ՆՐԱՆՔ ԱՊՐԵՑԻ՛Ն
Զինվոր Մարատը արձակուրդ էր եկել և նրա պապենական օջախում խնջույք էր։ Որդու տուն հասնելուն պես հայրը՝ Հրաչիկը, մատաղացու գառը մորթել և գյուղական բարիքներով սեղան էր գցել։ Հավաքվել են հարազատները, բարեկամները, զինվոր Մարատի ընկերները։ Սեղանի վերին մասում նստած է 93-ամյա Հայկանուշ տատը, որի Վաչիկ ամուսինը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Մարատի Զոյա տատը և մայրը՝ ուսուցչուհի Լիանան առանց այն էլ բեռնավորված սեղանն էլ ավելի են ծանրացնում։ Հորդորում են սեղանակիցներին, որ օգտվեն։ Ու ամեն մի նախադասություն, ամեն մի բառ արտասանելիս ջերմ հայացքը շրջում են զինվոր որդու կողմը.
-Բարով ես եկել, ցավդ տանեմ, դու դեռ տես, թե ինչ ուրախություն ենք անելու երբ ծառայությունից վերադառնաս։ Մինչև ծառայության ավարտը էլի մատաղ ենք խոստացել…
Հայկանուշ մեծ տատի օրհնանքի, բարեմաղթանքի բաժակից հետո սեղանի կառավարումը հանձնում են Վարդանին։ Զգում եմ, որ այս օջախում ամեն մի բառն իր արժեքն ունի, իր իմաստը։ Հերթական անգամ, երբ Վարդանը ոտքի կանգնելով բարձրացնում է բաժակը և հայացքը հառում է պատի մեծադիր լուսանկարին՝ բոլորը ոտքի են կանգնում։ Հյուրասենյակի պատին ազատամարտիկ Վաչիկ Թանգյանի լուսանկարն է՝ մորուքով, ավտոմատը կրծքին սեղմած ու վճռական հայացքով։ Ինչպես պապը` Վաչիկը, այնպես էլ Վաչիկ թոռը այս օջախից են մեկնել պատերազմ, պապը՝ մասնակցել է Մեծ հայրենականին, իսկ թոռը՝ դարավերջի մեր ազգային ազատագրական պայքարին։ Հիմա պապը ննջում է ռուսական հեռավոր բնակավայրի եղբայրական գերեզմանոցում, իսկ թոռը ծննդավայրի՝ Բռնակոթի զոհված ազատամարտիկների պանթեոնում…
Վարդանն իր խոսքը սկսում է գյուղի հերոսական պատմությամբ, հիշում գյուղից սերված այն 8 հերոսներին, ապա ողջ Հայաստան և Արցախ աշխարհով ննջող հայորդիներին հիշատակելով, ավարտում է իր խոսքը. «Փառք նրանց հիշատակին»։ Կարեն Թանգյանը լրացնելով նրա խոսքը՝ ավելացնում է. «Հնում, երբ վերադառնում էին պատերազմից և հաղթանակած զորքի առջև կարդում էին զոհվածների անունները, զորքը միաձայն բացականչում էր. «Նրա՛նք ապրեցին»։ Եվ իրոք՝ նրանք կան, ապրում են, քանզի հայրենյաց համար նահատակները սրբացվում են հայոց եկեղեցու կողմից»։
Հետո հիշում են Վաչիկի կյանքից դրվագներ, հետաքրքիր պատմություններ: Զինվորական հագուստով ներս է մտնում մի հայուհի, և ներկաները խորին ակնածանքով և հարգանքով են դիմավորում նրան։ Ողջագուրվում է զինվոր Մարատի հետ և նրան փոխանցում աղջիկների՝ Հայկանուշի և Անուշի բարևները։ Ավագ ենթասպա Անահիտ Վարդանյանը ազատամարտիկ Վաչիկ Թանգյանի կինն է։ Հարս է եկել այս օջախ և այս օջախում են ծնվել նրանց երկու դուստրերը։ 1994թ. ծառայության է անցել զորամասում։ Այժմ ապրում է Սիսիանում։ Ինչպես բնակարանի, այնպես էլ աշխատանքի հարցում անուրանալի օգնություն է ցուցաբերել զորամասի առաջին հրամանատար Հ. Ազոյանը։
-Ամուսնուս՝ Վաչիկի զոհվելուց հետո հրամանատարը երեք զոհվածների ընտանիքի տուն հատկացրեց, որոնցից մեկը ես էի։ Երեխաներիս հետ տեղափոխվեցինք Սիսիան և անցա աշխատանքի։
Ծառայության այս տարիների ընթացքում ավագ ենթասպա Անահիտ Վարդանյանը պարգևատրվել է I, II, III կարգի անբասիր ծառայության, ինչպես նաև «Մարշալ Բաղրամյան» և «Բանակի 20 տարին» մեդալներով։ Տխրությամբ, թախիծով է հիշում ամուսնուն, ում հետ միասին անցկացրած մի քանի տարիների հիշողությունները կուղեկցեն նրան իր ողջ կյանքի ընթացքում։ Հաջորդ օրը արդեն զորամասում հանդիպման ժամանակ խնդրեցի պատմել ամուսնու՝ Վաչիկ Թանգյանի, երեխաների՝ Հայկանուշի և Անուշի մասին…
-Վաչիկը ծնվել է 1967թ. հունվարի 16-ին։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Սիսիանի տեխնիկումի «Գյուղատնտեսության մեխանիզացիայի» բաժնում։ Սովորում էինք տարբեր կուրսերում։ Մեկնեց ծառայության, վերադարձավ, շարունակեց ուսումը։ Այսպես ծանոթացանք, մտերմացանք, ամուսնացանք։ Ծառայության անցավ սահմանապահ ջոկատի Սիսիանի պարեկատանը։ 1992-ի դեկտեմբերից մասնակցեց Կապանի և շրջանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանական մարտերին։ 1993-ի օգոստոս ամսին մասնակցեց Գյուլիբերդի ազատագրման, 1994-ի սկզբին Ֆիզուլիի և հարակից շրջանների մարտական գործողություններին։ Զոհվեց իր ծննդյան օրը՝ հունվարի 16-ին, Հորադիսի համար մղվող մարտերից մեկի ժամանակ։
Ամուսնու մարտական ուղու մասին համառոտ այս տեղեկությունները պատերազմ տեսած, երկու երեխա լույս աշխարհ բերած ծնողի, երիտասարդ հայուհու համար մի ամբողջ աշխարհ է՝ անվերջ ու անսկիզբ հիշողություններով։
-Ամեն անգամ պատերազմ մեկնելիս ասես ժամանակը կանգ էր առնում։ Ես այն ժամանակ Վաչիկի հայրական տանն էի ապրում։ Հայկանուշ տատը, Զոյա մայրը, բոլորս փորձում էինք թաքցնել մեր ապրումները, սպասումները, սակայն ժամանակը նորից սկսում էր իր ընթացքով շարժվել, երբ նա վերադառնում էր, երբ վերադառնում էին գյուղի տղաները։ Վերադարձին գրկում էր բոլորին, համբուրում, կրծքին էր սեղմում աղջիկներին, երկար-երկար շնչում նրանց բույրը ու մեղմ ժպիտով վայր դնում։
Բնավորությամբ հանգիստ էր, խաղաղ, անչափ մարդկային։ Ընկերասեր էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր։ Սերը իր գյուղի, իր նախնիների հանդեպ անչափ մեծ էր։ Սիրում էր գիրք կարդալ, պատմական գրքեր։ Եվ երբ պատմական որևէ գրքում հանդիպում էր իր նախնիների մասին որևէ հիշատակության, հպարտություն էր ապրում։
Այդ օրը հերթափոխի մեկնող տղաների ցուցակում իր անունը չկար։ Ինքն էլ հիվանդ տանն էր։ Երբ մեքենան եկավ, և ընկերը ձայն տվեց, արագ վեր կացավ, հագնվեց ու դուրս եկավ։ Շտապելիս աղջկա ոտքը տրորեց։ Հետ դարձավ համբուրեց ու գնաց։ Այսպես պատմում եմ ու թվում է մի հավերժական կյանք ենք ապրել։ Բայց այդ բոլորը ընդամենը 5 տարի էր ու երբ պատերազմում, սահմաններում եղած ժամանակը դուրս է գալիս, շատ է նվազում այդ ժամանակը։ Ախր, շատ էր կարճ ժամանակը՝ անընդհատ դիրքերում էր…
Այդ օրը՝ 1994-ի հունվարի 16-ին, երբ Հայկանուշ տատի քրոջ աղջիկը եկավ, որ ինձ տանի՝ ասելով, որ տատի քույրը հիվանդ է՝ ես զգացի, որ Վաչիկը զոհվել է. դա մի ներքին, անբացատրելի կանխազգացում էր…
Հետո ապրեցի, ապրեցինք։ Օգնեցին, օգնեց ամուսնուս եղբայրը՝ Հրաչիկը։ Պահեցի, մեծացրի աղջիկներիս, որոնք երկուսն էլ այսօր Ստեփանակերտի պետական համալսարանի ուսանողներ են։ Ապրում են վարձով։ Հայկանուշս իրավաբան է, այս տարի կավարտի, իսկ Անուշս ուզում է դառնալ անգլերենի, գերմաներենի մասնագետ։ Երբ Վաչիկը զոհվեց, Հայկանուշը 4, իսկ Անուշը 2 տարեկան էին։ Փոքրը՝ Անուշը, շատ է հետաքրքրվում պատմությամբ, Վաչիկի նման երբ Թանգյանների մասին որևէ հիշատակություն, տեղեկություն է գտնում՝ անչափ ուրախանում է ու կատակով ասում.
-Մի հատ էլ հոպար գտա…
Գ. ՇԱՂԱՓՅԱՆ
Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Ճակատագրեր