Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔ



Պատմում է Աշոտ Մինասյանը

Գևորգը զոհվեց 1993 թվականի մարտի 31-ին, Վակունիսում՝ Քարվաճառի մարտական գործողությունների ժամանակ։ Ծանր է անգամ վերհիշել այդ օրվա մարտերը։ Այդ օրը զոհվեցին Վուրգը, Վոլոդյան, Գևորգը, Վահանը, Հրայրը… 10 զոհ տվեցինք՝ թանկ ու նվիրական անուններ, տղաներից 13-ը վիրավորվեցին։ Գևորգի որդին՝

Հակոբը, արդեն 20 տարեկան է։ Փոքր էր, շատ էր փոքր, երբ զոհվեց հայրը։ Հասակ առավ, մեծացավ Անուշ տատի օրորներով, Անուշ տատի որդու մասին հիշողություններով։

2001 թվականին, երբ Վակունիսում հուշարձան կառուցեցինք, հուշարձան-խաչքարը բացելու պատիվը տրվեց Անուշ տատին և Հակոբ թոռանը։

Հետո Անուշ տատը թոռան ձեռքը բռնած ման էր գալիս պատերազմի արկերից, գնդակներից բզկտված այդ տարածքում։ Հավաքում էին պարկուճներ, արկի բեկորներ, այն, ինչ հիշեցնում էր պատերազմը։ Հետո Հակոբը իր տարեկիցներին գլխին հավաքած պատմում էր, բացատրում, որ այդ տարածքները իր Գևորգ հայրն է ազատագրել։ Աննկարագրելի հպարտությամբ էր պատմում իր Գևորգ հայրիկի մասին, որին միգուցե հիշում կամ չէր հիշում…

Այդ նույն տարի իմ տղան ու Հակոբը պիտի գնային առաջին դասարան։ Ես այդ օրը իմ տղային չտարա դպրոց։ Ընկերոջս՝ Գևորգի որդու՝ Հակոբի ձեռքը բռնած Անուշ տատի հետ նրա՛ն տարա։ Պարտավոր էի այդպես վարվել, չէ՞ որ Գևորգը զոհվել էր։

Պարտավոր էի…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Հոգևոր-մշակութային


28/02/2013