«ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
Նախնական զինվորական պատրաստության ուսուցման եւ ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների հաջող կատարումը կախված է զինղեկի՝ դասը հմուտ կազմակերպելուց եւ մատուցելուց: Նա պարտավոր է տիրապետել ուսումնական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, ռազմական ուսուցման բարելավման եւ կրթական գործընթացի կազմակերպման ու սովորողների գիտելիքների գնահատման հարցերին: Զինղեկը պետք է պատասխանատվությամբ վերաբերվի, պատրաստվի դասին (պարապմունքին)՝ հաշվի առնելով «ռազմագիտություն» առարկայի առանձնահատկությունը:
ՆԶՊ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
Պլանավորումը մանկավարժական աշխատանքների կազմակերպման կարեւորագույն սկզբունքներից է: Նախնական զինվորական պատրաստության պլանավորման հիմնական սկզբունքներն են`
-ուսուցման գործընթացի կազմակերպումը եւ ուսումնադաստիարակչական խնդիրների իրականացումը ՆԶՊ ուսումնական ծրագրի համապատասխան.
-յուրաքանչյուր դասի նախօրոք եւ մանրակրկիտ նախապատրաստում.
-մանկավարժական կոլեկտիվների հետ փոխգործակցության ապահովում.
– յուրաքանչյուր աշակերտի առաջադիմության վերահսկողություն` համաձայն ուսումնական ծրագրի:
Փորձը ցույց է տալիս, որ զինղեկին բաժին է հասնում զգալի թվով պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանք: Առաջին խմբի մեջ են մտնում ժամահաշվարկը, շաբաթական պլանը, թեմատիկ հեռանկարային պլանը, դասավորման պլանը: Երկրորդ խմբի մեջ կարող են մտնել մյուս բոլոր ծրագրերը, որոնք կապված են ՆԶՊ առարկայի, ռազմահայրենասիրական կրթության աշխատանքների հետ: Պլանավորման հետ միասին, ուսումնական գործընթացի կարեւոր տարրերից համարվում է սովորողի կանոնավոր հաճախումը դասին, վարքը, մասնակցությունը գործնական պարապմունքներին:
Պլանավորումը եւ հաշվառումը բարդ եւ ժամանակատար աշխատանք է, որն էլ զինղեկից պահանջում է հմտություն եւ համապատասխան գիտելիքներ: Փորձը ցույց է տալիս նաեւ, որ առավել նպատակահարմար է փաստաթղթերը պլանավորել հետեւյալ հերթականությամբ.
1.Ժամահաշվարկ,
2.Շաբաթական պլան,
3.Դասացուցակ՝ շաբաթվա եւ գործնական պարապմունքների համար,
4.Թեմատիկ հեռանկարային պլան,
5.Պարապմունքի պլան,պլան հակիրճագիր:
ԺԱՄԱՀԱՇՎԱՐԿԸ բաղկացած է մի քանի փոխկապակցված աղյուսակներից: Առաջինը պարունակում է ուսումնական ժամերի բաշխումը կիսամյակի համար: Երկրորդը` կիսամյակային ուսումնական ժամերի քանակը առանձին բաժինների ուսումնասիրմամբ՝ կախված դասաժամերի քանակից, զինղեկի ծանրաբեռնվածությունից:
Ժամահաշվարկի համար անհրաժեշտ է քաղվածք ուսումնական պլանից, տեղեկություններ սովորողների կազմի, թվի մասին: Նպատակահարմար է ժամահաշվարկը կազմել մինչեւ շաբաթական պլանը նախապատրաստելը: Շաբաթական պլանը կազմվում է` հաշվի առնելով ներառարկայական եւ միջառարկայական առնչությունները, թեմաների անցկացման հերթականությունը:
ԴԱՍԱՑՈՒՑԱԿԸ ցույց է տալիս պարապմունքների քանակը ըստ շաբաթների` համաձայն ուսումնական պլանի: Զինղեկն ընդհանուր դասացուցակի քաղվածքի հիման վրա մշակում և կազմում է ՆԶՊ դասացուցակ շաբաթվա, ամսվա, կիսամյակի համար, որն էլ փակցվում է ՆԶՊ լսարանում:
ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆԸ, ի տարբերություն շաբաթականի, ընդգրկում է դասերի մանրամասն գրառումները, որոնք ներառում են յուրաքանչյուր դասի ուսումնադաստիարակչական նպատակը, մեթոդական բնութագիրը, ներառարկայական կապը, նյութական ապահովվածությունը եւ այլն: Հեռանկարային թեմատիկ պլանի կազմումը չի պահանջում յուրաքանչյուր դասի մանրամասն պլանավորում:
ԴԱՍԻ ՊԼԱՆԸ կազմելիս զինղեկը օգտագործում է հեռանկարային թեմատիկ պլանը, որից տվյալ դասի համար վերցնում է ուսումնա-դաստիարակչական ուղղվածությունը, ուսումնական հարցերը, դասի անցկացման մեթոդաբանությունը` նշելով անհրաժեշտ օժանդակ նյութերը եւ այլն:
Ի տարբերություն ընդհանուրի` անհատական պլանը մշակվում է այն միջոցառումների հաշվառմամբ, որոնք անցկացվում են ոչ դասարանային պարապմունքի ժամանակ:
Եզրափակելով` հարկ է նշել, որ զինղեկի մշակած պլանավորման փաստաթղթերը մեծ օգնություն են դպրոցներում անցկացվող ուսումնական աշխատանքներին: Մի կարեւոր գործընթաց, որի արդյունքում հաշվառվում եւ վերահսկվում է ուսումնա-դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը:
ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Բանակ և հասարակություն