Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարում

Զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանության ապահովման պարտականությունները, հրամանատարներից բացի, դրվում են նաև այլ պաշտոնատար անձանց վրա: Օրինակ՝ զորամասի շտաբի պետը, համաձայն ԶՈՒ ՆԾ կանոնագրքի 96-րդ հոդվածով իրեն ամրագրված պարտականությունների, կազմում է զինծառայողների արձակուրդների գրաֆիկը և վերահսկում դրանց տրամադրման գործընթացը, պարտավոր է մշտապես վերահսկել նյութական միջոցների առկայությունը, ամենօրյա ղեկավարում իրականացնել ստորաբաժանումներում դրանց պահպանության կարգի վերաբերյալ:

Համաձայն ԶՈՒ ՆԾ կանոնագրքի 97-րդ հոդվածի, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը պատասխանատու է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, քաղաքացիական անձնակազմի սոցիալ-իրավական պաշտպանվածության գծով աշխատանքի համար: Նա է ապահովում զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական ծառայողների, սոցիալական արդարության գործընթացի իրագործումը, նա պարտավոր է իմանալ նրանց կարիքները և հուզող հարցերը, ձեռք առնել միջոցներ` ժամանակին ընթացք տալու նրանց ներկայացրած հիմնավոր բողոքներին և դիմումներին, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքները:

Համաձայն ԶՈՒ ՆԾ կանոնագրքի 101-րդ հոդվածի, թիկունքի գծով հրամանատարի տեղակալը պատասխանատու է զորամասի նյութական ապահովվածության՝ զինծառայողների սոցիալական և կենցաղային կարիքների սպասարկման համար, զորանոցաբնակարանային ֆոնդի պահպանության համար: Նա պարտավոր է /հոդված 102/ ժամանակին կազմակերպել զինծառայողներին հասանելիք նյութական միջոցների և որակյալ սննդի ապահովումը, վերահսկել նյութական միջոցների հատկացումը անխտիր յուրաքանչյուր զինծառայողին, կազմակերպել բնակելի և ոչ բնակելի շինությունների ճիշտ շահագործումը և նորոգումը, ցուցաբերել մշտական ուշադրություն անձնակազմի արտաքին տեսքի՝ ժամանակին հանդերձանքի հատկացման, նորոգման, ստորաբաժանումների բաղնիքալվացքային սպասարկման հարցերի նկատմամբ:

Հիմնավորում` բոլոր կարգի պետերը՝ զորամասի հրամանատարից սկսած, ջոկի հրամանատարով վերջացրած, ի պաշտոնե ունեն սոցիալական ոլորտին վերաբերող պարտավորություններ, որոնք ամրագրված են ղեկավար փաստաթղթերով:

Պարտավորություններ, որոնց զգալի մասը բարեխղճորեն կենսագործվում են առօրյա զինվորական կյանքում` մաս կազմելով ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների: Եվ որպեսզի պարտավորությունները /պարտականությունները/ չկրեն դեկլարատիվ բնույթ, պետերը իրենց պարտավորություններում թերանալու, զինծառայողների իրավունքները եւ օրինական պահանջները չկատարելու համար, ԶՈՒ ՆԾ կանոնագրքի համաձայն, ենթակա են օրենքով նախատեսված պատասխանատվության:

ԶՈՒ իրականացվող բարեփոխումները ենթադրում են նաև զինվորականության շրջանում սոցիալական աշխատանքների կատարելագործման անհրաժեշտություն, ինչի դեպքում առաջնահերթ խնդիր է դառնում հրամանատարների պատասխանատվության բարձրացումը:

Նկատի առնելով, որ սոցիալական համապարփակ հարցերի կենսագործումը գնդի հրամանատարից մինչև ջոկի հրամանատար պարտականությունների տեսքով ամրագրված է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համապատասխան հոդվածներում, անտրամաբանական է պաշտոնատար անձանց պարտականությունների մեջ համատարած փոփոխություններ կատարելն ու նոր հաստիքների ավելացումը, եթե հաշվի առնենք, որ արդեն ունենք «Գնդի հրամանատարի` սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական-սպայի» պաշտոնը: Ուստի եւ անօգուտ չէր լինի փորձի փոխանակման տեսանկյունից անդրադառնալ արտերկրի զինված ուժերում իրականացվող զինվորականների սոցիալ-իրավական հարցերի պաշտպանության ընթացակարգին, մասնավորապես՝ ներկայացնելով ոլորտը բարելավելու համար Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ներդրած համակարգը:

ՌԴ ԶՈՒ-ում առանձնակի նշանակություն ունի զինծառայողների ու զինված ուժերից զորացրված անձանց և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությունը: Դա պայմանավորված է նրանով, որ զինվորական գործունեության առանձնահատկությունից ելնելով, մասամբ սահմանափակվում են զինծառայողների մի շարք իրավունքներ և ազատություններ: Զինծառայողներին տրամադրվող արտոնությունները միայն մասամբ են փոխհատուցում զինվորական ծառայության սահմանափակումները, դժվարությունները, վտանգները և պատաս-խանատվությունը:

Սոցիալական բնագավառում հատուկ սրացում է առաջ բերում զինծառայողների դրամական բավարարման մակարդակը, զինված ուժերում բնակարանային կարիք ունեցող սպաների զգալի թվաքանակը, սոցիալական ենթակառույցների ոչ լիակատարությունը՝ հատկապես բնակավայրից հեռու գտնվող զինավաններում: Այս պայմաններում պետության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ զինված ուժերում սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ զինվորական բյուջեն ունի սոցիալական կողմնորոշում, շինարարությունը հիմնականում ուղղված է բանակում և նավատորմում բնակարանային ֆոնդի ստեղծմանը, ավելացվում է զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի դրամական բավարարումը, օրենսդրական կարգով ներդրվել և կիրառվում է արտոնությունների մեխանիզմը՝ զինծառայողների ու զորացրված քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների համար:

Զինված ուժերում կարգավորվում է զինվորական-սոցիալական աշխատանքը, որի հիմնական խնդիրը, բովանդակությունը, իրականացման կարգը և որոշ նրբություններ արտացոլվում են ստորև:

Զինվորական-սոցիալական աշխատանքը, գործառույթներն և հիմնական խնդիրները

Զինվորական-սոցիալական աշխատանքը` իրավական, քաղաքական, տնտեսագիտական, դաստիարակչական, սոցիալական և այլ միջոցառումների համակարգ է, որոնք իրականացվում են զինծառայողներին, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, քաղաքացիական անձնակազմին նյութական-կենցաղային պայմանների ու երաշխավորված արտոնությունների ապահովման նպատակով:

Նրա գլխավոր նպատակն է` ստեղծել բարենպաստ սոցիալական պայմաններ, որում զինծառայողները և քաղաքացիական անձնակազմը կարող են արդյունավետ իրականացնել իրենց վրա դրված պարտականությունները:

Շարունակելի

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Ռազմական


04/04/2013