոսդադո Մակապագալի դստերը: Եթե նրա հայրը հարգարժան քաղաքական գործիչ էր, ապա Գլորիային հիշում են որպես երկրի ամենակոռումպացված քաղաքական գործչի:
Հիմնական հարցն այն է, թե քաղաքական առաջնորդներն ինչպես են վերաբերվում իրենց լիազորություններին, երբ պաշտոնավորում են: Եթե նրանք դա անում են ժառանգաբար իրենց պատկանող սեփական իրավունքների նկատմամբ վստահության զգացումով, ապա դատապարտվում են անհաջողության, ինչպես եղավ Գլորիա Արոյոյի հետ: Սակայն Արևելյան Ասիայում մեծամասնությունը կարծես իշխանությանը մոտենում է պատասխանատվության սրված զգացումով և իրենց երկրների դիրքը ամրապնդելու պարտավորությամբ:
Օրինակ՝ Չինաստանի նոր նախագահ Սի Ծինփինի կյանքը չի կարելի ասել, թե անամպ է եղել: Մաո Ցզեդունի կատարած մաքրումների արդյունքում, երբ նրա հորը կոմկուսից հեռացնում են, Սին գնում է գյուղ աշխատելու և իր վրա զգում գյուղական ծանր կյանքի, ինչպես նաև «մշակութային հեղափոխության» բոլոր արհավիրքները: Քաղաքական բարձունքների հասնելով, նա իրեն այնպես չէր պահում, թե բոլորն իրեն պարտք են: Նա նույնիսկ ավելի շատ պատասխանատվության զգացում ունի և ձգտում է ապացուցել, որ բարձրագույն պաշտոնին է հասել ոչ թե արտոնությունների, այլ սեփական վաստակի, արժանիքների շնորհիվ: Սիի վարած քաղաքականությունը կողմնորոշված է դեպի կոռուպցիայի դեմ պայքարը:
Նույն կերպ վարվեց նաև Հարավային Կորեայի նոր նախագահ Պակ Կին Հեն: Նրա հայրը աղքատությունից դուրս բերեց երկիրը և այն վերածեց «տնտեսական վագրի»: Սակայն հոր տիրապետության ժամանակաշրջանը կապված էր դաժանության և բռնադատումների հետ: Տիկին Պակի նախորդների անունն էլ մաքուր չէր: Երկու նախկին նախագահներ Ռո Դե Ուն և Չոն Դու Հվանը քրեական հետապնդման մեջ էին, իսկ Ռո Մու Հենն էլ ինքնասպան եղավ: Լինելով ոչ այնքան մեծ երկիր, որը շրջապատված է խնդրահարույց հարևաններով և սահմանակցում է լարվածության մշտական աղբյուր Հյուսիսային Կորեայի հետ, Հարավային Կորեան անընդհատ լարվածության մեջ էր ապրում: Եվ Պակը, որի հաղթանակը չի թուլացրել իր հոր նկատմամբ երկակի վերաբերմունքը, հասկանում էր, որ այնքան էլ հեշտ չի լինի վերացնել հասարակության ակնհայտ բաժանումը Հարավային Կորեայում:
Դինաստիականությամբ ժառանգաբար անցած իշանությունը հաջողություն չի ապահովում: Մալայզիայի վարչապետ Ռազակը, որը հսկայական փորձ արեց միավորելու տարբեր սուլթանություններից կազմված իր երկիրը «1Malaysia» (Միասնական Մալայզիա) կարգախոսով, նույնպես դատապարտված էր: Իսկ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որը վարչապետ էր նաև 2006-2007թթ., ավելի դժվար իրավիճակում է, թեպետ ունի հզոր նախնիներ: Այժմ Ծագող արևի երկիրը շատ ավելի ծանր վիճակում է` զգալի ներքին ու արտաքին խնդիրներով: Շատ քչերն են հավատում, որ նա հաջողության կհասնի:
Ինչպես տեսնում ենք, քաղաքական իշխանության դինաստիական փոխանցման ասիական մոդելը չի ապահովագրում այն խնդիրներից, որոնց առջև կանգնած է ողջ աշխարհը: Երկրի ղեկավարները պետք է կարողանան ձևավորել առավել իրազեկ և պատասխանատու կառավարություն` հաջողության հասնելու և դինաստիայի ազգանունը «գետնով չտալու» համար:
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական