ՌՇՏՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ԴՈՒՍՏՐԸ…
Մանուկ օրերի հիշողությունները անցնող տարիների հետ, երբ նորից այցի են գալիս., իրենց հետ խնդություն, ջերմություն են բերում։ Դեմքերն ու դեպքերը այնքան են քեզ հարազատ, որքան քո մանկության անհոգ ու անուշ օրերը։
…Ձմեռ է, ձյուն։ Մանկության տարիներին ձյունը ծածկում էր արար-աշխարհ, ծածկում էր մեր գյուղի տներն ու շրջակա սարերը։ Երեխաներով տաք վառարանի շուրջ հավաքվում ու փորձում էինք չորացնել մեր թաց շորերը, գուլպաները։ Հաճելի ջերմությունը նինջ էր բերում, սակայն մայրիկիս խնդրանքով երեխաներիցս մեկնումեկը պետք է բարձրաձայն մի գիրք կարդար, հիմնականում հայոց պատմավեպերից՝ «Սամվել», «Անիի ավերակները», «Խենթը»…
Հիշում եմ, երբ գրողը նկարագրում էր հայոց մի որեւէ թագուհու կամ իշխանադստեր առաքինությունները՝ գեղեցկությունը, վեհանձնությունը, հայրենասիրությունը, բարությունը՝ մայրս միշտ հիացմունքով ասում էր.
-Ոնց որ մեր Ներքին թաղի Վարսիկը… Ոնց թագուհի լինի, իշխանադուստր… Վարսիկի գեղեցկությունն ու բարությունը լրացնում են մեկը մյուսին,- ասում էր մայրս։
Վարսիկ մայրիկը Ներսեսի կինն էր։ Երկուսն էլ ազնվականի կեցվածք ունեին, իրենց կիրթ վարվելաձեւով լրացնում էին մեկը մյուսին։ Չգիտեմ, նրանք ուսանել էին որեւէ կրթօջախում, սակայն նրանց իմացությունը, համեստ պահվածքը այդ էին վկայում։ Օրինակ՝ եթե նրանց հայոց պատմության հարցերին որեւէ մեկը անսխալ պատասխաներ՝ իմացած եղեք, որ բարձրագույնի քննությունը անպայման կհանձներ։ Ներսեսը ոսկի ձեռքեր ուներ։ Ազատամարտի օրերին քանի-քանի «Մոսին» ու հրացան նորոգեց, զինեց տղաներին…
Վարսիկ մայրիկի եղբայրները բոլորն էլ ուսումնական, բարձր պաշտոնների էին։ Նրանք հեքիաթային սիրով էին կապված իրենց քրոջը (որը երեխաներից միակն էր, որ ապրում է գյուղում), սիրում էին թագուհուն վայել։ Նրանց ծնողները գաղթել էին Ռշտունյաց լեռնաշխարհից։ Ծննդավայրից իրենց հետ կարոտ էին բերել՝ մեղմացնելու այն վիշտն ու արհավիրքը, որը բաժին էր հասել իրենց։
ՈՒ ամեն անգամ, երբ վիպասանը նկարագրում էր որեւէ թագուհու կամ իշխանադստեր, հիշում եմ, մայրս ոգեւորված, բարի ժպիտը դեմքին ասում էր.
-Ոնց մեր Ներքին թաղի Վարսիկը՝ իսկը թագուհի, իշխանադուստր՝ համեստ, գեղեցիկ, հայրենասեր…
Ամուսինը՝ Ներսեսը, արդեն քանի տարի հեռացել է կյանքից։ Վարսիկ մայրիկը ծերացել է, գեղեցիկ, սլացիկ հասակը թեքվել-կորացել է, մազերը ճերմակել։ Չի փոխվել միայն դեմքի ժպիտը։ Այդ բարի ժպիտով բանակ է ճանապարհում եւ ընդունում իր թոռներին ու ծոռներին՝ դուստրերի եւ Աշոտ որդու զավակներին…
Այդպես ապրում է Վարսիկ մայրիկը՝ Ռշտունյաց աշխարհի արքայադուստրը, որը բարություն է ավելացնում լեռների գրկում ծվարած Շաղափ գյուղի երկնակամարին, որտեղից էլ ամպերը գնում են դեպի Ռշտունյաց լեռներ, այնտեղից էլ Արցախ եւ կամ էլ հակառակը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Հոգևոր-մշակութային