ԹԱԼԻՇԱԿԱՆ ԱԶԴԱԿԱՆՉԵՐ
Մեր օրերում դեպքեր, իրադարձություններ են տեղի ունենում, որոնք օրվա լրահոսի մեջ դիտելի չեն, չեն շեշտադրվում, առանձնանում, մինչդեռ դրանք երբեմն պատմական, պատմություն կերտող իրադարձություններ են։ Եթեր է դուրս եկել ևս մի ռադիոկայան՝ «Թալիշստանի ձայն» անվանումով, հերթական մի ձայն եթերի անհուն օվկիանում։ Իրականում, սակայն, այն դառնալու է թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի, ազգային զարթոնքի փաստն ու ուղենիշը և հայ ժողովրդի հասարակական-քաղաքական մտքի հասունության առհավատչյան։
Ձեզ ենք ներկայացնում մեր թղթակից Գևորգ Ասատրյանի հարցազրույցը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ:
-Պարոն Ասատրյան, մարտի 21-ին՝ Նովրուզի օրը, Շուշիից եթեր հեռարձակվեցին «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի առաջին ազդականչերը։ Դուք անակնկալ և ամանորյա հիանալի նվեր մատուցեցիք իրանալեզու ողջ հանրությանը, մասնավորապես՝ թալիշ ժողովրդին։
-Առանց չափազանցության կարող եմ ասել, որ մենք կարողացանք իրականացնել մեր հարևան թալիշ ժողովրդի տասնամյակների երազանքը՝ առաջին անգամ իրենց մայրենի լեզվով, իրենց մշակույթի, պատմության, լեզվի և գրականության մասին ռադիոհաղորդումներ հեռարձակելով։ Այո՛, «Թալիշստանի ձայնը» անակնկալ էր հասցեատիրոջ՝ թալիշների համար, անակնկալ, որը կարողացանք իրականություն դարձնել տարիների իսկապես քրտնաջան և նպատակային աշխատանքի շնորհիվ միայն՝ հաղթահարելով տարաբնույթ դժվարություններ և խոչընդոտներ։ Առաջին ռադիոեթերին նախորդել է հիրավի տիտանական նախապատրաստական աշխատանք։
-Փաստորեն, առաջին անգամ է թալիշների լեզվով ռադիոհաղորդում հեռարձակվում։
-Չե՛ք սխալվում, այդպես է՝ առաջին անգամ, թեև հանուն ճշմարտության պետք է ասել, որ տարիներ առաջ նման փորձ արվել է Իրանի Ռաշտ քաղաքում, բայց շատ կարճատև, և հաղորդումն էլ ունեցել է նեղ, զուտ կրոնական բովանդակություն ու ուղղվածություն, ինչը չէր կարող առանձնապես հետք թողնել ժողովրդի հոգում։ Այնպես որ, ամենայն որոշակիությամբ կարող ենք ասել՝ Հայաստանից հեռարձակվող «Թալիշստանի ձայնը» թալիշերեն առաջին և առայժմ միակ ռադիոկայանն է աշխարհում։
-Հայտնի է, որ թալիշների բնակության վայրը հիմնականում Կասպից ծովի հարավարևմտյան անկյունն է, որը փաստորեն այսօր բաժանված է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Որքա՞ն է թալիշների ընդհանուր թիվը. հիշենք, որ նրանք բավականին մեծաքանակ ազգային փոքրամասնություն են Ադրբեջանում։
-Իմ տվյալներով՝ թալիշ ժողովրդի ընդհանուր թիվը 3 միլիոն է՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, որի շուրջ 1.5-2 միլիոնը համախումբ ապրում է Ադրբեջանի Հանրապետության հարավային գոտում։
-…Եվ ձեր ռադիոհաղորդումները հասանելի և հասկանալի են այդ ժողովրդի երկու հատվածներին հավասարապե՞ս…
-Այո՛, հասանելի են, որովհետև հեռարձակվում են Շուշիից և ծածկում են ինչպես Թալիշստանի հարավային, այնպես էլ հյուսիսային տարածքները։ Թեև, ինչ խոսք, մեր ալիքները ուղղված են Ադրբեջանում ապրող թալիշներին, որոնք, ինչպես հայտնի է, օրեցօր ուծանում են, ոտնահարվում է նրանց մշակույթն ու լեզուն, և հետզհետե նրանք կորցնում են իրենց ազգային ինքնագիտակցությունն ու կանգնած են անհետացման վտանգի առջև։ Պատասխանելով Ձեր հարցի մյուս մասին՝ արդյոք հաղորդումները հասկանալի՞ են, ապա պետք է ասեմ, որ այո՛, քանի որ մենք մեր հաղորդումները հեռարձակում ենք թալիշների թե՛ հյուսիսային և թե՛ կենտրոնական բարբառներով։ Մեր մասնագետները, ստեղծագործական կազմը հիանալի տիրապետում են այդ երկու բարբառներին էլ, այնպես որ՝ լեզվական խնդիրը տարակույսի տեղիք չի տալիս։
-«Թալիշստանի ձայնի» թողարկումների որոշ հատվածն էլ, այնուամենայնիվ, ադրբեջաներենով է հեռարձակվում. ինչի՞ համար է դա արվում։
-Բանն այն է, որ Ադրբեջանում ապրող թալիշների մի հատվածն արդեն այդ երկրի ազգահալած քաղաքականության պատճառով կորցրել է իր լեզուն, խոսում է ադրբեջաներեն, թեև շարունակում է պահպանել իր ազգային ինքնությունը… պատճառը պարզ է և հասկանալի։
-Հիրավի, մեծ և անհրաժեշտ գործ է արվում. ամեն օր նույն ժամին՝ 19.00-ին, մեկ ժամ տևողությամբ ռադիոհաղորդումներ պատրաստելն ու հեռարձակելը բավականին բարդ խնդիր է։ Ես ռադիոյում աշխատելու երկար տարիների փորձ ունեմ և պատկերացնում եմ ստեղծագործական խմբի չարչարանքն ու տքնանքը։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք կարողանում նման մասշտաբային ծրագիրն իրականացնել և ի՞նչ ուժերով ու ի՞նչ միջոցներով։
-Պետական համալսարանի իրանագիտության ամբիոնում աշխատում են ինչպես լայն պրոֆիլի արևելագետներ, այնպես էլ նեղ մասնագետներ՝ ադրբեջանագետներ, թալիշագետներ, թալիշերենի տարբեր բարբառներով խոսող թալիշներ՝ մարդիկ, որոնք ձևավորում են ռադիոհաղորդումների ամբողջական մարմինը։ Շատերին թվում է, թե թալիշական ռադիոկայան ստեղծելը նույնն է, ինչ հայկականը, ռուսականը, թեկուզև անգլիականն ու ֆրանսիականը, այսինքն՝ գտնում են լեզուն կրող մեկ-երկու հոգու, համապատասխան ֆինանսներ, ալիք և վերջ, ռադիոկայանը պատրաստ է։ Բնա՛վ ոչ։ Թալիշների նման ժողովուրդների լեզվով ռադիոհաղորդում հեռարձակելը, հեռուստատեսություն ստեղծելը հավասարազոր է զրոյից գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելուն։ Ինչո՞ւ։ Որովհետև թալիշերեն նորմատիվ լեզու գոյություն չունի, չկա այդ լեզվի քերականական, հնչյունաբանական, արտասանական նորմերի կայուն ավանդույթ, ժողովուրդը խոսում է տարբեր բարբառներով և դավանում է կրոնական տարբեր ուղղություններ, անգամ կան մշակութային տարբերություններ, ինքնության ընկալման նրբերանգներ, յուրօրինակ ազգային գաղափարախոսություն և ընկալումներ, որոնք տեսանելի և հասու են միայն նեղ մասնագետներին, նրանց, ովքեր տևական ժամանակ զբաղվել են թալիշների լուրջ ուսումնասիրությամբ։ Առհասարակ, գրավոր ավանդության ու համապատասխան բնագրերի, տերմինաբանության, արտահայտչամիջոցների բացակայությունը ստիպում է մեզ հենց տեղում՝ ոտքի վրա, քաղաքական, մշակութային, տնտեսական եզրույթներ ստեղծել։ Դա հիրավի մասնագիտական լայն և խորը պատրաստություն պահանջող, չափազանց դժվարին և աշխատատար գործ է։ «Թալիշստանի ձայնի» ամեն թողարկում պատրաստելիս մեր ամբիոնում տեղի է ունենում համարյա թե մեկ-երկու ժամանոց թեժ սեմինարի նման բան, որի ընթացքում քննարկվում են ամեն բառ ու բառակապակցություն, միտք ու արտահայտություն։ Ես չափազանց ուրախ ու հպարտ եմ, որ իմ աշակերտները, որոնք արդեն գիտական միջազգային ասպարեզում մեծ հայտ են ներկայացրել, ի թիվս իրենց անմիջական գիտամանկավարժական պարտականությունների, կամովին լծված են ռադիոկայանի աշխատանքներին, ընդ որում՝ անվարձահատույց։ Այս հիրավի կարևոր գործին իրենց մասնակցությունն են բերում նաև թալիշագիտությամբ զբաղվող մեր մագիստրոս ուսանողները։
-Պարոն Ասատրյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նման անհրաժեշտ և բարձրակարգ ռադիոհաղորդումներ հեռարձակելու համար, և ես ևս հպարտ եմ, որ նման ռադիոկայանը ստեղծված է հենց Հայաստանում, մեր հայրենիքում. «Թալիշստանի ձայնը» հիրավի պատմական երևույթ է։
-Առանց կեղծ համեստության պետք է նշել, որ մենք պարզապես շարունակողն ենք հայ ժողովրդի հումանիստական այն ավանդույթների, որոնց հիմքը դրվել է դեռևս 5-րդ դարում՝ մեր գրի ու դպրության ստեղծման արշալույսին։ Որ մեր նախնիները խորապես հետաքրքրվել են հարևան ժողովուրդների մշակույթով ու լեզվով, լավագույնս վկայում են մեր հնագույն շրջանի և միջնադարյան գրավոր հուշարձաններն ու պատմական վկայությունները։ Միայն այն փաստը, որ մեր հարևան և անգամ հեռու շատ ժողովուրդների մասին առաջին տեղեկությունները, հիշատակությունները կարելի է գտնել միայն հայ պատմագրության մեջ, լավագույնս է վկայում մեր ժողովրդի անցյալի մարդասիրական առաքելության մասին, որ շարունակվում է նաև մեր օրերում ու ստացել է ակադեմիական ձևաչափ։ Հիշենք՝ նախկին խորհրդային տերության մեջ միայն Հայաստանում էր, որ ազգային փոքրամասնություն կազմող քրդերը ռադիոհաղորդումներ էին հեռարձակում և թերթ տպագրում։ Ավելի ուշ՝ 90-ական թվականներին, եզդիական ռադիոհաղորդումներ հեռարձակվեցին, եզդիական թերթ հիմնադրվեց…
-Ձեր ասածը վկայում է ոչ միայն մեր ժողովրդի մարդասիրության մասին, այլև համապատասխան գիտական հենքի, ներուժի։
-Իմ արտասահմանցի գործընկերները, դրվատանքի խոսքեր ասելով Հայաստանի իրանագիտական դպրոցի մասին, շեշտում են այն հսկայական դերը, որ այն ունեցել է և ունի տարածաշրջանի, հատկապես պետականազուրկ ժողովուրդների՝ զազաների, թաթերի, քրդերի և մյուսների մշակութային ժառանգության ուսումնասիրության, ազգային ինքնագիտակցության ձևավորման ոլորտում… Դեռ 2005 թվականից մենք Երևանում կազմակերպեցինք թալիշագիտական առաջին միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին տարբեր երկրների մի շարք անվանի գիտնականներ, թալիշ գործընկերներ, մտավորականներ։ Այդ գիտաժողովի արդյունքները տպագրվեցին «Ակնարկներ թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի մասին» ժողովածուում։ Դեռ այն ժամանակ խնդիր դրվեց իբրև թալիշ ժողովրդի ինքնատիպ մշակույթը ուսումնասիրելու և պահպանելու ճանապարհներից մեկը դիտարկել թալիշերեն լեզվով ռադիոհաղորդումների հեռարձակումը։ Ութ տարի է անցել, և «Թալիշստանի ձայնն» արդեն մշակութային ու պատմական փաստ է։ 2011թ. դարձյալ մեր ամբիոնի և այս անգամ նաև «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ջանքերով Երևանում կազմակերպվեց թալիշագիտական երկրորդ միջազգային գիտաժողովը։ Տպագրվեց «Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ներածություն» (ռուսերեն) ընդհանուր վերնագրով բազմահեղինակ մենագրությունը, որը նույն տարում Իրանի Իսլամական Հանրապետությունում ճանաչվեց «Տարվա գիրք» միջազգային մրցույթի հաղթող «Իրանական ժողովուրդների պատմությանն ու մշակույթին վերաբերող արտասահմանյան լավագույն հրատարակություն» անվանակարգում։ Գիրքը միաժամանակ արժանացավ ԻԻՀ նախագահի ոսկե մեդալին։ Այս փաստերը վկայում են Հայաստանի իրանագիտական դպրոցի միջազգային գիտական բարձր հեղինակության մասին։ Այնպես որ, թալիշական ռադիոկայանի ստեղծումը բոլորովին էլ պատահականություն չէ, այլ ընդամենը արդյունքը մեր տարիների տքնաջան ու հետևողական աշխատանքի։ Գիտական, ստեղծագործական աշխատանք, որը մի նպատակ ունի՝ պահել-պահպանել մեր հարևան թալիշ ժողովրդի ինքնատիպ մշակույթն ու պատմությունը, ժողովուրդ, որ մեզ հոգեհարազատ է, մեզ հետ ունի ծագումնաբանական ընդհանրություններ և ձևավորվել է նույն էթնոմշակութային միջավայրում։
-Պարոն Ասատրյան, հասկանալի է՝ «Թալիշստանի ձայնը» մշակութային երևույթ է, բայց կասկածից վեր է, որ այն քաղաքականացնելու փորձեր կարվեն տարբեր երկրների զանազան ուժերի կողմից։
-Արդեն իսկ, երբ ընդամենը 1-2 շաբաթ է անցել առաջին հեռարձակումից, «Թալիշստանի ձայնը» տարբեր քաղաքական մեկնաբանությունների առիթ է տվել, ինչը, սակայն, մեզ համար անսպասելի չէր։ Այդպես է. ցանկացած նշանային երևույթ զանազան մեկնաբանությունների, տարակարծությունների տեղիք է տվել և տալիս է, այնպես որ՝ ռադիոկայանի ստեղծումը չէր կարող բացառություն լինել։ Մինչդեռ, ես ուզում եմ շատ պարզ ու հստակ ձևակերպել նրա շրջանակը և ձևաչափը. ռադիոկայանը բացառապես մշակութային ֆենոմեն է, ավելին՝ այն, եթե կուզեք, մեր նվերն է հարևան և եղբայր թալիշ ժողովրդին։ Այս ակադեմիական ծրագրի իրագործումով մենք ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ հավատարիմ ենք մնում մեր նախնյաց մարդասիրական առաքելությանը, որի հիմքերը դրվել են հեռավոր անցյալում։
-Սակայն ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներն արդեն լայնածավալ հարձակում են սանձազերծել ռադիոկայանի դեմ ու ստեղծողներին մեղադրում են իրենց երկրում անջատողական շարժումներ հրահրելու մեջ։ Ընդունեք, որ լուրջ մեղադրանքներ են…
-Այո՛, բայց նորություն չեն։ Ադրբեջանական կողմն այդպես է արձագանքել մեր կազմակերպած և իրականացրած բոլոր գիտական նախագծերին, քաղաքականացված է որակել մեր գիտաժողովները, մշակութային բոլոր կարգի ձեռնարկումները։
-Ի՞նչն է նրանց անհանգստացնում։
-Ամենից առաջ՝ ինչո՞ւ են հայերն ուսումնասիրում հենց այն ժողովուրդների լեզուն ու մշակույթը, պատմությունը, որոնք իրենց հանրապետության տարածքում չեն ապրում։ Ավելի աբսուրդ, ավելի անմիտ մեղադրանք հնարավոր էլ չէ պատկերացնել։ Այնուամենայնիվ, պատասխանեմ այդ հարցին. թույլ տվեք իմանալ՝ իսկ ինչո՞վ զբաղվեն իրանագետները, եթե ոչ իրանական ժողովուրդների մշակույթով ու լեզվով, պատմությամբ։ Ապաև թույլ տվեք հարցը հակադարձել՝ իսկ ինչո՞ւ թալիշների մշակույթի, պատմության, լեզվի մասին գիտաժողովներ, ռադիոհաղորդումներ, հեռուստահաղորդում չեն կազմակերպում և հեռարձակում այն երկրում, որտեղ ապրում են թալիշները, այսինքն՝ Ադրբեջանի Հանրապետությունում…
-Նրանք սպառնում են, որ կխլացնեն անջատողական շարժումներ հրահրող ռադիոկայանի ձայնը…
-Չե՛մ կարծում։ Նման քայլը կառաջացնի թալիշ ժողովրդի ավելի քան բուռն հակազդեցությունը, որ, համոզված եմ, ձեռնտու չէ Ադրբեջանի իշխանություններին, բոլորովին ձեռնտու չէ։ Նման քայլը կբազմապատկի «Թալիշստանի ձայն» ռադիոկայանով հետաքրքրված թալիշների թիվը։ Անգամ եթե խլացնեն էլ, ռադիոկայանի թողարկումներին, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնվում են, կարելի կլինի ծանոթանալ ռադիոկայանի կայքէջից, վերջապես այն վայրկենապես տարածվում է նաև Youtube-ով։ Ի դեպ, ռադիո խլացնելը արդեն սառը պատերազմի ժամանակների վերապրուկ է։
-Հետևելով «Թալիշստանի ձայնի» շուրջը ծավալող զարգացումներին, նկատում ենք, որ Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանները քննադատության սլաքն ուղղում են նախ Իրանին, հիմա էլ` նույնքան հետևողականորեն, մեղադրում են Ռուսաստանին: Ինչո՞վ է դա բացատրվում, երբ իրական հասցեատերը հայտնի է…
-Իրանին և Ռուսաստանին «թալիշական» գործի մեջ խառնելով, բնականաբար, փորձ է արվում ռադիոկայանի ստեղծումը ներկայացնել որպես տարածաշրջանային սադրանքների արդյունք, և դա ակնհայտ է: Այս հանգամանքն Ադրբեջանի համար ունի նաև որոշակի ներքաղաքական ուղղվածություն: Այսպես. տարիներ շարունակ, օրնիբուն պաշտոնական լրատվամիջոցները բարբառել են Հայաստանի անզորության, տնտեսական կալապսի, սոցիալական, հասարակական-քաղաքական դժվարությունների մասին, և հանկարծ այդ երկրում իրագործվում է նման բազմաբևեռ մի նախագիծ: Պետք է, չէ՞, որևէ քիչ թե շատ համոզիչ բացատրություն տալ ժողովրդին… Բայց, իհարկե, իմ կարծիքով, գոյություն ունի ևս մի պատճառ: Ենթադրվում է, որ Հայաստանը չի կարող տարածաշրջանային կարևորության ռազմավարական նմանօրինակ քայլի ծրագրավորողն ու իրագործողը լինել: Այսուհանդերձ, «Թալիշստանի ձայնի» հիմնադրումը հիրավի խոսում է, կրկնեմ այս միտքս, հայ հասարակական-քաղաքական մտքի հասունության և բարձր մակարդակի մասին:
-Բայց, պարոն Ասատրյան, հայ հասարակական-քաղաքական միտքը մշտապես քննադատության թիրախ է դարձել ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա պատմագրության մեջ…
-Ավաղ, այդպես է, և նման մեղադրանքները անհիմն չեն, սակայն, նկատի ունեցեք, որ հայ հասարակական-քաղաքական մտքի իրական կրողները մեր համարյա ամբողջ պատմության ընթացքում գտնվել են քաղաքական դաշտի լուսանցքում և էական դեր չեն կարողացել խաղալ մեր ժողովրդի պատմության վճռորոշ դրվագներում… Եկեք, սակայն, լավատես լինենք, համարելով, որ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի ստեղծումով խախտվել է այդ ավանդույթը` թեկուզև մի մասնավոր նախաձեռնության մակարդակով:
-Շնորհակալություն, պարոն Ասատրյան, հարցազրույցի համար և բարի եթեր «Թալիշստանի ձայն» ռադիոկայանին։
-Ես ինքս եմ ուզում իմ հերթին շնորհակալություն հայտնել այս հիրավի ազգային նախագիծն իրականացնողներին՝ Իրանագիտական կովկասյան կենտրոնին և «Մոդուս Վիվենդի» կենտրոնին։ Միևնույն ժամանակ իմ երախտագիտությունն եմ հայտնում «Իմպուլս» ռադիոկայանին՝ տեխնիկական համագործակցության և օժանդակության համար, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի այն բոլոր աշխատակիցներին, որոնք ամեն ինչ արեցին «Թալիշստանի ձայնը» կյանքի կոչելու համար։
Հ.Գ. -«Թալիշստանի ձայն» ռադիոկայանի հեռարձակումը Ադրբեջանի Հանրապետությունում ունեցել է պայթող ռումբի ազդեցություն։ Ըստ մամուլի հրապարակումների, ադրբեջանական կողմը մեղադրանքների հեղեղ է տեղացել Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին՝ այդ երկրին մեղադրելով Հայաստանից հեռարձակվող ռադիոկայանին օգնելու և օժանդակելու համար։ Ավելին՝ Իրանին հղած Ադրբեջանի կառավարության բողոքի նոտային ի պատասխան Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի խոսնակը անհիմն է համարել մեղադրանքները և շեշտել, որ իր երկիրը որևէ առնչություն չունի «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի հետ, և որ այն զուտ հայկական նախաձեռնություն է։
Այս ամենին հաջորդեց Բաքվում Ադրբեջանի կողմից ստեղծված կեղծ, իբր «Հարավային Ադրբեջանի» (իմա՝ Իրանի հյուսիս-արևմուտք) ազատագրական կոմիտեի» համաժողովը՝ որպես հակաիրանական փոխադարձ մի քայլ։ Թեհրանն այդ նախաձեռնությանը պատասխանեց բողոքի նոտայով, և Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվեց ԱԳՆ և նրանից պատասխան պահանջվեց և այլն, և այլն։
Էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառվում է նաև թալիշական շարժման առաջնորդներից Ֆախրեդդին Աբոսզոդեի տարածած հրապարակումը, որում նա մասնավորապես անդրադառնում է Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանին՝ համարելով այն հայ ժողովրդի բարի կամքի դրսևորում և պատմական իրադարձություն իր հարազատ թալիշ ժողովրդի պատմության մեջ։
Ի դեպ, թալիշական ինտերնետ հանրության մեջ սկսվել է «Թալիստանի սադո՝ չմո սադո» շարժումը, որը բառացի թարգմանվում է այսպես՝ «Թալիշստանի ձայնը մեր ձայնն է»։ Հիշյալ շարժումը տարածվել է թալիշական հանրույթով մեկ՝ Ադրբեջանից սկսած մինչև Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա և այլն։
Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական