Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարում

Մարտունու շրջան: 1993թ.: Ադրբեջանական ինքնաթիռի բեկորներ:

1992թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնանում է ՀՕՊ վարչությունից եւ դառնում առանձին կառույց: Ստեղծվում են առանձին զորամասեր եւ ստորաբաժանումներ:
Պատերազմի ժամանակ հայկական փոքր ռազմական ավիացիայի միջոցով, սպառազինության կիրառմամբ, լեռնային տեղանքում կատարվել են մի քանի տասնյակ մարտական թռիչքներ: Հիմնականում գործել են «Մի-24» մարտական ուղղաթիռների օղակներ եւ զույգեր: Որպես կանոն, նրանց հետ թռել են նաեւ «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռները: Վերջիններս եւս հարվածներ են հասցրել հակառակորդի կրակակետերին եւ մարտական դիրքերին:
1992թ. ամռանը դաժան մարտեր էին տեղի ունենում Մարտակերտի եւ շրջակա գյուղերի համար, հանգիստ չէր նաեւ այլ ճակատներում: Հակառակորդը չափազանց ակտիվ էր նաեւ Ասկերանի եւ Մարտունիի ուղղություններում: Սեպտեմբերին մեր ռազմական ավիացիան գործում էր Լաչինի ուղղությամբ: Հարվածներն ուղղվում էին մարդասիրական միջանցքին սպառնացող հակառակորդի Քարիղշլաղ (Կարիկիշլակ), Ղոչազ եւ Սաֆյան գյուղերին, Մարտունի-Ֆիզուլի բնագծի վրա գտնվող եւ հատկապես Մարտունուն սպառնացող Փրջամալ, Ղաջար բնակավայրերի կրակակետերին եւ դիրքերին:
1992թ. սեպտեմբերի 16-ին օդաչու կապիտան Մ. Մելիքյանը «Սու-25»-ով հարված է հասցնում Կարմիր Շուկա եւ Քաջար բնակավայրերի մոտակայքում տեղակայված ադրբեջանցիների մարտական դիրքերին:
1992թ. հոկտեմբերին մարտական եւ տրանսպորտային-մարտական ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լաչինի միջանցքին հյուսիսից եւ հարավից սպառնացող հակառակորդի՝ Մոլլալար բնակավայրի, Սուզուզդաղ եւ Ղոչազ լեռների ուղղությամբ տեղակայված կրակակետերին: Այստեղ մղվում էին դաժան մարտեր, եւ երկու կողմերն էլ ավիացիա էին կիրառում:
1993թ. հունվարին` ուղղաթիռներով հարվածներ են հասցվում նաեւ հակառակորդի՝ Սաֆյան բնակավայրի, իսկ մարտին` Չարեկտար բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերին:
Թշնամուն ուղղաթիռներով հարվածներ են հասցվել նաեւ Նարեշտար, Նախիջեւանիկ, Մեծ Շեն, Դրմբոն եւ այլ ուղղություններում: Հայկական ուղղաթիռները կրակով աջակցել են նաեւ ինքնապաշտպանական ուժերի հարձակողական գործողություններին: Մասնավորապես, 1993թ. հուլիսին Աղդամի ազատագրման ընթացքում հարվածներ են հասցրել չղեկավարվող ավիացիոն սպառազինությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ

Արցախը հայաթափելու ռազմական փուլի հենց սկզբից ադրբեջանական ավիացիան լայնորեն կիրառվել է: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական օդաչուները ցուցադրել են իրենց «հերոսությունը»` գյուղերում ամրացած մի քանի ազատամարտիկներին ու խաղաղ բնակիչներին ռմբակոծելով, մեր մարդատար ուղղաթիռները գնդակոծելով: Ուղղաթիռներից ձեռքի նռնակներ էին նետվում Գետաշենի եւ այլ գյուղերի բնակիչների վրա: Ադրբեջանի ավիացիան բաղկացած էր քաղաքացիական ավիացիայից եւ խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված ռազմակայանների ռազմական ուղղաթիռներից:
1990թ. հունվարի 20-ին ուղղաթիռների 15 չվերթներով Մալիբեյլի գյուղ են հասցվում ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները: Սեպտեմբերի 23-ին դրանք հարձակում են գործում Մարտակերտի Չափար գյուղի վրա: Հարձակվողներին օդից աջակցում էին ուղղաթիռները, որոնցից նետվում էին ձեռքի նռնակներ: Երկու օր հետո քաղաքացիական երկու ուղղաթիռներից նռնակներ են նետվում Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի վրա: 1991թ. սկզբին հայտնի «26»-ի դիրքերից «Ստրելա-2Մ» դյուրակիր զենիթահրթիռային համալիրով (ԶՀՀ) խոցվեց ադրբեջանական «Մի-8» ուղղաթիռ:
1991թ. ապրիլի 2-ին ազատամարտիկները նույն զենքով խոցում են ադրբեջանական մեկ այլ «Մի-8», որում, թռչում էր նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ի մինիստրների խորհրդի փոխնախագահ Թամերլան Կարաեւը: Ապրիլի 30-ին Գետաշենի վրա հարձակման ժամանակ Ադրբեջանի ցամաքային ուժերին աջակցում էին ռազմական եւ քաղաքացիական ուղղաթիռներ: Մայիսի 8-ին Մեծ Շենը նորից ենթարկվում է ձեռքի նռնակներով ռմբակոծման: 1991թ. հուլիս-օգոստոս ամիսներին «Մի-24»-երը հարվածում էին Շահումյանի եւ այլ շրջանների հայկական գյուղերին եւ ազատամարտիկներին: Հուլիսի 20-ին Բուզլուխ գյուղի վրա գրոհելիս՝ ադրբեջանական երեք ուղղաթիռներն էլ վնասվում են, օդաչուներից մեկը վիրավորվում է: «Օղակ» գործողության ժամանակ ըմբոստացող հայկական գյուղերի բնակչության դեմ կիրառվել են մարտական ուղղաթիռներ՝ թե՛ որպես խոցող եւ թե՛ որպես հոգեբանական ազդեցության միջոցներ:
1991թ. սեպտեմբերի 18-ին Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մեհտիշեն եւ Նորագյուղ գյուղերի բնակիչները եւ ազատամարտիկները ենթարկվում են «Մի-24»-երի հերթական հարվածներին: 1991թ. հոկտեմբերի 14-ին Կարաչինար գյուղի մոտ վայրէջք է կատարում մի ուղղաթիռ: Բնակիչները կարծելով, որ հայկական ուղղաթիռ է եւ օգնություն է բերել, վազում են ընդառաջ, սակայն ընկնում են ՕՄՕՆ-ականների կրակի տակ: Ադրբեջանական կողմը պնդում է, որ 1991թ. հոկտեմբերի 29-ին Խանաբադ գյուղի մոտ խոցվել է քաղաքացիական «Ան-2» ինքնաթիռը, որը վարում էր փորձառու օդաչու Ա. Ասադովը:
Ըստ ռուսական տվյալների՝ նույն թվականի նոյեմբերի 21-ին Մարտունու շրջանի Քարաքենդ գյուղի մոտ խոցվել է ռուսական «Մի-8» ուղղաթիռ (օդաչու՝ մայոր Վյաչեսլավ Կոտով), որի մեջ քսանմեկ անձանց հետ էր նաեւ շրջանի պարետը` գեներալ-մայոր Նիկոլայ Ժինկինը: Գործողության համար մեղադրում են հայկական կողմին:
1992թ. հունվարի 28-ին հայկական կողմը դյուրակիր ԶՀՀ-ով խոցել է Աղդամից Շուշի թռչող ադրբեջանական «Ազալ» ավիաընկերության քաղաքացիական «Մի-8» ուղղաթիռը, որում կային 30-40 ուղեւորներ: Ուղղաթիռի հրամանատարն էր Վ. Սերյոգինը:
Ըստ ռուսական տվյալների՝ փետրվարի 14-ին ադրբեջանցիները հանրապետությունում եղած ռուսական ավիապարկից գողանում են յոթ ուղղաթիռ եւ ստեղծում ադրբեջանական առաջին ուղղաթիռային էսկադրիլիան: Հետագայում Սանգաչալի քաղաքում նրանց ժառանգություն մնացին այլ ուղղաթիռներ եւս: Ընդամենը՝ ուղղաթիռային երկու էսկադրիլիա` 14 «Մի-24» եւ 9 «Մի-8»: Խորհրդային ռազմակայաններից նրանք ստացան այլ օգնություն եւս:
ԽՍՀՄ-ի փլուզման պահին Անդրկովկասում կային մի քանի ռազմական օդանավակայաններ, որոնք մտնում էին ՀՕՊ-ի 19-րդ առանձին բանակի եւ 34-րդ օդային բանակի կազմի մեջ: Վրաստանի տարածքում կար ինը, իսկ Ադրբեջանի տարածքում՝ հինգ ռազմական օդանավակայան՝ ինքնաթիռներով: Դրանցից էին Սիտալ-Չայում տեղակայված՝ «Սու-25» գրոհիչների խորհրդային 80-րդ ավիագունդը, Նասոսնիում` ՀՕՊ-ի 82-րդ կործանիչային ավիագունդը` զինված «ՄիԳ-25» կործանիչներով, Քյուրդամիրում` 976-րդ ռմբակոծիչային ավիագունդը` «Սու-24» ինքնաթիռներով եւ Դալյարում` 882-րդ հետախուզական ավիագունդը` «ՄիԳ-25ՌԲ» եւ «Սու-24ՄՌ» ինքնաթիռներով: Ադրբեջանը ամեն գնով ձգտում էր տիրանալ այդ ինքնաթիռներին, թեպետ Ռուսաստանը փորձում էր դուրս բերել դրանք: Նույնիսկ դեպք է եղել, երբ թռիչքից առաջ ինքնաթիռի անիվները ծակել են, խափանել են այլ համակարգեր, միայն թե ինքնաթիռը մնար Ադրբեջանում: Ադրբեջանի տարածքից հանվող մարտավարական միջուկային սպառազինությունն անգամ քիչ էր մնում ընկներ ծայրահեղականների ձեռքը:
Թալանի գործում մեծ դեր էին խաղում նաեւ ադրբեջանամետ ռուս օդաչուներն ու հրամանատարները: Նրանցից էին` Վլ. Կրավցովը, որն օգնեց լուծարելու 82-րդ ավիագունդը (մոտ 30 կործանիչ բաժին հասավ Ադրբեջանին, իսկ հետո նա ստացավ գեներալի կոչում եւ դարձավ ադրբեջանական ՌՕՈւ հրամանատարը), Ա. Պլեշը, որն ադրբեջանցիներին տեղեկացրեց գնդի դուրս բերման մասին, հետագայում դարձավ ադրբեջանական ՌՕՈւ էսկադրիլիայի հրամանատար, Յու. Պախոմովը, որը մի քանի միլիոն դոլարի դիմաց վաճառեց 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ամբողջ սպառազինությունը եւ տեխնիկան, գեներալ-լեյտենանտ Ս.Ու. Բեպպաեւը, որը Թիֆլիսից զենք էր փոխադրում Ադրբեջան:
Ա. Պլեշը տասնյակ թռիչքներ է կատարել՝ ռումբեր նետելով հայկական գյուղերի ու քաղաքների վրա, իսկ վերջում խոցվել եւ գերի է ընկել: Նման վարձկաններ շատ կային: Իհարկե, կային նաեւ քաղաքական այլ հայացքներ ունեցող սպաներ, որոնք ինքնաթիռներն ամեն կերպ շարքից հանում էին: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ՌՕՈւ-ը խորհրդային «մեծ եղբորից օժիտ» ստացան ավելի քան 150 մարտական եւ ռազմաուսումնական թռչող սարքեր: Բացի դրանից, Ադրբեջանն ուներ նաեւ քաղաքացիական ավիացիա: Հենց քաղաքացիական ուղղաթիռներից էին ձեռքի նռնակներով ռմբահարվում հայկական գյուղերը: Համեմատության համար նշենք, որ հայկական կողմը ԽՍՀՄ-ից ժառանգություն էր ստացել մոտ 25 թռչող սարք:

(շարունակելի)

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (872) 23.02.2011 – 02.03.2011, Պատմության էջերից


03/03/2011