Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ



Սկիզբը՝ նախորդ համարներում

– Թերևս արժեր քեզ ավելի մոտիկից ծանոթացնել Արիստոտելի հետ: Նա պաշտում է այդ թեմաներով զրույցները, – աշխուժացավ Ալեքսանդրը, և նրա աչքերում ուրախ կրակ առկայծեց: Դարեհի շշուկը վերածվեց ընդհատվող անձայն ծիծաղի:

– Դու մսից ու արյունի՞ց ես սարքած, – ծաղրանքով հարցրեց արքայից արքան և, ընդհուպ մոտենալով Ալեքսանդրին, ափով հպվեց նրա այտի կոշտ մազերին, – ի՜նչ նման է մարդու:

– Գուցե լեզու՞ս ցույց տամ քեզ,- ծիծաղեց Մակեդոնացին, – Ի դեպ, ում տեղն ուզում ես ինձ դիր, օրինակ` Աստծո: Ի միջի այլոց` դա վատ գաղափար չէ, հարկ կլինի հետագայում դրա համար օգտավետ կիրառում գտնել: Շնորհակալ եմ քեզ` ակամա ցուցաբերած ծառայության համար: Իսկ հիմա ավելի լավ է` գործի անցնենք: Ես քիչ ժամանակ ունեմ:

Այդ պահին Դարեհը լուռ մոտեցավ Ալեքսանդրին, գոտուց հանեց մագաղաթը և նրա աչքի առաջ բաց արեց այն: Մագաղաթի վրա հստակորեն նշված էին աշխարհի սահմանները: Եփրատը հատուկ առանձնացված էր մուգ կապույտով: Իշխանը զննեց քարտեզը և Հնդկաստանի տարածքում` Սամբհարի ավերակների շրջանում, նկատեց փոքրիկ, չարագուշակ, կարմիր խաչ: Դարեհը հանդիսավորությամբ ու դանդաղ սկսեց երկու մասի բաժանել մագաղաթն այն մասից, որտեղով հոսում է մեծ գետը:

– Ես քեզ կնության եմ տալիս իմ աղջկան, աշխարհի կեսը` Եփրատից արևմուտք, և անհաշիվ հարստություն, որ ձեռք եմ բերել հնդկական արշավանքի ժամանակ: Մենք այլևս ոչինչ չունենք կիսելու: – ասաց նա և վեհանձնորեն ձեռքը մեկնեց Ալեքսանդրին: Բոլորը քարացան տագնապալի սպասման մեջ:

Ալեքսանդրը երկար նայեց Դարեհին: Վերջինս դանդաղ իջեցրեց ձեռքը:

– Եթե ես Ալեքսանդրը լինեի, կհամաձայնեի, – բացականչեց Պարմենիոնը:

– Ես էլ, եթե Պարմենիոնը լինեի, – լրջորեն պատասխանեց Ալեքսանդրը:

– Երջանկությունը երբեք լիարժեք ու երկարատև չի լինում, և նրա յուրաքանչյուր վայրկյանի համար ստիպված ենք հետո երկար ժամանակ վճարել, – հանդիսավորությամբ արտաբերեց Դարեհը` հիշելով մեռնող Բհադանապալի բառերը և Ալեքսանդրին մեկնելով մագաղաթի երկու կեսերը: – Վերցրո՛ւ ճակատագրի այս նշաններն ի հիշատակ, և թող չար բախտը քո նկատմամբ ավելի բարեհաճ ու արդարացի լինի, քան ես:

Իշխանը հանկարծ անհանգստություն զգաց, շրջվեց Արտավազդի կողմը և կրկին նրա աչքերում «տարօրինակ հայացք» տեսավ:

«Մենք ինչ-որ կախարդված շրջանով ենք քայլում, – մռայլորեն մտածեց իշխանը: Բնազ-դաբար Փառանձեմին տեսնելու անհաղթահարելի ցանկություն զգաց: Բացի այդ` արքայից արքա Դարեհն ու Ալեքսանդր Մեծը, հետաքրքրությամբ միմյանց զննելով, կարծես ցանկանում էին մենակ մնալ:

Իշխանն արմնկակալի փայտակտորը հապճեպ գոտու մեջ խցկելով ու գորովանքով որդիների ուսերը գրկելով` լքեց պալատը: Նա զավակներին իրենց մոր մոտ տարավ:

– Քեզ ձեռնտու չեն խաղաղության իմ պայմանները: Այդ դեպքում ի՞նչ ես դո՛ւ ուզում, – կրակոտ աչքերը Ալեքսանդրին հառեց Դարեհը:

– Երբ ես ոչնչացնեմ քեզ, կգա հունական օրինակով նոր աշխարհ կառուցելու ժամանակը, որում ո՛չ ձեր ասիական բարբարոսությունն ու նենգությունը կլինեն` խառնված կեղծավորությանն ու դավաճանությանը, ո՛չ էլ մեր գոյության մշտական սպառնալիքները: Ձեզ հոգևոր վերածնունդ է սպասվում:

Դարեհը նկատելիորեն աշխուժացավ, աչքերը ոգևորությունից լայնացան:

– Մ՞իթե դու իսկապես հավատում ես, որ կարելի է պարսիկներից հելլեններ սարքել, – հարցրեց նա` թերահավատորեն ու ծուռ ժպտալով:

– Իսկ ինչու՞ ոչ, մի՞թե պարսիկները չեն վերածվում հայերի: Մի տասը տարի այստեղ ապրելն էլ բավական է:

Արքայից արքա Դարեհն ակամա կնճռոտվեց և անբարեհաճորեն շրջվեց փակ դռան կողմը:

– Ի դեպ, այդ հայկական հարցով Արիստոտելն էր հետաքրքրվում: Մի ծառայություն ևս մատուցիր ինձ և բացատրիր` ինչու՞ և ինչպե՞ս է դա տեղի ունենում:

– Դարեր շարունակ մենք կռվել ենք նրանց դեմ, ասպատակել ու ոչնչացրել ենք նրանց, մեր արքաներին ու Զրադաշտ ենք պարտադրել, իսկ նրանք կրկին վերածնվում են: Որքան շատ ենք մենք նրանց ոչնչացնում, այնքան ավելի ուժեղ են դառնում: Հնարավոր է` աստվածները հայերին արարել են, որպեսզի թույլ չտան մեզ երևակայել մեր մեծության ու վեհության մասին:

– Եվ ահա, երբ դուք վերջնականապես զզվեցրել եք Աստվածներին, նրանք ի հավելումն ստեղծել են ի՞նձ, – շարունակեց Ալեքսանդրը ծիծաղելով: – Եվ դա ընդամենը նրա համար, որպեսզի ցավ պատճառեն պարսիկներին: Ի դեպ, եթե դուք ձեզ հանգիստ ու համեստ պահեիք, հնարավոր է` հայկական հարցը նույնպես չլիներ:

– Պայքարելով աստվածային կանխորոշման դեմ` դու ճակատագրի անիվին հաջորդ պտույտի համար անհրաժեշտ ուժն ես տալիս, և երբ ճշմարտության պահն է գալիս, այն քեզ ավելի վեր է բարձրացնում:

– Վճռված է: Ես գերի եմ վերցնում քեզ և որպես նվեր` տանում եմ Արիստոտելին: Կարող ես ինձ շնորհակալություն չհայտնել, – ծիծաղելով ավելացրեց Ալեքսանդրը:

Զսպելով զայրույթը` Դարեհը ցնցվեց և կրկնեց հարցը.

-Խաղաղության իմ պայմանները քեզ դուր չեկան, ի՞նչ ես դո՛ւ ինձանից ուզում:

– Քեզ ոչնչացնելուց հետո ես ծանր ու դժվար արշավանք պիտի կատարեմ դեպի Հնդկաստան և հուսալի թիկունքի կարիք ունեմ: Մենք Պարմենիոնին կամուսնացնենք քո դստեր հետ, իսկ ապագա թոռներիդ կսովորեցնենք հունարեն բնագրով Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը» կարդալ: Հոյակապ ծրագիր է, չէ՞:

– Հայկական դինաստիան պարսկական գահի՞ն, – Դարեհի դեմքը ծռմռվեց ատելության ջղաձգումից, և այրվող ճակատին փայլփլեցին քրտինքի կաթիլները:

– Իսկ դու չէի՞ր պատրաստվում Արտավազդին ամուսնացնել աղջկադ հետ, – զարմացավ Ալեքսանդրը, – հայկական դինաստիան պետք է իշխեր պարսկական գահին, այդպես չէ՞:

Դարեհն անզոր ատելությամբ սեղմեց բռունցքները:

Շարունակելի

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Հոգևոր-մշակութային


28/02/2013