ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ: Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունը Եկեղեցու մեծագույն տոներից է եւ արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության եւ մարդու փրկագործության նախախնամ խորհրդի: Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով: Հարության օրը` կիրակի առավոտյան, մի քանի բարեպաշտ կանայք, անուշահոտ յուղեր եւ խնկեր պատրաստելով, Քրիստոսի գերեզման այցելության էին գնում: Մինչ քայլում էին, կսկծի եւ տրտմության մեջ էին: Եւ ինչպես կարծում էին, գնում էին դեպի մի սովորական գերեզման` ամենակուլ մահվանը զոհ գնացած իրենց համար սիրելի անձին հարգանքի վերջին տուրքը մատուցելու: Տանջվում էին, քանի որ մի քանի օրերի ընթացքում նրանց ողջ հույսերը խորտակվել, հօդս էին ցնդել: Մտածում էին նաեւ, թե հսկա քարը ով պիտի մի կողմ գլորեր իրենց համար, որպեսզի ներս մտնեն: Նրանք անգամ պատկերացում չունեին, թե հասարակ թվացող այդ օրը ինչպիսի հեղաշրջում պետք է բերեր աշխարհ, ինչ բարի լուր պիտի տար ու ցնցեր աշխարհի հիմքերը: Ըստ մարգարեությունների, Քրիստոս` Աստծո Միածին Որդին, պետք է վերացներ մարդկային մեղքը` մարմնանար, չարչարվեր, խաչվեր, թաղվեր եւ երրորդ օրը Հարություն առներ:
Տեղ հասնելով` քարը գերեզմանից գլորված տեսան ու զարմացած նայում էին: Այդ պահին լուսավոր զգեստներով երկու հրեշտակներ հայտնվեցին` ասելով. «Ինչու՞ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»: Մահը` մարդկային կյանքի ամենամեծ առեղծվածը, առաջին անգամ պարտության մատնվեց: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւում է նրանց: Ինչպես վկայում է Պողոս առաքյալը, Հիսուսին տեսնում է ավելի քան հինգ հարյուր հոգի:
Սբ.Հարության տոնը հայերիս մեջ կոչվում է նաեւ Զատիկ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ իր վերջնական իմաստով` վերադարձ առ Աստված: Հին ուխտում` Զատիկը խորհրդանշում է հրեաների` Եգիպտոսից դուրս գալն ու Կարմիր ծովի միջով անցնելը, իսկ Նոր ուխտում Զատիկը հիշատակն է Քրիստոսի Հրաշափառ Հարության միջոցով մարդկային ցեղի հոգեւոր ու հավիտենական մահվան գերությունից եւ սատանայի ծառայությունից ազատվելու եւ Երկնքի արքայություն առաջնորդվելու:
Քրիստոսի Վերջին ընթրիքը, Մատնությունը, Խաչելությունը, Թաղումը եւ Հարությունը տեղի ունեցան հրեաների զատկի տոնին, որի համար քրիստոնեական Զատիկը եկավ փոխարինելու հրեաների զատկին: «Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ.1 ;29): Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուսը պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսումն էր դժոխքի ու մահվան պարտության: Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ եւ Իր սուրբ Արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք: «Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է Ինձ, թեկուզեւ մեռնի, կապրի» (Հովհ. 11. 25):
Փրկչի խաչելությամբ եւ Հարությամբ հաստատվում է կյանքի ու անմահության գաղափարը: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են՝ որպես իրենց Փրկիչ եւ Տեր, մի օր իրենք եւս պիտի հարություն առնեն` Նրա հետ հավիտենապես թագավորելու: «Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպեսեւ Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան» (Ա Կորնթ. 15; 22):
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը եւ միմյանց բաժանելը: Ձուն խորհրդանիշն է այն վիմափոր գերեզմանի, որտեղից մարդացյալ Աստվածորդին հրաշափառապես հարություն առավ, իսկ ըստ Սբ. Գրիգոր Տաթեւացու` ձուն «ողջ աշխարհի օրինակն է, եւ ինչպես որ իմաստուններն են ասում, դրսի կեղեւը երկնքին է նման, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, իսկ դեղնուցն էլ երկիրն է»:
Հավկիթներ նվիրելու սովորույթը կապվում է սուրբ Մարիամ Մագդաղենացու հետ: Ավանդության համաձայն, Քրիստոսի համբարձումից հետո նա, Ավետարանի քարոզության նպատակով, գնացել է Հռոմ, ներկայացել Տիբերիոս կայսրին, նրան կարմրաներկ մի ձու նվիրել՝ ավետելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»` եւ սկսել է իր քարոզությունը: Զատկական ձուն ներկվում է կարմիր, որը խորհրդանշում է Քրիստոսի Արյամբ ամբողջ աշխարհի գնումը: Կարմիր ձուն իր ձեռքի մեջ վերցնելով` քրիստոնյան հռչակում է իր փրկությունը: Հայերը հնում ձուն ներկում էին Որդան կարմիրով:
Սուրբ Հարության տոնը սկսվում է Ճրագալույցի Սբ. Պատարագով, որով ավարտվում է Մեծի պահոց շրջանը: Ավետվում է Քրիստոսի Հարությունը, որից հետո հավատավոր զավակները վառվող մոմերը իրենց տուն են տանում, իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ, համախմբվում են տոնական սեղանների շուրջ եւ ճաշակում զատկական ընթրիքը:
Քրիստոսի Հարությունը մարդկային կյանքի վեհ եւ առանցքային գաղափարը դարձավ, նրա բոլոր ձգտումներին, բարոյական եւ հոգեւոր քաղաքակրթությանը նոր արժեք հաղորդեց, իսկ մեր երկրավոր կյանքը դարձավ մի միջոց՝ արդարացնելու համար հոգին, եւ դուռ՝ դեպի հավիտենական արժեքներ, դեպի կատարելություն:
«Եթե Քրիստոս հարություն չի առել,- գրում է Պողոս առաքյալը, – ապա իզուր է ձեր հավատքը». չկա փրկություն, չկա հավիտենական կյանք: Բայց ոչ, Քրիստոսի Հարությունն իրողություն է եւ փաստ, եւ այս օրերին բոլոր քրիստոնյաները ցնծությամբ բացականչում են.
– Քրիստոս Հարություն առավ մեռելներից, Մահվամբ մահվանը հաղթեց եւ իր Հարությամբ մեզ կյանք պարգեւեց. Նրան փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:
Մահն այլեւս անպարտելի չէ, քանզի ունենք մեր Տիրոջ Հարությունը:
Փա՜ռք Հրաշափառ Հարությանը Քո, Տե՛ր:
ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քհն. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Հոգևոր-մշակութային