Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀՊԱՐՏԱՆԱ ՔԵԶՆՈՎ



ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետի տեղակալ, մայոր Գոհար Կարապետյանը այսպես ներկայացրեց նույն հոսպիտալի ախտորոշման բաժանմունքի պետ, մայոր Նարինե Էլիզբարյանին. «Հոսպիտալի երկարամյա աշխատակիցներից է, լավագույններից մեկը։ Բարեխիղճ է, պատասխանատու, կազմակերպված և կարգապահ։ Լավ մասնագետ է, հոգատար է ու սրտացավ։ Նաև հրաշալի մարդ է՝ օժտված բազմաթիվ առաքինություններով…»։

Ես կարդում եմ այս տողերը Նարինե Էլիզբարյանի համար։ Նա աղջնակի պես շիկնում է, շփոթվում. «Չէ… ի՜նչ լավագույն։ Դե, իմ գործն եմ անում…»։ Ինձ դուր են գալիս այսպիսի մարդիկ, որոնց համար ազնիվ ու պատասխանատու, հոգատար ու բարեխիղճ լինելը ապրելու կերպ է։

-Իմ ընտանիքը խորհրդային մտավորականի դասական ընտանիք էր։ Հայրս՝ Ռուդոլֆ Իսրայելյանը, շինարար է, Արցախի պետական համալսարանի քաղաքաշինության ամբիոնի վարիչը, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ։ Մայրս՝ Սոֆյա Իսրայելյանը, բժշկուհի է։ Մենք երկու երեխա էինք՝ ես և եղբայրս։ Եղբայրս շինարար դարձավ հորս նման, ես՝ մորս նման բժշկուհի։

-Ինչո՞ւ…

-Որովհետև մեր ծնողները կատարելատիպ էին մեզ համար։ Հարգված էին, ազնիվ, սկզբունքային, օրինավոր։ Մեզ մանկուց սովորեցրել են բարեգութ ու կիրթ լինել կողքինի հանդեպ, հարգել, օգնել, ներել, զիջել…

Մենք հայրենասիրության մեր ուրույն մոդելն ենք ունեցել։ Հայրս ասում էր՝ սիրել հայրենիքը նշանակում է այնպես անել, որ հայրենիքը հպարտանա քեզանով։ Երբ հեռուստատեսությամբ հայի ազգանուն էր հնչում, հայրս ասում էր՝ ես հպարտանում եմ նրանով։ Այսինքն՝ մեզ տրված էր հայրենասիրության յուրատեսակ պատգամ՝ այնպես ապրիր, որ հայրենակիցներդ հպարտանան քեզնով։

-Շա՞տ էր տարբեր Երևանը Ստեփանակերտից, երբ ընդունվեցիք բժշկական ինստիտուտ և առաջին անգամ տեսաք մայրաքաղաքը։

-Չէի ասի, թե շատ էր տարբեր։ Ուսանելու տարիներին ես մի միջավայրում էի, որտեղ նույն արժեքները, նույն գաղափարներն էին իշխում, այդ պատճառով էլ ինձ օտար չեմ զգացել։ Հիշում եմ՝ մենք առաջին կուրսից սպիտակ խալաթ էինք կրում։ Սպիտակ խալաթը նույնն էր, ինչ… հոգևորականի սքեմը (ներեցեք համեմատության համար), մի տեսակ սրբացնում էր քեզ, պարտավորեցնում, վեհացնում։ Դասախոսները մեզ դիմում էին՝ բժիշկ… և այդ բառի մեջ այնքան հղում ու պատգամ կար, այնքան խորհուրդ ու պարտք…

Մենք հրաշալի դասախոսներ ունեինք։ Նրանք հայտնի դեմքեր էին, ճանաչված մտավորականներ… Ոչ միայն լավ մասնագետներ էին, այլև ազգին նվիրված, ազգի հոգսուցավով ապրող, հայրենասեր, առաքինի մարդիկ, որոնք ակնածանք էին ներշնչում։ Նրանց հետ յուրաքանչյուր շփում կրթում էր ուսանողին, ամեն անգամ ինչ-որ բան էինք սովորում նրանցից։ Դեռ այն ժամանակ ես հասկացա, որ բժիշկ լինելն առաջին հերթին հոգու վիճակ է, հոգու նկարագիր է։ Դու կարող ես հրաշալի տիրապետել մասնագիտական հմտություններին, բայց բժիշկ լինելու համար, բժշկելու համար պետք է նաև մեծ սեր ունենաս մարդու հանդեպ, կարեկցանք, պատասխանատվություն, անձնվիրություն…

-Ինչո՞ւ որոշեցիք զինվորական ծառայության անցնել։

-Բանակ եմ եկել 1994-ին։ Ես գիտեի, որ ծանր աշխատանք է սպասվում, որ հեշտ չի լինելու, բայց… չեմ ուզում բարձրագոչ բառեր ասել, ուզում էի իմ ավանդն ունենալ բանակաշինության գործում, աշխատել…

18 տարի բանակում եմ ու դժվարանում եմ հավատալ, որ այսքան մեծ առաջընթաց ու ձեռքբերումներ ունեցանք։ Հեռվից հեշտ է թվում։ Բայց ես գիտեմ, թե որքան տքնանք, նվիրում, ջանք ու անձնվիրություն կա մեր այսօրվա ձեռքբերումների հետևում։

-Դուք հիմա բժիշկ լինելու հետ միասին նաև զինվորական եք։ Ի՞նչ է փոխել համազգեստը Ձեր բնավորության մեջ, Ձեր ներաշխարհում։

-Իմ հիվանդները՝ սպաներն ու զինվորները, սովորական մարդիկ չեն, նրանք երկրի պաշտպանն են, հայրենիքի ուժն են։ Այս զգացողությունը հատուկ է թերևս միայն զինվորական բժիշկներին, երբ քո հիվանդը բանակիդ մարտունակության մի մասնիկն է, և նրան բուժելու միտքը զուգորդվում է նրան շարք վերադարձնելու մտքին։ Երբ ես սպիտակ խալաթով եմ, ես ուրիշ եմ… Երբ ես զինվորական համազգեստ եմ կրում, ակամա դառնում եմ ավելի խիստ, օրինավոր ու կարգապահ։ Զինվորական համազգեստը անթերի լինելու լրացուցիչ պարտավորություն է հուշում։ Սա այն բժիշկների համազգեստն է, ովքեր վիրավոր զինվորին փրկելու համար կյանքը զոհեցին Արցախյան պատերազմում։ Սա այն բժիշկների համազգեստն է, ովքեր բանակաշինության դժվարին տարիներին կանգնեցին սահման պահող զինվորի կողքին։ Սա այն բժիշկների համազգեստն է, ովքեր իրենց անձնվեր աշխատանքով, իրենց կերպարով, իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով այսօր էլ բարձր են պահում հայ զինվորական բժշկի կերպարը… Ես կրում եմ նրանց համազգեստը։

-Կարծեմ, Ձեր ամուսինն էլ է զինվորական բժիշկ։

-Այո՛։ Ամուսինս Կենտրոնական հոսպիտալի ընդունարանի պետն է՝ մայոր Վադիմ Էլիզբարյանը։ Մենք երեք երեխա ունենք։

-Ի՞նչն է հուզում Ձեզ այսօր որպես երկրի քաղաքացի, որպես զինվորական բժիշկ, որպես մայր…

-Ես խորապես խղճում եմ այն մարդկանց, ովքեր չեն վայելում կողքինին օգնելու բավականությունը։ Ես խորապես ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում արժանապատիվ՝ կուշտ ու անհոգ մանկություն պարգևել իրենց զավակներին։ Ու խորապես ցավում եմ այս երկու բևեռները անջրպետող հակակրանքի համար…

-Իսկ ինչո՞վ եք ուրախանում…

-Մենք առաջ ենք գնում, գուցե ոչ այնքան մեծ քայլերով, բայց հաստատուն։ Կան մարդիկ, ովքեր մեր երկիրն առաջ են տանում։ Նրանք հասարակության բոլոր խավերում են՝ բժիշկների, ուսուցիչների, բանվորների, զինվորականների, նախարարների, լրագրողների… Կան մարդիկ, որոնց համար մեր երկիրն ավելի կարևոր է, քան անձնական բարեկեցությունն ու շքեղությունը, ովքեր պատվախնդիր են, ազնիվ, ուժեղ, կենսունակ… Ես հավատում եմ այդ մարդկանց հաղթանակին…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ճակատագրեր


07/03/2013