Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՈՐԴԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է ՄՈՐ ՄԱՍԻՆ



Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծված «Մայր հայրենիքն է կանչում» հանրահայտ պաստառը համարվում է արվեստի փայլուն ստեղծագործություն. այն իր լակոնիկ տեքստով, աչքի զարնող պատկառազդու կնոջ կերպարով ժամանակին այնքան հզոր ազդեցություն է ունեցել թշնամու դեմ ժողովուրդներին համախմբելու և պայքարի կոչելու առումով, որ Հիտլերն ասել է` «Մոսկվան վերցնելուց հետո կկախեմ այդ պաստառի հեղինակին»։

«Մայր հայրենիքն է կանչում» պաստառը պատերազմի տարիներին փակցված էր ամենուր՝ զորահավաքակայաններում, զինվորական էշելոններում, կայարաններում, տներում։ Զինվորների, սպաների համար այն դարձել էր հարազատ մոր դիմանկար, ամեն մեկը այդ նկարում իր մոր դիմագծերն էր տեսնում։ Շատերն էին համոզված, որ մայր հայրենիքի կերպարը հավաքական է։ Սակայն պարզվում է, որ պաստառի հեղինակը՝ Իրակլի Թոիձեն, պատկերել է իր կնոջը՝ Թամարային։ Այդ մասին պատմում է Իրակլի Թոիձեի որդին՝ Ալեքսանդր Թոիձեն.

«Հայրս աստվածատուր նկարիչ էր։ Դիմանկար ստեղծելիս նա սկզբում նկարում էր մարդու աչքերը, ապա քիթը, հետո նոր գլուխը։ Նկարելու այս ձևը նա փոխառել էր պապիցս՝ Մոսե Թոիձեից, որը պրոֆեսոր էր և դասավանդում էր Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում։ Այդտեղ և սովորել էր հայրս։ 30-ականներին նա արդեն հայտնի նկարիչ էր։ Աշխատում էր Մոսկվայի «Безбожник » ամսագրում` որպես պլակատիստ և պատկերազարդող։ Հայրս մեր կոմունալկայի 2 սենյականոցից մեկը դարձրել էր արվեստանոց և նկարում էր, իսկ մայրս հաճախ էր նրան խորհուրդներ տալիս։ Նա ևս նկարիչ էր։ Մորս կոչում էին Թամարա Թեոդորովնա, բայց հայրանունը, ինչպես կատակում էր հայրս, ոչ պրոլետարական էր, և բոլորը նրան կոչում էին Թամարա Ֆեոդորովնա։ Ծնունդով Սանկտ Պետերբուրգից էր, նրա երակներում հոսում էր իսպանական, գերմանական, լեհական և հրեական արյուն։ Կատարյալ գեղեցկուհի էր, բոլոր ընդունելությունների ժամանակ անմիջապես տղամարդկանց ուշադրության կենտրոնում էր հայտնվում։ Հայրս շատ էր խանդում մորս։ Ծնողներիս երջանիկ կյանքը փլվեց 1941թ. հունիս 22-ին։ Մայրս պատմում էր, որ լսելով ֆաշիստների հարձակման մասին Սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունը, սարսափելի վախեցել է երեխաների համար։ Վազել հասել է հորս արվեստանոց, աղմուկով բացել դուռը և հուսահատ ճչացել՝ պատերա՛զմ է։ Ըստ երևույթին, նրա դեմքի արտահայտությունն այնքան տպավորիչ է եղել, որ հայրս բացականչել է՝ «Կանգնի՛ր այդպես, մի՛ շարժվիր»։ Լինելով արտակարգ տաղանդի տեր` հայրս ակնթարթորեն պատկերել է մորս դեմքի փոթորկոտ, ալեկոծ և ազդու հայացքը։ Առավոտյան պաստառը պատրաստ էր, 5 օր անց այն տպագրվեց տպարանում, և առաջին տպաքանակն արդեն անցավ մեկ միլիոնը։

Մայրս թխահեր գեղեցկուհի էր, սակայն հայրս դիտմամբ նրա դիմապատկերը հասարակացրել էր։ Այդ ժամանակ մայրս 37 տարեկան էր, բայց ոչ մեկը նրան 30 էլ չէր տա։ Հայրս միտումնավոր ծերացրել էր նրա կերպարանքը, որպեսզի այն ավելի ընդունելի, ընդհանրական լիներ։ Օրինակ՝ այդ նկարում ես տեսնում էի նաև մեր կոմունալկայում ապրող հարևանուհու դիմագծերը։ Իսկ «Մայր հայրենիք» բառակապակցությունը, կարծում եմ, հայրս փոխ էր առել իր բանաստեղծ ընկեր Անդրեյ Բելիի (Андрей Белый) ստեղծագործություններից, որի հատորներում սիրում էր ընդգծումներ անել։

«Позволь же, о родина-мать, в сырое, в пустое раздолье, в раздолье твое прорыдать…»

Պաստառում գերիշխում է կարմիրը։ Այս գույնը դեռ հնուց ի վեր աղերսվել է արյան, կրակի հետ։ Երբ հռոմեական զորավարները վրեժ էին լուծում թշնամուց ու հաղթանակ տանում, նրանք իրենց դեմքը ներկում էին կարմիր՝ ի պատիվ պատերազմի աստված Մարսի։ Հին աշխարհի զորավարները՝ Սպարտակը, Մակեդոնացին, իրենց մարտիկներին հագցնում էին կարմիր երկար թիկնոց։ Եվ պատահական չէր, որ մեր բանակը դարձավ Կարմիր բանակ և այդպես տարբեր կարմիր անվանումներ՝ «Կարմիր պրոլետար», «Կարմիր պարտիզան»։ Կարմիրը համարվում է հաղթանակի գույն։

Մայր հայրենիքի կերպարը շատերին է ոգեշնչել։ Պատերազմի տարիներին հայրիկիս ընկերը՝ շարքային Վասիլի Եֆրեմովիչը, պատմել էր, որ նայելով պաստառի մայր հայրենիքի աչքերին, մարտիկների գլխում մի միտք է միայն տիրել. «Անհապաղ նետվել մարտադաշտ և վրեժ լուծել անարգ թշնամուց»։

Պաստառը թարգմանվել և բազմացվել էր ԽՍՀՄ ամբողջ տարածքում։ Վետերանների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ճակատային զինվորներից մեկը հորս պատմել էր. «Ֆաշիստական ճնշման տակ մեր դիվիզիան դիմադրել չկարողացավ։ Երբ սկսեցինք նահանջել, զինվորներից մեկը դիմացի կիսաքանդ շենքի պատին նկատելով «Մայր հայրենիքի» պաստառը, բացականչում է «Չի կարելի մամային այստեղ թողնել»։ Ցատկելով մեծ բարձրությունից, նա հանում է պաստառը, խնամքով ծալում և հարմարեցնում է գիմնաստյորկայի տակ, հետո հասնում է արդեն ընթացող մեր մեքենայի հետևից, ու հենց այդ պահին նրան խոցում է դիպուկահարի մահաբեր գնդակը…

ԱՅԼ ՎԱՐԿԱԾՆԵՐ «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ՊԱՍՏԱՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գրող Վիկտոր Սուվորովը իր «Օր-Մ» գրքում գրում է, որ «Մայր հայրենիք» պաստառը ստեղծվել և հրապարակվել է մինչև պատերազմը՝ 1940թ. դեկտեմբերի 25-ին։ Այնուհետև պաստառները գաղտնի ծրարներում ուղարկվել էին բոլոր զինկոմիսարիատներ, քաղկոմներ և շրջկոմներ և հանձնարարվել բացել հատուկ կարգադրությամբ։

♦♦♦

Պատերազմից հետո վետերան Վլադիմիր Ցիբիզովը հաստատում էր, որ «Մայր հայրենիք» պաստառում պատկերված է իր մայրը՝ Աննա Ցիբիզովը։ Վերջինս որդուն պատմել է, որ հացի հերթում իրեն նկատել է նկարիչը և հրավիրել ստուդիա։ Եվս մի քանի կանայք համոզված պնդում էին, որ հենց իրենք են պատկերված աշխարհահռչակ այդ պաստառում։ Չվիճարկելով այս կամ այն վարկածի ճշմարտացիությունը, պարզապես ևս մեկ անգամ եզրահանգում ենք, որ արվեստի ստեղծագործության մեծությունը կայանում է նաև նրանում, որ ամեն մեկն այդտեղ ինչ-որ հարազատ նշույլ է տեսնում, զգում, ապրում…

♦♦♦

Իրակլի Թոիձեն վախճանվել է 1985թ., 83 տարեկանում, նրա աճյունն ամփոփված է Վրաստանի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում։ Նրա երկարամյա մուսան՝ Թամարան, ամուսնու մահից հետո ապրեց ևս 9 տարի։

♦♦♦

Ոմանց համար «Մայր հայրենիք» պաստառը խորհրդային ռազմական քարոզչության հզոր, հանճարեղ նմուշ է, ոմանց համար մայր հայրենիքի խորհրդանիշ… Իսկ Թոիձեի ընտանիքի համար պաստառում պատկերված կինը պարզապես անսահման սիրելի և հարազատ էակ է…

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Պատմության էջերից


04/04/2013