Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ



Սահմանային զորամասերից մեկում զինվոր էր զոհվել։

Դեպքի ժամանակ զորամասի հրամանատարը արձակուրդում էր։ Լուրն առնելուն պես նա արդեն զորամասում էր։ Պատերազմի բովով անցած ազատամարտիկ հրամանատարը տեսել էր իր զինվորի քաջությունն ու դիմացկունությունը. միասին էին տիրացել բարձունքներին, միասին էին դիմադրել թշնամուն, ցրտին, քաղցին… Աշխատասենյակում գլուխն ափերի մեջ առած` անընդհատ կրկնում էր. «Խաղաղ պայմաններում աններելի է, ի՞նչ պատասխան տամ ծնողներին։ Ես եմ հրամանատարը, պատասխանատուն ես եմ»:

Զորամասի դարպասի մոտ հավաքվել էին զոհվածի հարազատները, բարեկամ-ընկերները, համագյուղացիները եւ պատասխան էին պահանջում։ Երբ զոհված զինվորի ազգականները մտան հրամանատարի աշխատասենյակ, հրամանատարն ընդառաջ գնաց զինվորի հորը, ու սկսվեց մեղադրանքների տարափը.

-Ո՞ւր է իմ երեխան:

-Ինչո՞ւ սպանեցիր որդուս:

-Մեղավորին բերեք, որ մեր ձեռքով անենք դատաստանը:

Աղմուկ էր, աղաղակ։ Հրամանատարը լուռ էր։ Պատասխան չկար։

-Դու երեխա ունե՞ս, բեր քո երեխային քո աչքի առաջ սպանեմ, որ տեսնես՝ դա ինչ ցավ է,- զինվորի հայրն էր։

Հրամանատարն անցավ հաջորդ սենյակ եւ զանգահարեց տուն։ Քիչ անց բարուրը գրկին մի կին ներս մտավ ու մոտեցավ հրամանատարին։ Հրամանատարի կինն էր։ Նա վերցրեց բարուրված երեխային ու դրեց սեղանին.

-Իմ երեխան է, վարվիր ինչպես սիրտդ կուզի…,- ու դուրս գնաց։ Փորձեց կնոջն էլ դուրս տանել, սակայն մայրը համառեց։ Հրամանատարը չստիպեց կնոջը, որովհետեւ բնազդով զգաց, որ կինը երեխային չի թողնի, որովհետեւ 7-ից ավելի տարիներ էին պահանջվել մինչեւ երեխայի լույս աշխարհ գալը…

Աղմուկը դադարել էր։ Նորածնի մայրն ամբողջ մարմնով դողում էր, արցունքի կաթիլներ էին թափվում աչքերից։ Երեխան սկսեց լաց լինել, եւ ընդհանուր լռության մեջ այն ազդեցիկ էր, ահասարսուռ։ Մայրը, հայացքը մեկ իր երեխային, մեկ զոհվածի հորը, քարացել էր, սիրտ չէր անում մոտենալ։ Լալիս էին նաեւ զոհված զինվորի հարազատները, մայրը։ Հետո զոհվածի հայրը դիմեց երեխայի մորը.

-Աղջի՛կ ջան, վերցրու երեխային,- ասաց ու բռնելով կնոջ թևից` դուրս եկավ։ Հրամանատարը դրսում էր՝ ոչ մի բառ չփոխանակեցին։ Դուրս եկան զորամասից։ Տեսնելով լռությամբ դուրս եկող յուրայիններին` դրսում նույնպես դադարեց աղմուկը։ Մի որոշ ժամանակ անց անցագրային կետից զեկուցեցին, որ զոհվածի հայրն ու մայրը ուզում են հանդիպել հրամանատարին և իր կնոջը։ Նստել էին դեմ դիմաց ու լռել։ Հրամանատարի կնոջ գրկում մշմշում էր երեխան։ Զոհվածի մայրը թաշկինակն արագ-արագ տանում էր աչքերին, անձայն գլորվող առատ արցունքները սրբելու։ Ծխում էր զինվորի հայրը ու ծխի միջից ասում.

-Հրամանատա՛ր, էդ ի՞նչ արիր, բա ես, բա հայը բարուրի միջի երեխա՞ կվնասի։ Էս ո՞նց եղավ, հրամանատար, ախր որդիս չկա…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Հոգևոր-մշակութային


07/03/2013