Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՇՏԻ ՄԻԱԿ ԱՂՋԻԿԸ



Արդեն երկու ամիս է՝ Նաիրա Մելքոնյանը ենթասպաների դպրոցում մասնակցում է սերժանտական դասընթացների: Երկու ամսից նա սերժանտի կոչում կստանա եւ պայմանագրային ծառայության կանցնի ՀՀ զինված ուժերում՝ որպես ջոկի հրամանատար կամ դասակի հրամանատարի տեղակալ: Նաիրան վաշտի միակ աղջիկն է:

Ապագա սերժանտին հանդիպեցինք մարտավարական պարապմունքների ժամանակ: Դաշտային պայմաններում դասակը ցուցադրում էր մարտական խնդիրների կատարման վարպետությունը: Հեռվից հազիվ հասկանայիր, որ անձնակազմի անդամներից մեկը ԱՂՋԻԿ է. աղջիկ, որ ոչնչով չէր զիջում դասակի տղաներին: Սկզբնական շրջանում ամեն ինչ այլ էր, անսովոր, հայտնվել էր ուշադրության կենտրոնում. «Թալինի բժշկական քոլեջն ավարտելուց հետո 4 ամիս ծառայեցի զորամասում, այնուհետեւ «Զինուժ» հեռուստահաղորդման շրջանակներում պայմանագրային ծառայության գովազդ ցուցադրեցին, տեսա եւ որոշեցի արհեստավարժ սերժանտ դառնալ: Ծնողներս չընդդիմացան, հակառակը` գրավոր համաձայնություն տվեցին: Դեմ է եղել միայն ընկերս, ստիպված էի հարաբերություններս խզել: Ես ինքս իմ առջեւ նպատակ եմ դրել եւ դա կիրականացնեմ անկախ խոչընդոտներից: Առաջին օրերին աշխատում էի չշփվել վաշտի տղաների հետ, անընդհատ թեյ ու սուրճ էին հյուրասիրում, իսկ ես համառորեն հրաժարվում էի: Ֆիզպատրաստության պարապմունքներին ուժերս լարում էի, փորձում հետ չմնալ նրանցից, որ աչքի չընկնեմ: Այժմ հարմարվել եմ հոգատարության դրսեւորումներին, շփման խոչընդոտներ չկան, նրանցից մեկն եմ դարձել: Իմ ներկայությունը ստիպում է տղաներին հետեւել իրենց խոսքին, կեցվածքին, արտաքին տեսքին: Թեև այստեղ ինձ համար հատուկ պայմաններ են ստեղծվել` առանձին սենյակ ունեմ, ճաշում եմ սպաների հետ, բայց մյուս բոլոր հարցերում եւ իրավիճակներում հավասար պայմաններում ենք: Հորեղբայրս եւ մորեղբայրս` Հովնան եւ Պետրոս Վարդանյանները, զինվորականներ են, երկուսն էլ հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում: Նրանց օգտակար խորհուրդները, օրինակ՝ զենքի հետ զգույշ վարվիր, տղաների հետ մի՛ գժտվիր, համբերատար եղիր, խոնարհ եւ հպարտությունից ու մեծամտությունից զերծ, ինձ շատ օգնեցին»:

Հանգստյան օրերին ազատարձակում է տրամադրվում, Նաիրան էլ բոլորի նման շտապում է տուն, բայց նույնիսկ ծառայությունից հետո զինվորական համազգեստը չի փոխարինում քաղաքացիական հագուստով. «Հաճախ երթուղայինում երեխաներն ինձ մատնացույց են անում, ասելով` «Մամա, աղջիկ զինվոր», կամ օրհնանքի խոսքեր են ասում այն մայրերը, որոնց որդիները ծառայում են հայոց բանակում, պատահել է` երիտասարդները ուղեվարձս վճարել են»:

Զրույցի ավարտին Նաիրան ավելացնում է. «Ծառայակից ընկերներիս մաղթում եմ անձնական ու ծառայական հաջողություններ, թող լինեն հետեւողական, անաչառ, ապահովեն իրենց ստորաբաժանման ներդաշնակությունը»:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Ազգային բանակ


04/04/2013