ԱՐՁԱԳԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
Հարգելի խմբագիր,
Օրերս բացում եմ Ձեր թերթի կայքէջը, կարդում եմ «Ընկերոջս, Բրոդսկու և հայրենիքի մասին» էսսեն ու ակամայից քարանում եմ` հերոսի մեջ ճանաչելով ինձ, թեև հեղինակն իմ անունը ոչ մի անգամ չի հիշատակում: Հեղինակի` Գևորգ Ասատրյանի՝ օտար ափեր ճամփած ընկերը ես եմ… Եվ այդ օրից անցել են երկու տասնամյակից էլ ավելի տարիներ… Վաղուց այդպես չէի հուզվել… Ընկերոջ ձեռքով արձակված նետը դեռ երբեք այդպես խորը չէր խոցել սիրտս… Նա ընտրել էր զենքերից ամենահզորը` սերը… Նա ինձ պատմում էր իմ գյուղի, իմ հայրենի տան մասին, իմ խաղողի որթերի, մեր դաշտերի, մեր երիտասարդ օրերի Երևանի փողոցների ու մեր անվերջանալի զրույցների մասին… Եվ այդ ամենը ես իմ աչքերով էի տեսնում… Այո՛, օտարությունն ինձ կոփել է, ուժեղացրել, բայց սիրտս առաջվա պես չափազանց փխրուն է հայրենիքիս նկատմամբ…
Երեխա էի, բայց լավ հիշում եմ. մեր հարևանուհին մինչև իր կյանքի վերջը իր մահճակալի վերևում պահեց հայրենի տնից բերված հողն ու խաչը… Նա համոզված էր, որ խաչը պահպանելու է իր հայրենական տունը… Նա համոզված էր, որ մի օր վերադառնալու է… Նրա ցավը այն ժամանակ միայն հայրս էր հասկանում… Նրա ցավը միայն հիմա եմ ես ամբողջ խորությամբ զգում…
Ընկերս մատը դրել է իմ ցավի վրա, որը, սակայն, նաև իրե՛նն է, նաև Ձե՛րը, պարոն խմբագիր…
Ուրախ եմ և՛ ինձ համար, և՛ իմ ուսանողական ընկերոջս՝ Գևորգ Ասատրյանի համար, որ օտարության մեկնածիս գլխին հայրենասիրության քարոզ չի կարդում… Հայրենասիրության պարզունակ ընկալման ժամանակներն անցել են… Արտագաղթը ցավալի երևույթ է, և այն խորանալով կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը… Մեղքը բոլորինս է հավասար… Ժամանակն է, որ քարոզչական-զգացական լուծումներից խնդիրը տեղափոխվի սոցիալ-տնտեսական վերլուծությունների, գործնական-վճռական քայլերի հարթություն… Մեկնողների հետևից քար շպրտելը, բոլորս ենք վկա, և կյանքը ցույց է տալիս, վաղուց արդյունավետ չէ…
Եվ ինչպես ընկերս չի մոռացել, որ Մայր Աթոռի զանգերի ղողանջները երբեմն-երբեմն քամին բերում-հասցնում էր մեր տուն… Հիշում եմ` մայրս ձեռքի գործը թողնում, խաչակնքում էր… Այդ զանգերը հիմա ամեն օր ղողանջում են իմ հոգում… Ես, ինչ խոսք, այն ժամանակ Բրոդսկուն չէի ճանաչում, ինչպես արդարացիորեն նկատել է ընկերս, բայց փոխարենը հրաշալի գիտեի մեկ ուրիշ հանճարեղ պոետի` մեր Չարենցին: Եվ Չարենցն է ձևավորել հայրենիքի ընկալման իմ աշխարհը: Ես կարոտել եմ մեր լուսաբացներն ու գերված եմ, պոետի խոսքերով ասած, Կապուտաչյա Սիրուհուս ցնորքին, թեև նրանից ինձ հիմա հազարավոր կիլոմետրեր են բաժանում…
Եվ դարձյալ որքան ճիշտ է նկատել ընկերս` սերմնացանները չեն կարող տուն չդառնալ:
Շնորհակալ եմ Ձեզ, պարոն խմբագիր, շնորհակալ եմ ընկերոջս և խմբագրության բոլոր աշխատակիցներից ազնիվ պահվածքի և ճշմարիտ հայրենասիրության համար:
Հ. Գ. Թույլ տվեք այս բանաստեղծությունը նվիրել բոլոր նրանց, ովքեր հեռվում են, բայց սիրում ու կարոտում են իրենց հայրենի տունը:
ՑՆՈՐՔ
Մեր տան տանիքը գորշ շիֆերով էր պատված
Եվ երիզված էր կարմիր ներկված թիթեղով:
Այնտեղ էին ապրում ճնճղուկներն ու վայրի աղավնիները:
Այնտեղ էր կեսօրին հանգստանում ինքը` Արևը:
Գիշերը պատկանում էր, սակայն, հերարձակ Լուսնին,
Որ անհոգ քնում էր աստղերի հետ:
Իսկ ես, փոքրիկ տղա, ծիկրակում էի թաքուն…
Հ. Հ.
Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Բանակ և հասարակություն