ՄԵՐ ՏԱՆ ԼՈՒՅՍԻՆ ՆԱՅՈՂ ՇԱՏ ԿԱ
Վեց տարեկան էի, երբ հայրս զոհվեց։ Ինձ համար` երեխայիս համար, սովորական օր էր, բայց մեր տան ելումուտից, տղամարդկանց դեմքի այլայլված արտահայտությունից, կանանց լացակումած աչքերից հասկանալի էր, որ արտակարգ բան է պատահել։ Նաև մերոնց՝ տատիս, մայրիկիս, հորաքույրերիս զուսպ ողբից հասկանում էի, որ մեծ դժբախտություն է պատուհասել մեր գերդաստանին։
Մեր գյուղի` Խնձորեստանի հայրական պապիս տանը զինվորական հանդերձանքով մարդիկ հաճախ էին հյուրընկալվում։ Հայրս ընկերների հետ դիրքերից իջնելիս հաճախ կարճատև դադար էին առնում Հմայակ պապիս հարկի տակ, համտեսում Արֆենյա տատիս եփած ճաշերն ու թխած անուշաբույր թոնրահացը և նորից գնում իրենց գործին։ Աչքերս բացել եմ, թե չէ՝ զինվորականներ եմ տեսել, քաջ ու առնական։ Իմ մանկական աշխարհը այդ միջավայրում է ձևավորվել։ Ես որպես մարդ ձևավորվել եմ այդ միջավայրում` հայրենիքի, հայրենի հողի, ծննդավայրի, պատերազմի, զենքի, պատվի, արժանապատվության մասին խոսակցություններում ու զրույցներում։ Ես այդ ժամանակ վեց տարեկան էի, բայց այդ խոսակցությունները շատ լավ եմ հիշում։
Երբ կռիվները թեժացան, ռազմական գործողությունները սաստկացան, հայրիկս որոշեց, որ մեր ընտանիքը պետք է տեղափոխվի Խնձորեստան՝ պապիկիս մոտ։ Եվ երբ մայրիկս հարցրել է՝ ինչո՞ւ, նա պատասխանել է` մեր տան լույսին շատ նայող կա։ Քսան տարի է անցել այդ օրվանից. շատ դժվարություններ պիտի տեսնեի, որբություն քաշեի, շատ բաների միջով անցնեի, որ հասկանայի ՀՈՐՍ ասածի իմաստը։
Տան մեծը ես եմ և կրում եմ վաղամեռիկ հորեղբորս անունը` Արթուր, միջնեկ եղբայրս՝ Հմայակը, կրում է հայրական պապիս անունը։ Նա նույնպես զինվորական գործի մեջ է` սովորում է Հունաստանի բարձրագույն զինվորական հաստատություններից մեկում և որոշել է զինվորական բժիշկ դառնալ։ Կրտսեր եղբայրս` Բեկորը, որ ծնվել է հորս զոհվելուց հետո, այսօր ծառայում է ազգային բանակում։ Պարտադիր զինվորական ծառայությունից հետո գուցե նա էլ մնա և ծառայությունն արդեն այլ կարգավիճակով շարունակի զինված ուժերում։ Այս պահին երեք եղբայրներով էլ զինվորական գործի մեջ ենք։ Երեքս էլ սովորել ենք մեր հայրիկի անունը կրող դպրոցում։ Ես գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի առաջին շրջանավարտներից եմ։
2003թ. ավարտեցի Վ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և նշանակվեցի դասակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց ընտելացա ծառայությանս և, ինչպես ասում են, մտա հունի մեջ։ Զինվորականի մասնագիտությունս ընտրել եմ ինքնուրույն։ Ոչ մեկն ինձ խորհուրդ չի տվել։ Դեռևս դպրոցական տարիներից էի որոշել գնալ հայրիկիս ճանապարհով։ Գիտեք՝ եթե իրադարձություններն այլ կերպ զարգանային, հայրս հաստատ զինվորական գործի մեջ չէր լինի։ Նա չի ունեցել բարձրագույն մասնագիտական կրթություն, բայց եղել է բարձրակարգ փականագործ։ Ինչևիցե։ Ծառայությանս յոթերորդ տարում նշանակվեցի վաշտի հրամանատար։ Սա առաջին ծառայողական առաջխաղացումն էր, և ես ինձ անչափ ուրախ ու երջանիկ էի զգում։ ՈՒրախ էի առաջխաղացման համար, երջանիկ, որ նշանակվել եմ այն վաշտի հրամանատար, որի առաջին հրամանատարը քսանմեկ տարի առաջ հայրս է եղել՝ լեգենդար մարդ, զորական, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանը։
Երբ առաջին անգամ ծանոթներիցս մեկը ինձ հարցրեց, թե ինչո՞ւ ընտրեցի զինվորականի մասնագիտությունը, պատասխանեցի՝ իսկ դուք իմ փոխարեն, ում հայրը կռվել ու զոհվել է հանուն Արցախի անկախության, և ում գործը, իմ խորին համոզմամբ, կիսատ է մնացել (նկատի ունեմ վերջնական խաղաղության հաստատումն ու Արցախի ինքնորոշման ճանաչումը միջազգային հանրության կողմից), և ում ծննդավայրի գլխին դամոկլյան սրի նման շարունակվում է կախված մնալ պատերազմի վտանգը, Հայրենիքին ավելի պիտանի, օգտակար լինելու համար ավելի լավ ի՞նչ մասնագիտություն ու ճանապարհ կընտրեիք։ Ծանոթս հասկացավ խոսքերիս իմաստը, հասկացավ, որ դիպել էր սրտիս ամենից զգայուն ու ցավոտ տեղին։
Մասնագիտությամբ մոտոհրաձիգ եմ։ Ծառայում եմ սիրով, անմնացորդ նվիրումով։ Եվ ծառայության ընթացքում ինձ մշտապես ուղեկցում է հայրիկիս թևավոր դարձած՝ «Մեր տան լույսին շատ նայող կա» նախադասությունը։
Այս պահին մասնակցում եմ հրամանատարական որակավորման դասընթացներին իմ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։
ԱՐԹՈՒՐ ՂՈՒԼՅԱՆ
մայոր
Գրի առավ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ