ՆՎԻՐԱԿԱՆ ԴԱՐՁԱՐ…
Աղվան Հրանտի Մինասյան՝ ծնված 1970թ.։ Դպրոց, տեխնիկում, այնուհետև սկսվեց ազատագրական պայքարը, և Աղվանը միացավ եղբոր՝ Աշոտի (Աշոտ Երկաթ) հրամանատարությամբ մարտնչող ջոկատի տղաներին։ Զոհվեց 1993թ., 23 տարեկան հասակում։ Մահից հետո տպագրվեցին «Տապանագիր», «Սուր և խաչ» գրքերը։ Հետմահու ընտրվեց Հայաստանի գրողների միության անդամ։ Պարգևատրվեց Եղիշե Չարենցի անվան մրցանակով։
…Այցելիր, ով անցո՛րդ, մեկ անգամ Լծեն՝ բանաստեղծ Աղվան Մինասյանի գերեզմանին։ Անարատ բնության գրկում վաղամեռիկ Ամալյա մայրիկի ծոցում ննջող մեր մինուճարին… Այցելիր և հավատա, կզգաս, հոգով կզգաս, որ Աղվանից, այս երիտասարդ բանաստեղծից մենք պիտի կարոտն առնենք Դուրյանի, Վարուժանի, Մեծարենցի, Թեքեյանի ու Սևակի… Ու կթվա, թե Լծենում դու քայլում ես նրանց ծննդավայրերով՝ Բրգնիկով, Սկյուտարով, Ակնով… ու զգում ես նրանց հպարտությունը, տխրությունը, նրանց հավերժությունը…
Անաղարտ բնության գրկում, անաղարտ հոգով կանգնենք բանաստեղծի տապանաքարի առջև և արտասանենք իր վաղամեռիկ Ամալյա մայրիկին նվիրված բանաստեղծություններից։ Մեր մայրական քնարերգությունը հարստացավ Աղվանի հրաշալի բանաստեղծություններով, նրա տաղանդի, մտքի ու խոսքի գույներով։
Մորս
Ժամանա՞կն էր այդ ուզեցել.
Թե՞ օրերը անցան.-
Նվիրական դարձավ
Սարի փեշին կպած մի բուռ սև հող,
Տարին կռունկ դարձավ,
Երամի հետ գնաց,
Մայրս արցունք դարձավ ու դարձավ հող…
♦♦♦
Մայրիկ, այսօր ծնունդն է քո, ես ո՞ւմ ասեմ բարև,
Ինչպե՞ս բերեմ քեզ ծաղիկներ՝ հողը չունի արև։
Դեպի ո՞ր կողմ քայլս փոխեմ, երբ ոչ մի տեղ չկաս,
Սրտիս խորքում կա ինչ-որ բան, ինչ-որ անհաս երազ։
Ես ծաղիկներ էլ չեմ դնի սառը հողիդ վրա,
Սրտիս մեջ եմ ծաղիկ ցանել քո դագաղի վրա։
♦♦♦
Գերեզմանին քո, մայրիկ, անձրև է գալիս.-
Աստված ինքն է քեզ համար այս գիշեր լալիս։
Հավատում եմ ես քեզ, մայր, և քո հավատին,
Մայր իմ, կգա՞ս դու արդյոք մյուս գարունքին։
♦♦♦
Տխուր են գույներն այս գարնան,
Եվ սիրտս ինչ-որ բան է գուժում…
Մի սպասիր էլ ինձ, հայրենական իմ տուն,
Եթե գալու չեղա, էլ չեմ գալու,
Մորս հայացքն իմ դեմ՝ ես գնում եմ հեռու՝
Հայրենիքի պարտքը արյամբ տալու։
Գ.Շ.
Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Հոգևոր-մշակութային