Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔԸ ՀՈՒԺԿՈՒ Է ԱՄՈՒՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ



Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամասերի անձնակազմը բարդ և պատասխանատու առաքելություն է իրականացնում` ապահովելով ՀՀ սահմանների մի զգալի մասի անվտանգությունը: Դժվարին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները կարողանում են նաև բարձր արդյունքներ գրանցել ուսումնական փուլի ընթացքում: 2012թ. արդյունքներով՝ կապի ստորաբաժանումներից մեկը ճանաչվել է զինված ուժերի լավագույն կապի զորամաս, իսկ մարտական հերթապահություն կատարող զորամասերից մեկն էլ նմանատիպ զորամասերի շարքում զբաղեցրել է երրորդ պատվավոր տեղը: Զորամիավորումում տարվող աշխատանքները ներկայացնում են զորամիավորման հրամանատարի տեղակալները:

Գնդապետ Վ. Քոչարյան, զորամիավորման հրամանատարի տեղակալ.

-Մեր առաջնահերթ խնդիրը մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումների պատշաճ կատարումն է: Միջոցառումներ, որոնք ապահովում են յուրաքանչյուր զինծառայողի անհատական, ինչպես նաև ստորաբաժանման կազմում գործելու համար անհրաժեշտ մարտական ու մասնագիտական ունակությունների զարգացումը: Առանձնապես կարևորում ենք հրամանատարական կազմի դերակատարումը: Այս տարվա ընթացքում արդեն հասցրել ենք անցկացնել գումարտակների, ապա նաև զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ, որոնց արդյունքների մասին խոսել ենք ռազմական խորհրդի նիստում, որտեղ արծարծվել են նաև բազմաթիվ այլ հարցեր: Մենք գիտակցում ենք, որ հրամանատարը պետք է լինի կրթված, գիտելիքներով հարուստ, կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները, պատշաճ կազմակերպել պարապմունքները տեղերում: Հատկապես կուզեի նշել վերջերս անցկացված զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների ներգրավմամբ հրամանատարական հավաքը, որի նպատակը հրամկազմի անցկացրած տարաբնույթ պարապմունքների միջոցով մասնակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործումն էր: Նմանատիպ վարժանքներից հետո մարտական պատրաստության արդյունավետությունը, ինչ խոսք, յուրաքանչյուր կոնկրետ զորամասում էականորեն կբարձրանա:

Իհարկե, զորամիավորման ենթակա զորամասերում մարտական պատրաստության ծրագրով հագեցած պարապմունքներ են անցկացվում նաև ժամկետային զինծառայողների շրջանում: Կրակային, ֆիզիկական, հոգեբանական պատրաստություն, մեքենավարում, նեղ մասնագետների պատրաստություն: Սրանք են հիմնական ուղղությունները, որոնք առավել կարևորում ենք և չենք հանդուրժում որևէ թերացում: Ուշադրության կենտրոնում է նաև մարտավարական պատրաստությունը: Բոլոր զորամասերը հիմնականում ապահովված են մարտավարական պարապմունքների համար նախատեսված ուսումնական կետերով, որտեղ կարելի է լիարժեք վարժանքներ անցկացնել տարբեր մասնագետների, այդ թվում նաեւ՝ հետախույզների համար: Վարժանքների ժամանակ կուտակած փորձը ձգտում ենք կիրառել բոլոր օղակների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների ժամանակ: Ընդ որում, աշխատում ենք ձերբազատվել տարեցտարի կրկնվող զորավարժություններից, նույնանման փաստաթղթերի մշակումից: Յուրաքանչյուր փուլում կմշակվի նոր զորավարժություն, նոր մոտեցումներով ու գործողությունների սցենարով, ինչը նույնպես կնպաստի առավել պատրաստված զինվոր ու սպա ունենալուն: Վերջին ամիսներին զորամիավորման անձնակազմը մի քանի այդպիսի զորավարժության է մասնակցել` գնդային, գումարտակային մարտավարական, երկկողմանի և այլն, որոնց ընթացքում ի հայտ են եկել շտկման ենթակա որոշակի խնդիրներ: Օրինակ` այնքան էլ բարվոք չէ հրաձգարաններից մեկում տանկային ուղեգծի վիճակը: Համապատասխան ցուցումներից հետո կարգավորման աշխատանքները կմեկնարկեն:

Ճիշտ է, զորամիավորման հիմնական խնդիրը մարտական հերթապահությունն է, բայցևայնպես, զորամասերի մարտական խնդիրների կատարմանը պատրաստ լինելու վիճակը որոշվում է մշտական տեղակայման վայրերում, այսինքն` սկսվում է մարտական պատրաստությունից: Մարտական հերթապահությունն ու ուսումնական գործընթացը փոխկապակցված են: Եթե զորամասում զինվորը լավ չյուրացնի ուսումնական ծրագիրը, չի կարողանա լիարժեք իրականացնել մարտական հերթափոխը:

Գնդապետ Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ, զորամիավորման հրամանատարի տեղակալ.

-Մեր ստորաբաժանումները բավական բարդ տեղամասերում են մարտական հերթապահություն իրականացնում: Հիմնական խոչընդոտներ հարուցողը եղանակային խիստ պայմաններն են: Հենակետեր ունենք, որտեղ ձմռանը գրեթե շուրջօրյա տեխնիկա է աշխատում: Ձնաբքի ժամանակ ճանապարհը բացվում է, հետո նորից արագ փակվում: Ահա նման խստաշունչ պայմաններում մարտական հերթափոխ է իրականացվում: Հաճախ մեքենաները հնարավոր չի լինում մոտեցնել հենակետերին, ստիպված անձնակազմն անհրաժեշտ զենք-զինամթերքը, վառելիքը, սնունդը իր ուսերի վրա է տեղափոխում: Այդ պահին սպա ու զինվոր չեն տարբերվում: Նրանք բոլորն էլ գիտակցում են իրենց գործի կարևորությունը, գիտակցում են, որ ոչ մի խոչընդոտ չպետք է ազդի մարտական հերթապահության անընդհատության վրա:

Ուրախալի է, որ յուրաքանչյուր զինվոր գիտակցում է իր գործի կարևորությունը՝ որպես սահմանների անվտանգությունն ապահովող մի մեծ շղթայի օղակ: Բնականաբար, երբեմն լինում են որոշակի բացթողումներ, որոնց պատճառները հանգամանորեն ուսումնասիրում ենք, վերլուծություններ անում` հետագայում դրանք բացառելու նպատակով: Առաջին հերթին ձգտում ենք բարձր պահել զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Հավատացնում եմ, այսօր մեր զինվորները շատ լավ են պատրաստված, ամուր են կանգնած իրենց դիրքերում` ապացուցելով հայտնի ճշմարտությունը` զենքը հուժկու է ամուր ձեռքերում: Այս առումով ես շատ եմ կարևորում մեր սպաների դերակատարումը: Նրանք պետք է կարողանան պարզ, անմիջական հարաբերություններ հաստատել իրենց ենթակաների հետ, սովորեցնել զինվորին եւ ճիշտ ղեկավարել: Նշեմ, որ մի քանի զորամասերում ունենք հրամանատարի նորանշանակ տեղակալներ, որոնք նոր թափ են հաղորդել մարտական հերթապահության գործընթացին:

Հենակետերի ինժեներական կահավորվածությունը ուրույն խնդիր է. յուրաքանչյուր դիրք իր նշանակության համապատասխան է կահավորվում: Առաջին հերթին տեղանքն է որոշում, թե ինչպես պետք է այն կահավորել: Կան դիրքեր, որոնք գտնվում են բարձրլեռնային շրջանում, որտեղ աշխատանքներն այլ ընթացք ունեն, քանի որ օգտագործվում են բնական արգելապատնեշների հնարավորությունները: Հարթավայրային տեղանքում դիրքերն ավելի խոցելի են, որոշ տեղամասերում դրանք շրջանաձև հարձակման վտանգի առջև կարող են կանգնել, և բնականաբար, աշխատանքներն ավելի մեծ ծավալի են լինում: Համենայն դեպս, երկու դեպքում էլ արվում է հնարավոր ամեն ինչ հերթապահող զինվորի անվտանգությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար:

Գնդապետ Ս. ԹՈՐԻԿՅԱՆ, զորամիավորման հրամանատարի տեղակալ.

– Զինվորական կարգապահության բարձրացման, զինծառայողների ինքնախեղումների կանխարգելման, զորամասերում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման նպատակով մենք ղեկավարվում ենք զինված ուժերի համապատասխան կանոնագրքերով և պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի հրամաններով, ցուցումներով, կարգադրություններով: Բացի այդ, վերջին տարիներին հրապարակվել են մի շարք մեթոդական ուղեցույց փաստաթղթեր` ուղերձներ, որոնցում պաշտպանության նախարարը հստակ մատնանշում է այն արատավոր երևույթների դեմ պայքարի հիմնական ուղղությունները, որոնց պատճառով բանակ-հասարակություն հարաբերություններում առկա է որոշակի լարվածություն` կապված զորամասերում տեղի ունեցած ծանր հետևանքներով դեպքերի հետ:

Ցավոք սրտի, ամբողջովին բացառել անցանկալի երևույթները հնարավոր չէ: Վերջերս իրականացվեց սելեկտորային կապ, որի ընթացքում քննարկվեցին վերջին շրջանում տեղի ունեցած ծանր դեպքերը: Դրանցից մեկն էլ տեղի էր ունեցել մեր զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, երբ վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող մեքենան ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով ունեինք մեկ զոհ և մեկ վիրավոր: Տրվեցին որոշակի հանձնարարականներ, առաջադրվեցին խնդիրներ համապատասխան ծառայություններին: Իհարկե, ասել, որ այդ հանձնարարությունները կատարելով իսպառ կվերացնենք նման ծանր դեպքերի կրկնությունը, ճիշտ չի լինի: Ամեն դեպքում, կա և՛ մարդկային, և՛ տեխնիկայի գործոն: Սակայն այդ միջոցառումները կյանքի կոչելով մենք նվազագույնի կհասցնենք հնարավոր դեպքերի ու պատահարների քանակը: Նախարարի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությունից հետո զորամիավորման հրամանատարը վարչակազմի հետ անցկացրեց սպայական ժողով, այնուհետև անցկացվեցին մի շարք գործնական պարապմունքներ հավաքակայանից տեխնիկայի դուրսբերման, անձնակազմի հրահանգավորման և այլ թեմաներով: Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ նման դեպքերը բացառություն են: Իհարկե, մեկ նման դեպքն էլ արդեն շատ է մեզ համար:

Առանձնահատուկ ուշադրություն ենք հատկացնում առաջնագծում անվտանգ և աչալուրջ ծառայության ապահովմանը: Հատկապես ուզում եմ նշել, որ մարտական հերթապահություն իրականացնող մեր յուրաքանչյուր զինվոր հերոսական գործ է անում: Եղանակային, տեղանքային բարդ պայմաններում նրանք կարողանում են անառիկ պահել մեր սահմանները` հերոսաբար, անձնազոհաբար, ինչը միայն ընդօրինակման է արժանի:

Նշեմ մեկ օրինակ: Բարձրլեռնային գոտում գտնվող մեր հենակետերից մեկում ծառայություն իրականացնելիս պատասխանատու սպաներից մեկի ոտքը սայթաքել էր, և նա գլորվել էր ձորը: Զինվորներից մեկն անմիջապես նետվել էր օգնության, որին իսկույն էլ միացել էր մեկ ուրիշ զինվոր: Եվ նրանք երկուսով վերև էին բարձրացրել սպային` փրկելով նրա կյանքը և վտանգելով սեփականը: Մի՞թե սա հերոսություն չէ, հերոսություն, որին, հավատացած եմ, պատրաստ են մեր բոլոր զինվորները:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ազգային բանակ


07/03/2013