Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԸ



Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ վերլուծությունը` նվիրված Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին:

Որպես 1988 թ. փետրվարից Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հետ կապված քաղաքական գործընթացների մասնակից` իմ` քաղաքական գործչի, զինվորական դիվանագետի ու քաղաքագետի պարտքն եմ համարում կարծիքս հայտնելու Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման փառավոր հոբելյանի մասին, մի շարժման, որը հաղթահարեց ներկայումս իր ժողովրդավարական պետականությունը հաջողությամբ կառուցող արցախահայության իրավունքների և ազատությունների նկատմամբ խորհրդային ու հետխորհրդային Ադրբեջանի գաղութատիրական բռնաճնշումը:

Վերակառուցման և հրապարակայնության ընթացքում արցախահայության իրավունքների պաշտպանության համար ծավալված խաղաղ քաղաքացիական շարժումը դարձավ մարտահրավեր` նետված ստալինյան համակարգի իներցիոնությանը, մի համակարգի, որը չէր ընդունում մարդու անհատական և կոլեկտիվ իրավունքների գերակայությունը, արհամարհում էր «Ժողովուրդների հոր» կողմից խորհրդային Ադրբեջանի տիպի մինիկայսրություններում բռնի ներառված ազգային փոքրամասնությունների երազանքները: Արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը հետևեցին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերը, որոնց հայությունը պատասխանեց Արցախում անցկացված օրինապատշաճ հանրաքվեով` ամրագրելով Արցախի բնակչության ազատ լինելու անկոտրում կամքը: Իրավաքաղաքական տեսակետից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազմավորվեց Վերակառուցման շրջանում գործող «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա անցկացված հանրաքվեի արդյունքներով` մինչև ԽՍՀՄ գոյության պաշտոնական դադարեցման մասին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը:

Ղարաբաղյան հանրաքվեի մյուս առանձնահատկությունն այն է, որ համաձայն ԽՍՀՄ նշված օրենքի` ադրբեջանական փոքրամասնությունը ևս ներառված էր հանրաքվեի նախապատրաստման գործում, թեև հետագայում Բաքվի իշխանությունների ցուցումով բոյկոտեց այն: Այդ են վկայում Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի պահպանված փաստաթղթերը: Վերակառուցվող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ օրինական Արցախի Հանրապետության ստեղծումը դարձավ ուղենիշ այն պայքարում, որը միջազգային հանրությունը մղում էր գաղութատիրության դեմ, և Արևելյան Թիմորի, Չեռնոգորիայի, Կոսովոյի և Հարավային Սուդանի ժողովուրդների ազատ կամարտահայտման իրավունքի օրինապատշաճ իրացման գործընթացի նախակարապետը: Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հենց այդ ճանապարհով` առանց մետրոպոլիաների միջամտության, իրացվեցին ժողովուրդների ինքնորոշվելու իրավունքները Բանգլադեշում, Էրիթրեայում, Արևելյան Թիմորում, Չեռնոգորիայում, իսկ այժմ նաև Հարավային Սուդանում: Այդ ուղին է ոչ թե նախկին մետրոպոլիաների` ի դեմս Պակիստանի, Եթովպիայի, Ինդոնեզիայի կամ Հարավսլավիա-Սերբիայի և Սուդանի բնակչության, այլ հենց ինքնորոշվող ժողովուրդների շրջանում անցկացված հանրաքվեի միջոցով ազատ կամարտահայտումը:

Անցած տարիներին ժողովրդավարական և անկախ Արցախի Հանրապետությունում աճեց նոր սերունդ, որը ծնվել է ազատ երկրում` անքակտելիորեն կապված հազարամյա ազգային պատմական ու հոգևոր ժառանգության հետ և ինտեգրված ազատ ազգերի համաշխարհային ընկերակցության մեջ:

Հերոսական քաղաքական պայքարով, այնուհետև նաև գաղութատիրական Ադրբեջանի ագրեսիայի հետմղման սխրագործությամբ ձեռք բերված արցախյան անկախության բարձունքից ուրվագծվում է այն գործիչների շարքը, որ առանձնակի ներդրում ունեցավ Ղարաբաղի ազգային-ժողովրդավարական ազատագրման և նրա ինքնիշխանության պաշտպանության գործում: Նրանց շարքում պարտք եմ համարում նշել Ղարաբաղի ազատության համար մղված պայքարի առաջին դրոշակակիրներ Հենրիկ Պողոսյանին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ղեկավար և համաժողովրդական եղանակով ընտրված առաջին Խորհրդային կուսակցական առաջնորդ, որի ջանքերով մարզը 1988 թվականին Կրեմլ ուղարկեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին հանրագիրը), Արկադի Մանուչարովին («Կռունկ» կոմիտեի նախագահ), Վաչագան Գաբրիելյանին (ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահ) և Արթուր Մկրտչյանին (Արցախի խորհրդարանի առաջին խոսնակ-ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ):

Անգնահատելի է Արցախի ազգային-ազատագրական շարժման հոգևոր առաջնորդների աստղաբույլի դերը` ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի, մտավորականության փայլուն ներկայացուցիչներ Աբել Աղանբեկյանի, Զորի Բալայանի, Սիլվա Կապուտիկյանի, Սերգեյ Համբարձումյանի, Սերգո Միկոյանի, Անդրեյ Սախարովի, Գալինա Ստարավոյտովայի, Լյուդմիլա Հարությունյանի, Ռաֆայել Իշխանյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Ռաֆայել Ղազարյանի, Ռաֆայել Պապայանի, Կոնստանտին Խուդավերդյանի, Լենդրուշ Խուրշուդյանի, Ռազմիկ Նավասարդյանի, Կարեն Յուզբաշյանի, Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի և այլոց, որոնք կերտեցին ապագա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժեքափիլիսոփայական հիմքերը: Ղարաբաղյան շարժման հունով հայության համախմբման գործում մեծ դեր խաղացին զանգվածային խաղաղ ժողովրդավարական ձեռնարկումների այնպիսի նախաձեռնողներ, ինչպիսիք են Իգոր Մուրադյանը և Ժաննա Գալստյանը: Արցախի ժողովրդավարական պետական շինարարության գործում բացառիկ վաստակ ունեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Հայկական անկախ պետականության վերաստեղծմանն ուղղված բարդ և մեծապես անսպասելի մարտահրավերի շեմին Հայաստանի Հանրապետության առաջին իշխանությունների ձեռնարկած առանձին քաղաքական քայլերի հակասականության հետ մեկտեղ հարկ է նշել այն ներդրումը, որ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման մեջ ունեցան Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Աշոտ Մանուչարյանը և ուրիշներ:

Պատշաճը պետք է մատուցել այն ներդրմանը, որ ազգային ինքնորոշման գործում ունեցավ այլախոհական շարժումը` ի դեմս Պարույր Հայրիկյանի և Աշոտ Նավասարդյանի, ինչպես նաև ղարաբաղյան ընդհատակին, որն ստիպված էր ազգային-ազատագրական պայքար մղել Բաքվում 1990 թվականի հունվարին կազմակերպված հակահայկական ջարդերի և դրանց մասնակիցների պատժումից հետո Ղարաբաղում Բաքվի և Մոսկվայի իշխանությունների կողմից հաստատված ռազմաբռնակալական վարչակարգի պայմաններում: Դժվար է գերագնահատել Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վտարանդիական կառավարության քաղաքական-դիվանագիտական և քաղաքական-հետախուզական դերը, մի կառավարության, որը գործում էր 1991 թվականին` Վերակառուցման ձախողման և իր տարածքի ու գերտերության հսկայական ավերիչ կարողություններով օժտված համախումբ հզորության նկատմամբ ԽՍՀՄ վերահսկողության կորստյան փուլում: Գործելով Մոսկվայում 1991 թվականին խիստ գաղտնիության պայմաններում` վտարանդիական կառավարությունը անգնահատելի ծառայություններ մատուցեց, որ Հայաստանն ու Արցախը պատեհաժամորեն զգուշացվեցին իրենց գոյության համար օրհասական ներքին և արտաքին սպառնալիքների մասին: Այստեղ պատեհ է հիշատակել ԼՂՀ և ՀՀ անվտանգության բարձրագույն շահերի պաշտպանության գործում 1991թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին գործած վտարանդիական կառավարության Ազգային անվտանգության նախարար Մարիուս Յուզբաշյանի և Արդարադատության նախարար Յուրի Բարսեղովի առանձնահատուկ ծառայությունները:

Արտաքին ագրեսիայի սպառնալիքի պայմաններում իշխանությունը նոր ուժերին անարյուն կերպով հանձնելու գործում մեծ դեր ունեն Հայաստանի վերջին կոմունիստական ղեկավարները` ի դեմս Վլադիմիր Մովսիսյանի, Ստեփան Պողոսյանի, Արամ Սարգսյանի և Սերգեյ Բադալյանի:

Շարունակելի

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


07/03/2013