ՈԳՈՎ ՀԶՈՐ ՊԱՏԱՆԻՆ
Քանաքեռի բարձունքի հանգստարանից այս էլ քանի տարի Ղազար հայրը հայացքը հառել է Եռաբլուրին, որտեղ ննջում է Գրիգոր որդին, ու հավերժական զրույցի են բռնվել հայր ու որդի։ Այդ զրույցներից, հուշերից պատառիկներ է վերհիշում մայրը՝ տիկին Լիդան ու պատմում-պատգամում ապրողներիս։ Լիդա Աբրահամյան և Ղազար Ղազարյան ամուսինները աշխարհ բերեցին երեք երեխա՝ Արմեն, Գրիգոր, Հռիփսիմե, ունեն չորս աղջիկ թոռ։ Միջնեկ որդին՝ Գրիգորը, քայլեց անմահության ճանապարհով, և ում մասին էլ պատմում է մայրը.
«Քանաքեռի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի անցավ կոշիկի 4-րդ ֆաբրիկայում։ Չէր սիրում անգործություն։ Ուզում էր աշխատանքին զուգահեռ պարապել-ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Համարձակ, շիտակ, ազնիվ տղա էր։ Սիրած աղջիկ ուներ։ Գնացել, աղջկա ծնողներից թույլտվություն էր խնդրել ու դեռ դպրոցական ընկերուհուն դպրոցից տուն, տնից դպրոց էր ուղեկցում։ Ավանդապահ տղա էր. բազում ծրագրեր ուներ, և մեծ էր ձգտումը՝ իր ծրագրերն իրականացնելու համար։ Իր ասածի տերն էր՝ ուժեղ կամքով։ Ափսոս, ամեն ինչ մնաց անկատար, մնաց անավարտ…
Գրիգորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով, ԵԿՄ հուշամեդալով…
Զարմանալ կարելի է, որ այդ տարիքի (Գրիգորը ապրեց ընդամենը 18 տարի) տղան այդքան սկզբունքային է, այդքան հայրենասեր։ Սակայն զարմանքը տեղի է տալիս հպարտության, որովհետև այդ փոքրամարմին տղայի հոգում մեծ, հզոր ոգի է նստած։ Դա կարդացվում է նրա համարձակ հայացքում, պարզ աչքերում։ Եվ դժվարին, պատերազմական պահերին նրա ցուցաբերած տղամարդկային, կոպիտ, ուժեղ բնավորության համար ընկերները նրան Աբդուլ մականունն էին տվել, որը նաև փորագրված է Եռաբլուրի իր մահաքարին։
Երբ սահմանային հատվածներում սկսվեցին ընդհարումները, առաջին անգամ տնից փախավ, և լուր եկավ, որ հասել է Տավուշի սահմանամերձ գյուղեր, ասացին, որ տեսել են Կողբում։ Օրերն անցնում էին, կապ չկար, սպասում էին տանը, իսկ Գրիգորը չկար։ Ավագ եղբայրը՝ Արմենը, ընկերոջ հետ գնում, բերում տուն։ Վեց օր հետո նորից տնից փախչում ու այս անգամ արդեն գնում է Մարտակերտ։ Գնալիս Լիդա մայրիկին մի գրություն է թողնում. «Քույրերդ, նրանց երեխաները վտանգի տակ են, իսկ դու ինձ արգելում ես գնալ»։
-Ես ծնունդով Մարտակերտի ՆերքինՀոռաթաղ գյուղից եմ,- պատմում է մայրը,- Լարիսա և Լաուրա քույրերս այնտեղ էին ապրում, ընտանիքներով մնացել էին ծննդավայրում։ Երբ ադրբեջանցիները մոտեցել ու պետք է մտնեին Հոռաթաղ, որդիս քույրերիս իրենց երեխաների հետ օգնեց տեղափոխվելու թիկունք, Ստեփանակերտ։ Հետո նորից վերադառնում ու մասնակցում է Մարտակերտի կռիվներին, որտեղ էլ վիրավորվում է։ Երբ պատրաստվում են ուղղաթիռով Երևան ուղարկել, չի համաձայնում, փախչում է։ Քույրս Ստեփանակերտից գնում-գտնում է, ուղարկում է բուժման։ Հանրապետական հիվանդանոցում բուժում ստանալուց հետո միացավ «Արամո» ջոկատին ու մեկնեց Լաչին, հետո եղավ Մեղրիում ու նորից Լաչին… Զոհվեց Լաչինում, 1992-ի հոկտեմբերի 19-ին։
Երազում ինչպես տեսել էի, այնպես էլ բերեցին որդուս։ Լաչինից իջնում էին վարարած ջրերը՝ իրենց հետ տանելով հազարերանգ ծաղիկ-ծաղկունք, աշնան անթիվ գույներ, և այդ անթիվ գույների միջից ժպտում է որդիս, որն անչափ շատ էր սիրում վարդեր, ծաղիկներ։ Ամեն անգամ, երբ հետ էր գալիս սահմաններից, իր միակ «ավարը» ծաղկի սերմերն էին, վարդի թփերը։ Գիտեր, որ ես էլ եմ ծաղիկներ շատ սիրում։ Ու հիմա Եռաբլուրի իր գերեզմանին իմ աճեցրած ծաղիկներն են, որդուս սիրած ծաղիկները…
Գյուղում ապրող քույրերս իրենց թոռներին անվանակոչել են որդուս անունով։ Կյանքը շարունակվում է։ Ընկերները՝ Արայիկը, Մուշեղը, գալիս ու պատմում-պատմում էին որդուցս։ Սիրած աղջիկը ծնողների հետ եկել էր որդուս հուղարկավորությանը։ Շատ էին սիրում որդուս, շատ… Ինչ կորցրինք, ինչեր տեսանք… Բայց դե կյանքը շարունակվում է։ Երկար տարիներ աշխատել եմ որպես մանկաբարձուհի։ Ամեն մի նորածնի ճիչ ինձ հիշեցնում է իմ որդուն…
Դժվար է ամեն անգամ Եռաբլուր բարձրանալ-իջնելը, սակայն այդ պիտի լինի ամեն մի մոր ճանապարհը, ով այնտեղ զինվոր որդի ունի։ Բոլորն էլ մեր որդիներն են։ Մեր ցանկությունն է, որ ոչ մի մայր որդի չկորցնի, ոչ մեկի մատը փուշ չմտնի, և թող նրանք բոլորն իրենց մայրերի կողքին լինեն ու թե բարձրանալու լինեն Եռաբլուր, թող բարձրանան իրենց որդիների հետ…»:
Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում