Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱԳ ԽՈՀԱՐԱՐ ՍԻՐԱՆՈՒՇԸ



Աշխարհստեղծման պահին Աստված երևի թե ճիշտ որոշում է կայացրել՝ ցավը տալով մարդուն։ Իհարկե, խոսքը հոգու ցավի մասին է, որը ինչքան էլ խորն է լինում, չի կարողանում հաղթել մարդուն, կոտրել նրա հավատը և շեղել ապրելու, իր նվիրական նպատակներն իրականացնելու ճանապարհից։ Իսկ հոգով ուժեղ մարդկանց ցավը կրկնակի ուժ է տալիս, նպատակների իրականացման համար բազմապատկում է նրա վճռականությունը… Արցախում շատ-շատ են ազատագրական կռվի ժամանակ ծանր վիշտ, ցնցումներ ապրած ընտանիքները։ Եթե նրանք այն ծանր տարիներին խեղճանային, ընկճվեին, այսօր չէինք ունենա մեր պատմության առայժմ վերջին ու փառահեղ հաղթանակը, չէր լինի օր օրի շենացող Արցախը, չէինք լսի այնտեղ ապրող մեր հարազատների խինդն ու ծիծաղը։

Իմ հերոսը կյանքի, ավելի ճիշտ՝ թշնամու ծանր հարվածներին դիմակայած, իր հոգու ցավը հաղթահարած հայուհին է։ Սիրանուշ Բաղդասարյանը՝ ավագ խոհարար, շարքային-պայմանագրային զինծառայող։ Ազատագրական շարժմանն ու կռվին մասնակցել է ընտանիքի հետ, ինչպես բոլոր արցախահայերը։ Եղբորը՝ Ներսեսին, ադրբեջանցիները գերի են վերցրել։ Նրան ազատելու համար շատ աշխատանք է կատարվել։ Ի վերջո, տեղի է ունեցել փոխանակում։ Մերոնք նրա դիմաց տվել են չորս ադրբեջանցու։ 1992թ. հունվարից գերության մեջ է Սիրանուշի սկեսուրը՝ Ջուլիետա Բաղդասարյանը։ Մինչ այժմ նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։

-Բանակում, ավելի ստույգ՝ պաշտպանական կենտրոնական շրջանում, ծառայության եմ անցել 1993-ին, կարելի է ասել՝ փոխարինել եմ ամուսնուս,- ասում է Սիրանուշը։

Նրա ամուսինը՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Սամվել Բաղդասարյանը, եղել է ԿՊՇ-ի զինվոր։ Նա 1993-ին ծանր վիրավորվել է ու թողել մարտադաշտը։ Այժմ նա երկրորդ կարգի հաշմանդամ է, անկողնային հիվանդ։ Իսկ Սիրանուշն արդեն քսան տարի բանակում է։

-Մեր կյանքը ծանր պայքար է, տարիներն անցան, ջահելություն չունեցանք։ Նոր էի ամուսնացել, ու սկսվեց պատերազմը, հետն էլ՝ եղբորս, սկեսրոջս գերությունը, ամուսնուս վիրավորվելը, փոքր երեխաները գիրկս, ո՞նց դիմացանք…

Սիրանուշը հպարտանում է իր զավակներով։ Տղան՝ Գեորգին, համալսարանի իրավագիտության ֆակուլտետն է ավարտել, ծառայել է բանակում։

Աղջիկը՝ Նարինեն, նույնպես բարձրագույն կրթություն ունի՝ քիմիկ-կենսաբան է։

Միասին նայում ենք խոհանոցի արտադրամասերը։ Սիրանուշը ցույց է տալիս, թե որտեղ՝ ինչ է արվում, համտեսում է արդեն պատրաստի ապուրը, իսկ սեղաններից մեկի վրա մսի հսկայական կույտ է, որը պետք է խառնվի փլավին։

-Հերթապահ խոհարարը նախաճաշի պատրաստությունն սկսում է գիշերը՝ ժամը երկուսին։ Վաղ առավոտյան բոլորս արդեն մեր տեղերում ենք։ Աշխատանքն ավարտում ենք երեկոյան ժամը 21-ին, երբ ընթրիքից հետո լվացվում է ողջ սպասքը, մաքրվում են ճաշարանն ու խոհանոցը։ Ճաշերը բազմազան են։ Հաշվի ենք առնում, թե որոնք են ավելի ախորժակով ուտում։ Երբ տեսնում ենք, որ որևէ ճաշից մնացորդը շատ է, դրանից էլ չենք եփում։ Ամեն օր պարտադիր են կարագը, միսը, ձուն, տաք ճաշը։ Փլավները բազմազան են։ Աշխատողներս լավն են։ Խոհարար Արմինեն, աման լվացող Անահիտը, բարեխիղճ են, մաքրասեր, զինվորին սիրող…

Սիրանուշը ջերմ խոսքերով ներկայացրեց նաև զինվոր խոհարարներին՝ շարքայիններ Ռոբերտ Թորոյանին, Գևորգ Բաղդասարյանին, Ռաֆայել Հունանյանին։ Նրանք խոհարարական մասնագիտություն ձեռք են բերել ուսումնական զորամասում։ Շարքային Ռաֆայել Հունանյանը ճանաչվել է 2012թ. բանակի լավագույն խոհարար։

Շարքային Սիրանուշ Բաղդասարյանի 20-ամյա ծառայությունը նույնպես համարժեք գնահատականի է արժանացել։ Նա խրախուսվել է շնորհակալագրերով, բազմաթիվ պատվոգրերով։

-Եղել է այնպես, որ մի տարում չորս խրախուսանքի եմ արժանացել։ Շնորհակալ եմ բոլորից, բանակի հրամանատարությունից, մանավանդ, որ ամուսնուս չեն մոռանում։ Ուզում եմ մարտի 8-ի առիթով շնորհավորել կենտրոնական պաշտպանական շրջանի բոլոր զինվորների մայրերին, կանանց ու քույրերին, մաղթել նրանց առողջություն և երազանքների իրականացում։ Ես մեր զինվորներին չեմ տարբերում իմ երեխաներից և ձգտում եմ նրանց կերակրել այնպես, որ շատ չկարոտեն իրենց մայրերի եփած ճաշերը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարը՝ հեղինակի

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ճակատագրեր


07/03/2013