Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՃՌԱԿԱՆԸ



Զրույց հատուկ նշանակության հետախուզական վաշտի հրամանատար կապիտան ՀԱՅԿ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ

Կապիտան Հայկ Ոսկանյանի հետ ծանոթությունը շատ արագ վերածվեց մտերիմ զրույցի։ Եվ նա զինվորական լրագրողիս «հետախուզական» հարցին, թե՝ «Այդքան շա՞տ էիր սիրում զինվորական գործը, որ դպրոցը կիսատ թողեցիր ու ռազմական վարժարան ընդունվեցիր», պատասխանեց երեխայի անմիջականությամբ ու անկեղծությամբ. «Սիրում էի, նույնիսկ շա՛տ, շա՛տ, շա՛տ»։ Ես միանգամից զգացի, թե ինչ ընթացք կունենա մեր հարցազրույցը։ Ես արդեն գտել էի խրոխտ կապիտանի էության մեջ թափանցելու բանալին։ Իմ ձեռքում էր, ինչպես ասում են, կծիկի ծայրը, որը քանդելով կկարողանայի բացահայտել զինվորի ու մարդու նրա կերպարը։

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ դպրոցը թողեցիր, ի՞նչ պատճառով։

-Չգիտեմ, մեջս նստած էր։ Ես դա ոչ թե գիտակցում էի, այլ զգում։ Ներսիցս էր գալիս։

-Ուրեմն, դպրոցում լավ չէիր սովորում։

-Ութամյակն ավարտել եմ գերազանցությամբ…

-Կամ էլ զինվորական ծնող, բարեկամ, ծանոթ ես ունեցել։

-Ո՛չ, ո՛չ։ Երբ հորս ասացի, որ ուզում եմ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան ընդունվել, նա, նախ, զարմացավ, հետո էլ թե՝ «Իսկ դու կարո՞ղ ես պտտաձողի վրա տասը անգամ ձգվել»։ Վստահ ասացի՝ հա՛։

-Իրո՞ք։

-Երբ մոտեցա ֆուտբոլի դաշտի պտտաձողին, տեսա նույնիսկ մի անգամ չեմ կարողանում ձգվել, ինչպես ռուսներն են ասում՝ պարկի պես կախվել էի։ Ինքս ինձ ասացի՝ Հայկ, դու կարող ես։ Եվ սկսեցի պարապել։ Ամեն առավոտ մի պարկ ավազ ուսիս կապած վազում էի։ Փորձում էի ավազն ուսերիս ձգվել։ Իզուր. ձեռքերս հազիվ էին պահում մարմնիս ծանրությունը, ուր մնաց՝ նաև ավազի։ Բայց ես չէի հուսահատվում։ Վազում էի, պարապում էի…

-Իսկ կհիշե՞ս, թե ինչպես առաջին անգամ ձգվեցիր։

-Այդ օրը ես երբեք չեմ մոռանա. վերջապես հաղթեցի այդ անիծյալ պտտաձողին։ Նախ՝ մինչև ճակատս, հետո աչքերս ու ապա ծնոտս ձգվեցի, պտտաձողից վեր բարձրացրի ու այդ բարձրությունից նայեցի այն կողմի աշխարհին, որն արդեն բոլորովին ուրիշ տեսք ուներ։ Կարծես այդ պահին ես առաջին անգամ տեսա մեր թաղը։ Դա ուրիշ՝ հաղթողի՛ զգացում էր։ Բոլորովին ուրիշ բան էր պտտաձողի բարձրությունից նայելը։

-Դու հաղթել էիր ինքդ քեզ։

-Դա իմ առաջին հաղթանակն էր։ Ես զգացի՝ եթե կարողանում եմ մեկ անգամ ձգվել, ուրեմն երկու անգամ էլ կկարողանամ և շարունակեցի ավազի պարկը շալակիս իմ վազքը…

-Ինչպե՞ս հանձնեցիր ֆիզպատրաստությունից քննությունները։

-Գերազանց։ Տասներկու անգամ մի շնչով ձգվեցի և էլի կարող էի… Հիմա, երբ հետ եմ նայում, զարմանում եմ ինքս ինձ վրա, իմ կամքի ուժի վրա. ախր, ես այն ժամանակ ընդամենը 14 տարեկան էի, ես հաղթահարել էի վախը սեփական ուժերիս նկատմամբ։ Հավատացեք, պտտաձողն իմ թշնամին էր դարձել և պատնեշի նման կանգնել էր իմ և իմ սիրելի՝ զինվորական գործի միջև… Դա մեծ հաղթանակ էր. ես հաղթահարել էի երկրի ձգողական ուժը։

-Շատ գեղեցիկ ես խոսում և որքան ճիշտ ես բացատրում քո ապրումները։ Իսկ ի՞նչ տվեց Մոնթե Մելքոնյան վարժարանը։

-Այն կրթեց, կոփեց իմ պատանեկան հոգին։ Ոգի տվեց ինձ։ Ես այնտեղ յուրացրի ինքնահաստատման այբուբենը։ Մոնթեում ես համոզվեցի՝ իմ ներքին ձայնն ինձ չէր խաբում, որ ես իսկապես էլ սիրում եմ զինվորական գործը և պատրաստ եմ հաղթահարելու ամեն դժվարություն՝ հանուն այդ գործի։ Մնում էր, այդ նույն բանը ծնողներիս համոզել և ապացուցել…

-Նրանք գուցե ուզում էին, որ բժիշկ դառնաս, իրավաբան կամ էլ որևէ բուհի միջազգային ֆակուլտետի ուսանող։

-Ճիշտ այդպես, հայրս ուզում էր ինձ իրավաբան տեսնել, մայրս՝ բժիշկ…

-Եվ, ի՞նչ, ապացուցեցի՞ր։

-Վարժարանն ավարտեցի գերազանցության դիպլոմով։ Եվ իմ առաջ բացվեց բարձրագույն ռազմական կրթություն ստանալու ճանապարհը։ Ես չէի կարող իմ այդ շանսը ձեռքիցս բաց թողնել։ Մեկնեցի ՌԴ օդադեսանտային զորքերի բարձրագույն դպրոց… Իմ կարծիքով, այդ դպրոցն աշխարհի լավագույն զինվորական դպրոցներից է…

-Իսկ լեզո՞ւն։ Ռուսերենին տիրապետո՞ւմ էիր։

-Այնքան, որքան դպրոցում սովորել էի։ Նույնիսկ հիշում եմ, որ առաջին դասախոսությունները հայերեն տառերով էի գրում, որ հասցնեմ։

-Եվ ինքդ քո առջև խնդիր դրեցիր հաղթահարելու հիմա էլ լեզվական խոչընդոտը։

-Ո՛չ։ Ես իմ առաջ ոչ թե պարզապես ռուսերենը սովորելու, դասընթացը յուրացնելու, այլև գերազանցությամբ ավարտելու խնդիր էի դրել, միայն գերազանցությամբ։

-Դժվար չէ՞ր։

-Ես օրնիբուն պարապում էի, սովորում, կարդում։ Ես իմ հանգիստը միայն սովորելու մեջ էի գտնում։ Չեք հավատա, բայց պատահել է՝ գիշերներ եմ լուսացրել դասախոսությունների տետրերի վրա։

-Օդադեսանտային զորքերում սովորելը ենթադրում է ֆիզիկական բարձր պատրաստվածություն…

-Դժվար էր, մանավանդ, երբ ուզում ես առաջինը լինել և՛ ճկունության վարժություններում, և՛ վազքում, և՛ դիմացկունության պարապմունքներում առավել ևս…

-Օդո՛ւմ, ջրո՛ւմ, ցամաքո՛ւմ…

-(Ծիծաղում է)։ Առաջինը լինել հազարավորների մեջ, առանց չափազանցության, շատ դժվարին խնդիր է։ Ամեն ինչում առաջինը լինելը դարձրել էի իմ նշանաբանը և կանգ չէի առնում ոչնչի առաջ։ Ծայրահեղ ծանր պահերին, երբ արդեն ուժերս լքում էին, ինքս ինձ ասում էի՝ դու իրավունք չունես կոտրվելու, մեկ անգամ կոտրվողը էլի՛ կկոտրվի… Իմ կռիվը ինձ հետ էր, ես մյուս կուրսանտներին չէի նկատում…

-Չէ՞ որ դու արդեն հաղթահարել էիր երկրի ձգողական ուժը։

-(Ժպտում է)։

-Իսկ դժվար չէ՞ վազքուղում մենակ վազելը։

-Սովորում ես, ընտելանում ինքդ քեզ հետ մրցելուն։ Ես երկար եմ մտածել, թե ինչն ինձ օգնեց իմ առջև դրված խնդիրները հաղթահարելուն… Համառությունը, նպատակիս հասնելու անհագ ծարավը։ Միշտ մտածել եմ. եթե մեկը կարողանում է ինձ համար անհասանելի թվացող հեռավորությունը, բարձրությունը հաղթահարել, ուրեմն մեկ ուրիշն էլ հաստատ նույնը կարող է անել։ Եվ ես այնքան էի վազում, մինչև արձանագրվում էր լավագույն ցուցանիշը…

-Դու պարաշյուտային 40 ցատկ ունես։ Առաջինը հավանաբար երբեք չես մոռանա։

-Բայց ամենադժվարինը երրորդ թռիչքն է. առաջինի ժամանակ չես էլ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ, երկրորդին չես հասցնում հասկանալ, իսկ երրորդը սարսափելի է։ Բայց ես պատրաստ էի խելագարի պես նետվելու ոտքերիս տակ բացվող անդունդը։ Ես իմ վախը դեռ գետնի վրա էի չափել կամ հաղթահարել։

-Եվ հասա՞ր քո նպատակին։

-Համենայն դեպս, օդադեսանտային զորքերի բարձրագույն դպրոցն ավարտեցի կարմիր դիպլոմով։ Ես հինգ տարի շարունակ (այդ դպրոց ոտք դնելու առաջին օրվանից սկսած) փայփայել էի իմ երազանքը…

-Եվ հայրենիք վերադարձար ռազմական գիտելիքների հարուստ պաշարով, ֆիզիկապես կոփված, ամուր…

-Վերադարձա և ծառայության անցա որպես հետախուզական դասակի հրամանատար։ Այստեղ, սակայն, երկար չմնացի ու տեղափոխվեցի հարավային սահմաններից մեկում գտնվող զորամասերից մեկը, այս անգամ արդեն՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար։

-Պաշտոնի բարձրացումով։

-Ո՛չ, ես հարավային սահման մեկնեցի սեփական կամքով։ Խնդրանքով դիմեցի հրամանատարությանը, և նրանք ինձ չմերժեցին, ընդառաջեցին։

-Ինչո՞ւ։ Էլի՞ դժվարություններ էիր փնտրում։

-Ուզում էի իմ ստացած տեսական գիտելիքները նոր՝ ավելի բարդ պայմաններում ստուգել…

-Ե՞վ…

-Երկու տարի անընդմեջ իմ հրամանատարությամբ գործող վաշտը 10 կիլոմետրանոց լրիվ հանդերձավոր վազքից առաջին տեղը գրավեց։

-Պահանջկո՞տ էիր։

-Պահանջելը քիչ է, հրամանատարը պետք է ցույց տա, ի՛նքը անի, ի՛նքը օրինակ ծառայի։ Հաջողության առաջին պայմանը հենց սա է։ Ասելով չէ, այլ միայն գործելով։ Հրամանատարի օրինակը շատ հզոր խթան է։ Զինվորն անընդհատ նրան է նայում։

-Կարծեմ՝ ասացիր, որ սովորել ես նաև արտասահմանյան ռազմական դպրոցներից մեկում։

-Վերապատրաստվել եմ լեռնամագլցողների դպրոցում։

-Ինքդ քեզ նետած ևս մեկ մարտահրավեր։

-Ես մեկնում էի նույն վճռականությամբ, բայց այս անգամ դրա կարիքը չզգացվեց։ Լեռները մագլցելու, ուղղաձիգ ժայռերն ու ապառաժները հաղթահարելու համար, պարզվեց՝ ինձնից առանձնապես մեծ ճիգ ու ջանք չպահանջվեց։ Անհաղթահարելի խոչընդոտներ չէին։

-Եթե ինքդ քեզ արդեն հաղթել ես, քարն ու ապառաժն այլևս խոչընդոտ չեն. քո խոսքերն եմ ասում։

-(Ժպտում է)։ Այդպես էլ կա։ Ինձ Հունաստանում շատ պետք եկան բարոյակամային այն բոլոր հատկանիշները, որոնք ես ձեռք էի բերել նախորդ տարիների ընթացքում։ Այնտեղ ես ստացա հետախույզի համար շատ կարևոր մի մասնագիտություն, որը ուղղակի անհրաժեշտ է մեզ նման լեռնային երկրի պաշտպանի համար։

-Հասկանում եմ, որ ավելորդ է հարցս, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ տալ. ի՞նչ ցուցանիշներով ավարտեցիր հունական ռազմական դպրոցը։

-(Ծիծաղում է)։ Գերազանց առաջադիմությամբ։

-Եթե ամփոփելու լինենք զինվորականի քո անցած ճանապարհը, որը, ինչ խոսք, հիացմունք է առաջացնում, ի՞նչ կարող ենք ասել. ինչի՞ն ես դու պարտական քո հաջողությունների համար։

-Ես միշտ երկու հիմնական օգնական եմ ունեցել՝ համառությունս և հիշողությունս։ Նրանք երբեք ինձ չեն դավաճանել, ամենուր ինձ հետ են եղել, մշտապես ուղեկցել են ինձ։

-Գոնե հիմա այսքանից հետո քո ծնողները համոզվեցի՞ն, որ ճիշտ ընտրություն ես կատարել, որ քո կոչումը հենց զինվորական դառնալն է, որ քեզ չի խաբել քո ներքին ձայնը։

-Չգիտեմ, ազնիվ խոսք, չգիտեմ։

-Բայցևայնպես, ի՞նչ ես կարծում, ի՞նչը, ի վերջո, նրանց կհամոզի։

-Դարձյալ չգիտեմ։ Մտածում եմ, հավանաբար… եթե մի օր զորամասից տուն վերադառնամ գեներալի ուսադիրներով…

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ազգային բանակը շնչող, ապրող եւ անվերջ կատարելագործվող կենդանի մարմին է, որի գոյության գլխավոր պայմանը առաջընթացն ու զարգացումն է:

ՀՀ ԶՈւ տարեցտարի ավելանում է այն երիտասարդ սպաների թիվը, որոնք առանձնանում են զինվորական հիմնարար գիտելիքներով, բարոյակամային գերազանց որակներով եւ զինվորական գործին անսահման նվիրվածությամբ:

Նրանք աննկատ, բայց հետեւողականորեն իրենց ներկայությունը պարտադրում են մեր զինված ուժերին, ասել է թե, պարտադրում են նոր մոտեցումներ, նոր մտածողություն եւ հայրենիքի պաշտպանի նոր չափորոշիչներ: Այդ նրանք են կազմելու այն հզոր ու առողջ կորիզը, որի շուրջը ձեւավորվելու է մեր նոր ժամանակների՝ 21-րդ դարի հայկական բանակը:

Եվ մենք պարտավո՛ր ենք նրանց ճանաչել:

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/03/2013