ՈՒՆԿՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆ Է, ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐՆ Է ՈՒ ՀԱՅՈՑ ՀՈՂԸ…
Անկեղծ ասած` ամեն անգամ, երբ հանդիպում եմ որևէ հաջողության հասած երաժշտական կոլեկտիվի անդամների, և նրանք պատմում են իրենց հաջողություններից, ձեռքբերումներից, ակամա հիշում եմ մեծն Կոմիտասին։ Հիշում եմ տխրությամբ ու նաև հպարտությամբ։ Բարձրանում էր աշխարհի բեմերը, և Եվրոպայի երաժշտասեր հասարակությունը զարմանքով նայում էր հոգևորականի հագուստով այդ հայորդուն, որը ծոցագրպանից հանելով երաժշտական գործիքը, սկսում էր նվագել։ Սկզբում զարմացած, ապա գերված ու դյութված հասարակությունը ավարտից հետո մի պահ քարանում էր, ապա հնչում էին որոտընդոստ ծափահարություններ։ Դրանք իմ, մեր հպարտության ակնթարթներն էին։ Ապա տխրությամբ, թախիծով հիշում եմ մեծ երաժշտի վերադարձը հայրենիք, որտեղ նրան դիմավորողները իր երաժշտախմբի մի քանի սաներն էին։ Աշխարհը նվաճած հայորդու հաջողությունները մնում էին անտեսված… Ամեն անգամ նա ներքին անմեկնելի ուրախությամբ ոտք էր դնում երբեմնի հայրենիք կոչված Հայաստան տարածքը, սակայն ուրախությունը կիսող չկար։ Պետության, պետականության բացակայությունը ամենից ավելի զգում էր մեծ երգահանը, սակայն հավատով սպասում էր այդ երանելի օրվան, մեր պետականության վերականգնմանը՝ պահպանելով մեր երբեմնի մշակութային փառքն ու հզորությունը։ Այսօր նրա բաղձանքն իրականություն է դարձել:
Վերջերս հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ հեռուստատեսությամբ հաղորդում էր եթեր արձակվում, որին մասնակցում էին Արտակարգ իրավիճակների նախարարության նվագախմբի երաժիշտները։ Կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորելով հայոց բանակին` նվագախմբի երաժիշտները կատարեցին «Հայկական բանակ» քայլերգը։ Ոգևորություն էր դահլիճում։ Հաղորդման մասնակիցները նույնպես ձայնակցում էին։ Լսելով նվագախմբի ստեղծման պատմության, ձեռքբերումների, հաջողությունների մասին` որոշեցինք դրա գործունեությանն անդրադառնալ ավելի մանրամասն։
Փողային նվագախմբի պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մանվել Ութուջյանը որպես առաջնակարգ երաժիշտ նվագել է Հայաստանի տարբեր նվագախմբերում, եղել է ռադիոյի պետական սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի մենակատար շեփորահարը։ 1995-ից նշանակվել է ներքին զորքերի նվագախմբի ղեկավար։
-Երբ անցա ծառայության, նվագախմբում կար 7 երաժիշտ, կարճ ժամանակում երաժիշտների թիվը հասավ 48-ի և դարձավ հանրապետության լավագույն նվագախմբերից մեկը։ Մեր բանակի նվագախմբի հետ մասնակցել ենք հանրապետության բոլոր շքերթներին, միջոցառումներին։ Բանակի հետ կապը միշտ եղել է և կա։ Երբ Արտկարգ իրավիճակների նախարար նշանակվեց Ա. Երիցյանը, ես ոստիկանության զորքերի նվագախմբի ծառայության պետն էի։ Նախարարն ինձ հրավիրեց, առաջարկեց ստեղծել ԱԻ նախարարության փողային նվագախումբ։ Ես սիրով հանձն առա և նվիրվեցի այդ գործին։ Մեկ ամիս էլ չէր անցել, երբ արդեն կազմավորված նվագախմբի կորիզը ներկայացրեցի նախարարին։ (Ի դեպ, հարկ է նշել, որ մեր նախարարը ունի նաև երաժշտական կրթություն)։ Քաջալերանքի խոսքերից և աջակցությունից հետո է՛լ ավելի եռանդուն անցանք աշխատանքի։ Հայաստանում հարվածային գործիքների ճանաչված երաժիշտ, նվագախմբի պետի տեղակալ Համլետ Ադամյանի, նվագախմբի ավագ Սերգեյ Գաբրիելյանի եռանդուն աջակցությամբ կարճ ժամանակում լուծեցինք կազմակերպչական և ստեղծագործական հարցերը։ Երկուսն էլ մեծ վաստակի երաժիշտներ են՝ Համլետը ոստիկանության զորքերի հետ մասնակցել է մեր ազատագրական պայքարին, Սերգեյը հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերից ծառայության մեջ է եղել։ Ինչպես նվագախմբի շատ անդամներ, նրանք էլ տեսել-զգացել են թե երկիր պահող զինվորի հոգում ինչ զգացողություններ է ծնում երաժշտությունը՝ մարշը, քայլերգը, հայրենասիրական երգը։
Նվագախմբի դիրիժոր Հակոբ Սարգսյանը Քանաքեռի երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ Ուսումնարանի 2-րդ կուրսն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի երաժշտական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորական բաժինը և իր ցանկությամբ ծառայության անցել Գյումրիի ռուսական զորամասում։ «Երկրաշարժի օրերն էին և ամեն հայ փորձում էր ինչ-որ կերպ օգնել իր ժողովրդին, լինել նրա կողքին,- ասում է դիրիժորը,- 7 երաժշտից բաղկացած մեր նվագախումբը (բոլորն էլ ազգությամբ հայեր) մեծ հաջողությունների հասավ ինչպես հյուսիսային Կովկասի, այնպես էլ Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հայտնի զինվորական նվագախմբերի մրցույթում։ Մենք մի երաժիշտ ունեինք՝ Քաջիկ Վարդանյան, երկրաշարժի հետևանքով կորցրել էր իր երկու տղաներին։ Երկրաշարժից հետո ունեցավ ևս 3 տղա, որոնք բոլորն էլ այժմ երաժիշտներ են։ Ես գտնում եմ, որ երաժշտությունը նույնպես օգնել է նրան դիմանալ ճակատագրի հարվածներին»,- ասում է Հակոբ Սարգսյանը։
-Չնայած նվագախումբը գործում է արդեն երկուսուկես տարի,- շարունակում է նվագախմբի պետ Մ. Ութուջյանը,- սակայն կարելի է ասել, որ այս կարճ ժամանակահատվածում արդեն աչքի է ընկել իր հաջողություններով, գրել է իր «կենսագրությունը»։ Նվագախումբը մշտապես մեր նախարարի ուշադրության կենտրոնում է։ Լուծվել են տեղի, համազգեստի խնդիրները։ Ստեղծվել է մի կոլեկտիվ, որն իր արհեստավարժությամբ կարող է մրցել բարձրակարգ նվագախմբերի հետ։ ԱԻ նախարարության շքերթներից զատ (սեպտեմբերի 4-ը ԱԻ նախարարության օրն է) բարեգործական համերգներ ենք ունեցել ծերանոցներում, մանկատներում, մասնակցել ենք Գյումրիում, Արցախում կազմակերպված փողային նվագախմբերի փառատոնին։ Ելույթ ունեցանք Երևանում ՌԴ դեսպանատանը կազմակերպված արարողակարգի ժամանակ, որտեղ ՌԴ նախագահի կողմից պարգևատրվեցին մեր փրկարարական ծառայության այն անդամները, որոնք ակտիվ մասնակցություն էին ունեցել Ռուսաստանում անտառային հրդեհների մարման գործում: Մասնակցեցինք նաև Ազատամարտիկների այգում տեղադրված հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող` երկաթուղայիններին նվիրված հուշարձանի բացմանը։
Նվագախումբը համալրված է արհեստավարժ երաժիշտներով` Խորեն Միքայելյան (գալարափող), Սամվել Մեսրոպյան (մեծ թմբուկ), Համլետ Դեմիրճյան (փոքր թմբուկ), Մամիկոն Գրիգորյան (ծնծղա), Կարեն Հովհաննիսյան, Վարդան Գևորգյան (շեփոր), Արտաշես Մկրտչյան (սաքսաֆոն), Ռաֆայել Հակոբյան, Մուշեղ Նազարեթյան, Գևորգ Գևորգյան (կլարնետ)։ Նրանց մեծ մասն ավարտել է Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիան։
Եվ նորից հիշվեց մեծն Կոմիտասի անունը։ Այս անգամ առանց տխրության ու թախիծի, այլ հպարտությամբ, որովհետև նվագախումբը նվագում էր Արտեմի Այվազյանի «Հայկական ռապսոդիան», Արամ Խաչատրյանի «Սպարտակը», «Դիմակահանդեսը», Ռոբերտ Պետրոսյանի մարշերը, Արա Գևորգյանի «Արցախը», Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունները։
Իսկ հրաժեշտին սաքսաֆոնահար Մեսրոպ Պահլավունին հիշեց. «Շուշին ազատագրելուց մեկ տարի էր անցել։ Նվագախմբով մասնակցում էինք Ստեփանակերտի շքերթին։ Ցնծություն էր, ոգևորություն։ Բարձրացանք Շուշի՝ նույն ցնծությունը։ Մարդիկ քայլում էին մեզ հետ, մեր կողքին։ Տոն էր։ Հետո Շուշիի հրամանատարը գեղատեսիլ մի վայրում մեզ հրավիրեց խնջույքի։ «Դե հիմա էլ լսեք մեր երաժիշտներին,- ասաց ու ձայն տվեց։ Եկան մի չորս-հինգ մարդ և սկսեցին երգել «Կեցցե Հայաստան», «Առյուծի նման», «Անդրանիկ» երգերը։ Երգում էին բռունցքները թափահարելով։ Պարզվեց, որ գերիներ են։ «Երբ ունես պետություն, երբ հզոր ես, քո ձայնն էլ կլսվի, քո երգն էլ»,- ասաց հրամանատարը։
…Եվ հնչում էին նվագախմբի տղաների կատարումները, իսկ դիրիժոր Հակոբ Սարգսյանը վարպետորեն չափ էր տալիս, և ունկնդիրը գարնանային Հայաստանն էր, Հայաստան աշխարհը, հայոց երկիրն էր, հայոց հողը…
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր