ՀԱՅ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԴԱՐԲՆՈՑԸ
ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետի ուսումնական և գիտական գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Դավիթ Ալեքսանյանը ծնվել է Երևանում 1963թ.։ Սովորել է ԵրՊԻ ռադիոտեխնիկական ֆակուլտետում։ Ավարտել է ասպիրանտուրայի հեռակա բաժինը։ Հեղինակ է ավտոմատ նախագծման համակարգերին վերաբերող մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք տպագրվել են արտասահմանյան գիտական հանդեսներում։ 1991թ. դասավանդել է ԵրՊԻ ռադիոտեխնիկական ֆակուլտետում։ 1996թ. տեղափոխվել է Երևանի ռազմական թռիչքատեխնիկական ուսումնարան՝ շարունակելով մանկավարժական գործունեությունը նախկին բուհում։ Զբաղեցրել է ավագ դասախոսի, ապա և ուսումնամեթոդական բաժնի մեթոդական բաժանմունքի պետի պաշտոնը։ Ներկա պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ավիացիոն ինստիտուտի (2002 թվից) հանրակրթական առարկաների ֆակուլտետի էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական առարկաների ամբիոնի պետը։
-Ես հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտն իր գոյության 20 տարիների ընթացքում, որը համեմատաբար քիչ ժամանակահատված է, կարողացել է դառնալ հանրապետության լավագույն կրթական օջախներից մեկը։ Միայն սույն փաստը, որ մեզ մոտ ընդունվում են բավականին բարձր՝ մեկ տեղի համար հինգից յոթ հոգի մրցույթում հաղթողները, խոսում է ավիացիոն ինստիտուտի կրթության բարձր որակի և հեղինակության մասին։ Եթե մեզ մոտ սովորելը պատիվ է, ապա շնորհիվ այն նվիրյալ զինվորական-դասախոսների, որոնք դաստիարակեցին մեր զինված ուժերի համար պիտանի սպայական կադրեր, անփոխարինելի մասնագետներ։ Ընդամենը 20 տարի, բայց մեր կադրերն արդեն բարձր պաշտոններ են զբաղեցնում ազգային բանակի տարբեր ստորաբաժանումներում և համարվում են փնտրված մասնագետներ ու հրամանատարներ։
Ա. Խանփերյանցի անվան զինվորական ավիացիոն ինստիտուտն այսօր համալրված է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, ինչպես նաև ուսումնամեթոդական ամեն կարգի նյութերով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք մասնագետ պատրաստելու և դաստիարակելու բարձր կրթական ցենզ ունեցող երիտասարդ սպաներ։ Մեր կուրսանտներն այսօր հնարավորություն ունեն ոսումնական փուլի ընթացքում իրենց ձեռք բերած տեսական գիտելիքներն ամրապնդելու գործնական պարապմունքների ընթացքում, որոնք անցկացվում են համապատասխան լաբորատորիաներում կամ էլ առկա մասնագիտական վարժասարքերով։
Մեր ինստիտուտում գործում է չորս ֆակուլտետ՝ 3 մասնագիտական և 1 հանրակրթական առարկաների ֆակուլտետ։
Հանրակրթական առարկաների ֆակուլտետում դասավանդվում են, այսպես ասած, հիմնարար առարկաները, որոնք թույլ են տալիս լիարժեք ծավալով յուրացնելու նեղ մասնագիտական նյութը։ Դրանք բնագիտական և ճարտարագիտական առարկաներն են։ Ի դեպ, այստեղ, համատեղության կարգով, դասավանդում են քաղաքացիական լավագույն բուհերի ճանաչված դասախոսները, որոնցից շատերը՝ մոտ 11 հոգի, ունեն գիտական կոչումներ։
Ավիացիոն ֆակուլտետում ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները՝ թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ, ուղղաթիռ), թռչող ապարատների տեխնիկական շահագործում (ինքնաթիռ, ուղղաթիռ), թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների տեխնիկական շահագործում, թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքերի տեխնիկական շահագործում, թռչող ապարատների սպառազինության շահագործում։ Կապի ֆակուլտետում դասավանդվում է կապի միջոցների տեխնիկական շահագործման մասնագիտությունը։ Երեք մասնագիտություն էլ գործում է հակաօդային պաշտպանության ֆակուլտետում. պատրաստվում են ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների, ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրների և ՀՕՊ տեղորոշիչ համալիրների շահագործման մասնագետներ։
Ինստիտուտն իր գործունեությամբ ապացուցել է, որ պատրաստելով զինված ուժերին անհրաժեշտ բարձր կրթական մակարդակ ունեցող սպայական կադրեր՝ կատարել է իր առջև դրված հիմնական խնդիրները։
Լինելով ռազմական բուհ՝ ավիացիոն ինստիտուտը գործնական կապերի մեջ է նաև քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Օրինակ՝ 2007-ից սկսած անցկացնում ենք նախնական զինվորական պատրաստության դասընթացներ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի ուսանողների հետ։ Համագործակցության հուշագիր ենք ստորագրել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ։ Եվ համագործակցում ենք մի շարք ոլորտներում՝ սկսած ուսումնական գործընթացներից, մինչև մշակութային, մարզական միջոցառումներ, փոխադարձ այցելություններ, դասախոսների փոխանակում և վերապատրաստում։
Խոսելով մեր ինստիտուտի տեխնիկական զինվածության մասին՝ չեմ կարող չխոսել էլեկտրոնային գրադարանի մասին, որը համալրված է ինտերնետային կապով, ինչը մեր ուսանողներին հնարավորություն է տալիս օգտվելու ինչպես ինստիտուտում առկա հարուստ տեխնիկական գրականությունից, այնպես էլ հանրապետության գրադարանային ֆոնդում եղած գրքերից։
Ավիացիոն ինստիտուտն իր բնույթով, տեխնիկական ուղղվածությամբ ռազմական բուհ է, ուստի մենք ընդունելության քննությունների ժամանակ նախապատվությունը տալիս ենք ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից բարձր միավորներ հավաքած դիմորդներին, որպեսզի հետագայում՝ ինստիտուտում սովորելու ընթացքում, դժվարություն չունենան տեխնիկական մասնագիտական առարկաները յուրացնելիս։
Մեր դասախոսները պարբերաբար վերապատրաստվում են արտասահմանյան ռազմական հայտնի ուսումնական հաստատություններում, ինչը մեր կողմից դիտվում է որպես ուսման որակի բարձրացման ճանապարհներից մեկը։ Մեր սպաները ՌԴ և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են մեկնում ոչ միայն վերապատրաստվելու, այլև կուտակած փորձի փոխանակման նպատակով։ Ի դեպ, ռազմական ավիացիոն ինստիտուտն ընդգրկված է ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի համար համատեղ զինվորական կադրեր պատրաստող ուսումնական հաստատությունների ցանկում, ինչը դարձյալ վկայում է մեր ռազմական բուհի հեղինակության մասին։
Նոր ուսումնական տարում մեր ինստիտուտը միացել է ուսման որակի խթանման ճանապարհներից մեկը դիտվող բոլոնյան գործընթացին կամ ավելի պարզ ասած՝ ուսման կրեդիտային համակարգին։ Բոլոնյան գործընթացին միանալը հնարավորություն կտա անցնելու հավատարմագրման, այսինքն՝ բուհում կսկսի գործել որակի ներքին ապահովման համակարգ։
Ուսման որակի խթանիչներից մեկն էլ ինստիտուտում պարբերաբար անցկացվող գիտատեխնիկական կոնֆերանսներն են, որոնց իրենց մասնակցությունն են բերում ինչպես կուրսանտները, այնպես էլ դասախոսական կազմը։
Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն բուհի կայացման և արձանագրած հաջողությունների համար, այո՛, մենք մեծապես պարտական ենք մեր զինվորական դասախոսների նվիրված և հոգատար աշխատանքին։ Նրանցից շատերը պաշտոնաթող լինելուց հետո անգամ շարունակում են իրենց դասախոսությունները՝ հիմա արդեն քաղաքացիական հաստիքներով։ Ես պարտավոր եմ հիշել նրանցից մի քանիսի անունները՝ Գևորգ Վեցիկյան, Լևոն Քոչարյան, Մկրտիչ Գագարյան, Լևոն Մկրտչյան, Յուրի Պետրոսյան, Արքիմեդ Վարդանյան, Հովիկ Առաքելյան և այլք։ Իսկապես անուրանալի է նրանց վաստակը սպաների մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում. թող կուրսանտներն իմանան, թե ում են պարտական ներկա ռազմական ավիացիոն ինստիտուտի համար, որը մեր օդային տարածքների անվտանգությունը պահպանող մարտիկների և մասնագետների դարբնոցն է։
Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում