ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Վաղուց էի առիթ փնտրում հանդիպելու ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանին։ Ինձ հետաքրքրում էր նրա ֆենոմենը, մտածում էի՝ ինչ-որ առանձնահատուկ արժանիքներ պիտի ունենա մարդը 20 տարի միևնույն պաշտոնում մնալու համար։ Եվ ահա ես ավիացիոն ինստիտուտի առաջին (և ներկա) պետի աշխատասենյակում եմ։ Տրամադրված եմ հետաքրքիր զրույցի, ու գնդապետի անժպիտ դեմքն ինձ բոլորովին էլ թևաթափ չի անում։ Եվ ես տալիս եմ առաջին հարցը… երկնքի պոեզիայի, սլացքի վեհության, ճախրանքի վայելքի ու էլի նման բաների մասին։ Դեմքին ոչ մի մկան չի շարժվում, ոչ մի զգացմունք…
-Թռիչքը պատասխանատու աշխատանք է ու դժվարին պարտավորություն։ -Ակնհայտորեն դժգոհ է իմ հարցից։ Ես մի պահ շփոթվում եմ, հետո (մասնագիտական նախանձախնդրություն) ասում եմ մի քիչ չարացած՝ «հանգիստ, կխոսի, ավելի դժվար դեպքեր ես հաղթահարել», ինքս ինձ եմ ասում։ Հանկարծ գնդապետի դեմքին թեթև ժպիտ է հայտնվում։ Ես, որ պատրաստվում էի արտաբերել հաջորդ հարցս, լռում եմ, հայացքը փափկել է, աչքերում փոքրիկ կայծեր կան…
-Երբ առաջին անգամ տեսա երկնքով սահող ինքնաթիռները, աննկարագրելի ապրումներ ունեցա… Փոքրիկ երեխա էի, ժամերով նայում էի երկնքին, որ բաց չթողնեմ հերթական ինքնաթիռը, հայացքով ուղեկցում էի մինչև ինքնաթիռի սպիտակ հետագիծը ձուլվում էր ամպերին։ Իմ միակ խաղալիքը ինքնաթիռն էր, բազմաթիվ ու բազմապիսի ինքնաթիռները…
-Ձեզ շնորհավորելու առիթ ունեմ… ուղիղ 40 տարի առաջ այս օրը Դուք առաջին անգամ օդ բարձրացաք։
Լայնաշուրթ ժպտում է, բոլորովին կերպարանափոխվում աչքիս առաջ։
-Որտեղի՞ց եք իմացել… շնորհակալ եմ։ Այո՛, 40 տարի առաջ էր, Արզնիի օդակայանից։ Պարաշյուտային թռիչք էր։ Երբ վերևից նայեցի հողին՝ դաշտերին, շենքերին, մարդկանց, հասկացա, որ իմ տեղը վերևում է, օդում… համատարած լռության ու անսահման ազատության մեջ։
-Չե՞ք հոգնել… 40 տարին մի ամբողջ կյանք է։
Նա ասես չի լսում հարցս. «Ես այն եզակի երջանիկ մարդկանցից եմ, ում աշխատանքը պարզապես վայելք է իր համար, հաճույք»։
-Ձեզ շատ լավ եմ հասկանում…
Ժպտում է պայծառ.
-Դո՞ւք էլ եք սիրում թռչել…
-Չէ,- ասում եմ,- խոսքը իմ աշխատանքի մասին է։
…Ես իմ թեյն եմ խմում, գնդապետն իր սուրճը։ Երկուսս էլ լռել ենք։
«Տեսնես՝ ի՞նչ է մտածում»՝ ես ժամանակ եմ տալիս, որ նրա ապրումներն ամբողջանան, դառնան ասելիք։
-Պարոն Ոսկանյանը (Գ. Պ. – մեր գլխավոր խմբագիրը) չի՞ ասել, որ ավիացիոն ինստիտուտի հիմնադրման 20-ամյակն է,- լռությունը խախտում է գնդապետը։ Ես հազիվ եմ զսպում ժպիտս. ակնարկը շատ թափանցիկ էր…
-Ասել է։
Չի սպասում, որ հարց տամ։
-Շատ ծանր օրեր էին, երկրում կռիվ էր։ Ու կրակի տակ, պատերազմի թոհուբոհում ծնվում էր անկախ Հայաստանի ազգային բանակը։ Հայ օդաչուները գրում էին հայկական ավիացիայի փառքի էջերը, սխրանքների ու հաղթանակների տարեգրությունը։ Ես այդ ժամանակ աերոակումբի պետն էի։ Դժվար չէր հասկանալ, որ մեր նորակազմ բանակին օդաչուներ են պետք, ռազմական օդաչուներ… Նախաձեռնությունը մերն էր, իսկ կառավարությունը գրկաբաց ողջունեց, և աերոակումբի հիմքի վրա ստեղծվեց նորանկախ Հայաստանի ռազմական ավիացիոն ուսումնարանը։ Ու հենց 1993 թվականին կազմակերպեցինք առաջին քննությունները։ Ընդունեցինք առաջին կուրսանտներին… Դիմորդների թիվը, ինչպես և սպասվում էր, մեծ էր։
-Ինչպես և սպասվո՞ւմ էր… Երկրում պատերազմ էր, բանակը գերմարդկային դժվարությունների միջով էր անցնում, ինչո՞ւ պիտի ռազմական բուհում դիմորդների թիվը մեծ լիներ…
-Մենք երկինք սիրող ազգ ենք, մեր ազգային մենթալիտետը շատ ներդաշնակ է օդաչուի մասնագիտական խառնվածքին՝ սառնասրտություն, արագ կողմնորոշվելու ունակություն, հավասարակշռվածություն, հնարամտություն, համարձակություն։ Մեր բուհի ընդունելության քննությունների ժամանակ միշտ էլ մեծ մրցակցություն է լինում (կազմավորման օրից մինչև հիմա)։ Անցյալ տարի մեր նորընծա կուրսանտների 40 տոկոսը կարող էր անվճար սովորել հանրապետության քաղաքացիական բուհերում, այսինքն՝ մեր բուհ են դիմում բարձր առաջադիմությամբ շրջանավարտները…. Եվ հետո… մարդիկ, որը՝ ներզգացողությամբ, որը՝ գիտակցաբար, հասկանում էին, որ թշնամիներով շրջապատված ու շրջափակված մեր երկրի համար օդային ուղիները կյանքի ճանապարհ են…
-Սկիզբը, հավանաբար, ամենադժվարն էր…
-Հեշտ չէր… Մենք ընտրեցինք փոքրիկ, բայց հաստատուն քայլերի ճանապարհը։ Բացվող յուրաքանչյուր օրը փոքրիկ ձեռքբերում էր, փոքրիկ առաջընթաց, որի հետևում ահռելի աշխատանք կար, տքնանք, նվիրում։ Ու երբ 1999թ. ՀՀ նախագահին առընթեր ռազմական տեսչության ստուգումները պարզեցին, որ ավիացիոն ուսումնարանը մեծ նվաճումներ է արձանագրել ու ի զորու է ռազմական բուհի կարգավիճակ ստանալու, մենք մեզ լիովին վարձատրված զգացինք։ Երկու տարվա լարված նախապատրաստական աշխատանքից հետո ավիացիոն ռազմական ուսումնարանը վերափոխվեց ռազմական ավիացիոն բուհի։ Հետո սկսեց գործել նորաբաց համազորային կապի ֆակուլտետը։ 2005-ին բացվեց երրորդ՝ հակաօդային պաշտպանության ֆակուլտետը։ Թերևս կարիք չկա պատմելու, որ այդ ամենին նախորդել են ուսումնական ծրագրերի, ձեռնարկների, նյութատեխնիկական բազայի ստեղծման աշխատանքները։ Այսօր 20 տարվա կենսագրություն ունեցող մեր բուհը կարող է մրցել 80-90 տարվա պատմություն ունեցող բուհերի հետ և չզիջել նրանց։
Խնդիրներ շատ կան, դասախոսական կազմը պիտի երիտասարդացնել… Պիտի ստեղծել ժամանակակից լաբորատոր կոմպլեքսներ գործնական աշխատանքների համար… Ես իմ աշխատանքը կհամարեմ ձախողված, եթե հաջորդ տարվա շրջանավարտներն ինչ-որ չափով չգերազանցեն նախորդ տարվա շրջանավարտներին։ …Մի փոքրիկ քայլ առաջ, թեկուզ ամենափոքրիկ քայլը։
Գործընկերուհիս՝ Շուշանը, նույն պահին զրուցում է բուհի լավագույն կուրսանտների հետ։ Մտքովս անցնում է մի պահ ընդհատել զրույցը, միանալ կուրսանտներին ու հասկանալ, թե ուր են հասցրել նրանց «փոքրիկ, հաստատուն քայլերը»…
-Սերունդը փոխվել է,- ասում է գնդապետը։ Ոգևորված է ասում,- իմաստ չունի կարոտել 90-ականների պաթոսը։ Այդ շրջանն անցավ, ու հիմա եկել է մի ժամանակահատված, երբ երևույթները ներդաշնակ են, օրինաչափ, տրամաբանված։ Բարձրացող սերնդի արժեհամակարգում պարտքն ու իրավունքը փոխկապված են և արտահայտված են հավասար չափով։ Այսօրվա երիտասարդն ուզում է ապրել արժանապատիվ կյանքով ու իր հայրենասիրությունը զուգակցում է սեփական հայրենիքում երջանիկ ապրելու իրավունքի հետ։ Այս սերունդը ընկալունակ է, խելացի, ավելի քիչ զգացմունքային և ավելի շատ հաշվենկատ։
-Դուք հաշվենկատությունը որպես դրական հատկանիշ եք նշում,- ես, իրոք, զարմանում եմ։
-Այո՛,- հանգիստ պատասխանում է գնդապետը, չի նկատում, թե չնկատելու է տալիս տարակուսանքս։
-Խիզախներ, անձնազոհներ, նվիրյալներ միշտ էլ պետք են հայրենիքին։ Հաշվարկով պատերազմում չես հաղթի, հայրենիք չես ազատագրի…
-Մեզ պրոֆեսիոնալներ են պետք, կիրթ, բարոյական մարդիկ… ովքեր անձնվիրաբար կկռվեն հայրենիքի համար, իսկ խաղաղ ժամանակներում հայրենիք կկառուցեն, կսիրեն սեփական ժողովրդին ու կդառնան բարոյականության օրինակ, չափանիշ հասարակության համար։ Ես իմ կուրսանտներին ասում եմ՝ եթե թռիչքը ռիսկ է քեզ համար, ուրեմն՝ մի՛ թռիր։ Այսինքն՝ քո թռիչքը պետք է այնքան երաշխավորված լինի, որ բացառի ռիսկի գործոնը։ Երաշխավորված՝ գիտելիքներով, նախապատրաստական տքնաջան աշխատանքով։ Ես կողմ եմ երաշխավորված հաղթանակներին։
-Ինչո՞վ են երաշխավորված Ձեր սեփակա՛ն հաղթանակները և Ձեր բուհի ձեռքբերումները։
-Ես ոչինչ չեմ քարոզում, իմ քարոզը իմ ապրած կյանքն է ու իմ օրվա յուրաքանչյուր րոպեն։ Մեր բուհում ոչ մի կուրսանտ փողով ու ծանոթով գնահատական չի ստանում։ Մենք չգիտենք՝ ով ում երեխան է։ Մեր բուհում կուրսանտը տեսնում է, որ մարդու խոսքը կշիռ ունի, ու հարգանքը այն եզակի արժեքներից է, որ փողով չի գնվում…
Իմ ամենամեծ արժանիքը արդարության զգացումն է։ Ոչ ոք չի կարող ասել, որ կարող էր բռնել անօրինականության գնացող իմ ձեռքը, բայց չի արել, ուստի ոչ ոքի առաջ խեղճանալու առիթ չունեմ։ Զինվորական լինելը առաջին հերթին հոգու վիճակ է, բարոյականություն, մտածելակերպ… Եվ նրանք, ովքեր վկայակոչում են ցարական բանակի պատվախնդրությունն ու ռուս սպայի կերպարը, պիտի հիշեն, որ հարթավայրերի վրա մեծ գագաթներ չեն բարձրանում…
-Ռազմական ավիացիոն ինստիտուտը կայացած կառույց է…
Չի թողնում ավարտեմ հարցս…
-Կայացած չէ, կայացած ոչինչ չկա այս աշխարհում, կատարելագործման ճանապարհը անսահման է…
Ես հասկանում եմ, որ մեր զրույցը ավարտելու ժամանակն է։
-Ցանկանում եմ այս հոդվածի վերնագիրը դնել «Երկնքի պոեզիան»։
-Չէ, դրեք «Փոքրիկ քայլերի հաղթանակը»…
Անկեղծ ասած, այս վերնագիրը այնքան էլ սրտովս չէ, բայց թող լինի «Փոքրիկ քայլերի հաղթանակը»…:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում