ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ Ի ՊԱՏԻՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը հաղթահարել է դարերի փորձությունը, թրծվել միևնույն թշնամու դեմ պայքարում: Այսօր էլ երկու ժողովուրդների հարաբերությունները բարձր հիմքերի վրա են, ինչի վկայություններից է փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջոցառումը, որը կազմակերպվել էր մարտավարամասնագիտական լսարանը եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով անվանակոչելու կապակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վ. Ավետիսյանը, պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, Ռազմական ինստիտուտի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Ս. Միրզոյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վ. Ասծատրյանը, եզդի համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում` Ջահանգիր աղայի թոռ Մուրազ Խատոյանը:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց մարտավարամասնագիտական լսարանում` Ջահանգիր աղայի կիսանդրու բացմամբ, որի պատիվը շնորհվեց պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: Ռազմական ինստիտուտի պետի` ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Մ. Հակոբյանի` հայ և եզդի ժողովուրդների բարեկամության, հայ ժողովրդի կյանքում Ջահանգիր աղայի ունեցած դերի և լսարանի վերաբացման նախապատմության մասին բացման խոսքից հետո միջոցառումը շարունակվեց Ռազմական ինստիտուտի դահլիճում:
Հայաստանի վաստակավոր լրագրող Հասան Թամոյանը, մեջբերելով պատմական փաստեր, հանգամանալից ներկայացրեց Ջահանգիր աղայի կյանքի և գործունեության մանրամասներ, մասնավորապես` Զորավար Անդրանիկի հետ նրա բարեկամության, Եղեռնի օրերին հայ գաղթականներին ցուցաբերած օգնության, Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում ունեցած զգալի ավանդի մասին:
Այնուհետև ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, օգտվելով տոնական օրվա ընձեռած հնարավորությունից, նախ շնորհավորեց ներկաներին Արցախյան շարժման 25-ամյակի և համապետական նշանակության կարևորագույն իրադարձության` ՀՀ նախագահի – ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի ընտրությունների կապակցությամբ:
«Հայ ժողովուրդը, սփռված լինելով ամբողջ աշխարհում, շատ լավ գիտակցում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ժողովրդի ազգային ինքնորոշման, ազգային մշակույթի ու նաև տվյալ պետության զարգացման գործում: Ի տարբերություն այլ պետությունների, որտեղ ճնշվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, մենք մեծարում ենք մեր եզդի եղբայրների և քույրերի դերն ու նշանակությունը և այսօր մեծարում ենք մի մարդու, որը մեծ դերակատարություն է ունեցել դարասկզբի մեր պատմության մեջ»,- իր ելույթում նշեց պաշտպանության նախարարը:
Ս. Օհանյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց եզդի ժողովրդին մշտական զորակցության համար` բարձր գնահատելով նրանց մասնակցությունը նաև Արցախյան գոյամարտին. «Մեր բարեկամությունը կարելի է օրինակելի համարել: Մեր պատմության ընթացքում մենք երբևէ ազգամիջյան սրում կամ ընդհարում չենք ունեցել: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ Արցախյան գոյամարտի ժամանակ շուրջ 600 եզդիներ, կազմելով ջոկատներ, իսկ շատերը հայկական ջոկատների կազմում, մարտնչել են` պաշտպանելով ՀՀ սահմանային բնակավայրերը և Արցախը: Նրանցից 36-ը զոհվել են: Փառք ու պատիվ նրանց»:
Նախարարը բարձր գնահատեց նաև այսօր ՀՀ զինված ուժերում ծառայող 9 եզդի սպաների դերը` վստահեցնելով, որ տարիներ անց նրանցից շատերը, նաև ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմում ընդգրկվելով, մեծ ներդրում կունենան մեր զինուժի զարգացման գործում: Նշենք, որ ՀՀ զինված ուժերում ծառայող եզդի սպաներից 6-ը Ռազմական ինստիտուտի շրջանավարտներ են: Նրանց շարքերը կհամալրի Ռազմական ինստիտուտում սովորող ևս մեկ կուրսանտ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանի` մարտավարամասնագիտական լսարանը Ջահանգիր աղայի անունով անվանակոչելու կապակցությամբ հղած ուղերձները:
Միջոցառման վերջում ԵԿՄ մեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մ. Կարապետյանը, գեներալ-լեյտենանտ Ս. Միրզոյանը, մի խումբ եզդի ազատամարտիկներ: Պատվոգիր հանձնվեց նաև Ռազմական ինստիտուտին, որն իր տեղը կզբաղեցնի Ջահանգիր աղայի անունը կրող լսարանում:
ՀՀ բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում եզդի ժողովրդի ազգային հերոսի անունով լսարան ունենալը կրկին վերահաստատում է ՀՀ իշխանությունների` Հայաստանի Հանրապետությունում ապրող եզդիների և ընդհանրապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ ունեցած հարգանքը, ապացուցում, որ երախտապարտ հայ ժողովուրդը գիտի գնահատել ոչ միայն սեփական հերոսներին, այլև կարողանում է արժևորել իր պետականության, իր անկախության համար պայքարող այլազգի հերոսների սխրանքը:
ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
Ենթասպա
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ