Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻԿԱ 10 ՏԱՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶԻՆՎԵԼՈՒ Է



2011-2020թթ. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է ձեռք բերել 100 ռազմանավ, ավելի քան 600 օդանավ և 1000 ուղղաթիռ, ինչպես նաև «Ս-500» հակահրթիռային 10 նոր համալիրներ, որոնք փոխարինելու են «Ս-400»-ներին, որոնցով այսօր համալրվում է ռուսական բանակը:
Իսկ այս տարի Ռուսաստանը ծրագրում է ձեռք բերել 100 ուղղաթիռ, այդ թվում՝ «Մի-26» տրանսպորտային, «Մի-28» «Գիշերային որսորդ» և «Կա-52» «Ալիգատոր» ուղղաթիռները:
Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրեց 2011-2020թթ. 19 տրլն ռուբլու (651 մլրդ դոլարի) ռազմական ծախսերի ծրագիր: Այդ գումարի մոտ 80%-ը ծախսվելու է նոր սպառազինություն գնելու, իսկ 10%-ը` գիտական հետազոտությունների նպատակով:
Ռուսաստանի ՊՆ պաշտոնյաները հաստատեցին, որ Ռուսաստանը Ֆրանսիայից գնելու է «Միստրալ» դասի երկու ռազմանավ: Եւս երկու «Միստրալ» կկառուցվի Ռուսաստանում` ֆրանսիական արտոնագրով:
Բացի դրանից, Ռուսաստանը ծրագրում է մինչև 2020թ. կառուցել 8 միջուկային սուզանավ և սպառազինել դրանք «Բուլավա» բալիստիկ հրթիռներով, որոնք այս տարվանից կմատակարարվեն զորքեր: Ռուսաստանը ծրագրում է նաև կատարելագործել ծանր բալիստիկ հրթիռները` փոխարինելու համար խորհրդային դարաշրջանի «ՍՍ-18» «Սատանա» և «ՍՍ-20» հրթիռները:
Ռուսաստանը բանակցում է Ֆրանսիայի հետ` «ապագա զինվորի» «Ֆելին» անունը կրող հանդերձանք ձեռք բերելու շուրջ: Հանդերձանքը ներառում է զինվորական համազգեստ, զրահ, նոր բալիստիկ սաղավարտ, սպառազինություն և կրովի համակարգիչ, ինչպես նաև զրահաբաճկոն` ռադիոյի և GPS կապի համակարգով: Ռուսաստանի ռազմական ղեկավարությունն այսուհետ առաջնային նշանակություն է տալու իր զինվորների կյանքի պահպանությանը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/02/2011