Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺ ՄԻԱՍԻՆ



1994թ. մարտի 23-ին երկու քաջերի զոհվելու լուրը ցնցեց Գառնին։ Երկու մանկության ընկերներ՝ Պողոսն ու Արտակը, հայրենիքի փրկության համար չխնայեցին ամենաթանկը՝ կյանքը։

Պողոս Արամայիսի Կարապետյանն ու Արտակ Արշակի Մելքոնյանը ծնվել էին 1974թ., ապրում էին հարևանությամբ, մեծանում, սովորում, օրն անցկացնում միասին։ 1992թ. նրանք զորակոչվեցին հայկական բանակ։ Մի քանի ամիս ուսումնական զորամասում սովորելուց հետո, իմանալով, որ Արցախում իրավիճակը գնալով ծանրանում է, թողեցին ծառայությունը և տարեց կամավորների խմբի հետ մեկնեցին Արցախ՝ առաջնագիծ։ Ի՞նչը մղեց նրանց այդ քայլին։ Երիտասարդական ռոմանտիկա՞ն, հայրենիքի հանդեպ սե՞րը, թե՞ պապերի կիսատ թողած կռիվը շարունակելու գիտակցումը։ Դժվար է ասել։ Հաճախ մարդկանց որոշումները, գործողությունները քննարկելը, մեկնաբանելը դառնում է անիմաստ, քանի որ շատ հաճախ անքննելի են մարդկային հոգու տենչանքն ու մղումները։ Իրականությունն այն է, որ համարձակ տղաները 1993թ. Քարվաճառում ստացան իրենց մարտական մկրտությունը։ Հաջորդը Օմարի լեռնանցքի գրավումն էր։ Պողոսն ու Արտակն այդ ժամանակ թշնամու դեմ մարտնչում էին պռոշյանցի Պետոյի հրամանատարությամբ։ Ջոկատը մարտական առաջադրանքը կատարեց փայլուն կերպով։ Մեկը մյուսի հետևից լռեցնելով ադրբեջանցիների կրակակետերը, տղաներն առաջիններից էին, որ գրավեցին 2071 բարձունքը։ Առջևում Ֆիզուլիի ծանր մարտերն էին, և Պողոսն ու Արտակն արդեն բուժականցի Մուրադի (Մուրադ Զաքարյան) վաշտում շարունակեցին հաղթական ուղին։

Իրար հետևից հաջորդաբար թշնամուց ազատագրվում էին Ֆիզուլիի գյուղերը, բարոյալքված ու օրեցօր թուլացող հակառակորդը փորձում էր վերակազմավորվել ու անցնել հակահարձակման՝ հուսահատորեն փորձելով կասեցնել տղաների առաջխաղացումը։ Հենց այդ օրերին էր, որ նրանք, հավաքելով իրենց ուժերն ու համալրվելով, կանգ առան Աշաղի Սեյիդահմեդլիի մոտ։ Կատաղի մարտեր էին մղվում գյուղի համար, որը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ։ Հարկավոր էր վճռական գրոհով վերջնականապես լռեցնել հակառակորդին ու ազատագրել գյուղը։

Եվ ահա 1994-ի մարտի 23-ի առավոտյան ժամը 6-ին սկսվեց կատաղի ու անհավասար մարտը։ Ադրբեջանցիները նորանոր ուժերով էին համալրվում, տղաների առաջընթացը ավելի էր դժվարանում, սակայն նրանք, այնուամենայնիվ, շարժվում էին առաջ, իսկ մարտն ավելի էր թեժանում։ Ճակատագրական մի պահի թշնամու դավադիր գնդակից խոցվեց Արտակը՝ ընկավ վրեժը սրտում։ Մարտը դարձել էր ավելի կատաղի. հակառակորդը կրակում էր զենքի բոլոր տեսակներից։ Սակայն անվեհեր հայորդիները քայլ առ քայլ մոտենում էին բաղձալի հաղթանակին։ Թշնամին սկսեց ականանետից գնդակոծել հարձակվողների շարքերը, ու հենց այդ օրհասական ժամին թիկունքում պայթած ականի բեկորից մահացու վիրավորվեց Պողոսը՝ այդպես էլ չիմանալով ընկերոջ՝ Արտակի մահվան մասին… Այդ մարտում զոհվեց նաև հրամանատարը՝ Բուժականցի Մուրադը։

…Արևի մայր մտնող շողերի հետ տղաները ծանր, անդառնալի կորուստների գնով մտան Աշաղի։

Պողոսն ու Արտակը զոհվեցին 20 տարին չբոլորած՝ արժանանալով Գառնիի «Ֆիդայիների գերեզմանատանը»՝ իրենց քաջ նախնիների կողքին հանգչելու պատվին։ Հավերժ միասին։

ԳԵՎՈՐԳ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Ճակատագրեր


21/03/2013