ԱՄՆ-ՈՒՄ «ԲՈՒԾՈՒՄ» ԵՆ ԶԻՆՎՈՐ-ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ
Ամերիկացի զինվորականները գիտնականներին խնդիր են առաջադրել՝ գտնելու միջոց, որով կարելի կլինի զինվորներին դարձնել ավելի դիմացկուն, ուժեղ և թիմային աշխատանքի ունակ։ Այսօր փորձ է արվում այդ խնդիրը լուծել բանակում ծառայել ցանկացողների մանրակրկիտ ընտրությամբ։ Դրա թերությունն էլ այն է, որ հաճախ բանակում ծառայել ցանկացողներն իրենց ֆիզիկական ու հոգեբանական տվյալներով հարմար չեն զինծառայությանը, իսկ նրանք, ովքեր հարմար են, չեն ցանկանում ծառայել։ Ուստի, Պենտագոնը մտադիր է գենային տեխնոլոգիաների միջոցով միջին ունակությունների տեր մարդկանց վերածել «սուպերմենների»։ Զինվորականներն ուզում են, որ այն որակները, որոնք մարդկանց մեջ զարգացնելու համար տարիներ կպահանջվեն, հնարավոր լինի ձևավորել շատ կարճ ժամանակում, ասենք՝ ինչ-որ դեղամիջոցի ներարկման կամ ուղեղի վրա նպատակային էլեկտրամագնիսական ազդեցության միջոցով։ Թեպետ գաղափարն անհավանական է թվում, բայցև նյարդաբանության, դեղաբանության և գենետիկայի ոլորտներում արձանագրվող արագ առաջընթացը հույս է ներշնչում, որ այն կարող է իրականություն դառնալ։
2002թ. ամերիկյան «DARPA» պաշտպանական գիտական գործակալությունը սկսեց իրականացնել «Metabolic Dominance» ծրագիրը, որի արդյունքում պետք է ի հայտ գային առաջին զինվոր-մուտանտները, որոնք ավելի քիչ են ենթակա սթրեսի, ցավի, արնահոսության, հոգնածության, ավելի քիչ են կարիք զգում քնի և սննդի, քան սովորական մարդիկ։ Ծրագրի արդյունավետությունը մեծ չէր, և 2008թ. այն փակեցին։ Արձանագրված արդյունքները գաղտնի էին պահվում, այդուհանդերձ, որոշ մանրամասներ հայտնի են։ Մասնավորապես՝ «DARPA»-ի մասնագետներն ուզում էին զինվորների սովի խնդիրը լուծել մարդու օրգանիզմում առկա ճարպի պաշարները կարճ ժամանակում «այրելու» միջոցով, որի արդյունքում զինվորը մինչև 5 օր կարող է իրեն առույգ և ուժեղ զգալ, սակայն հետո ի հայտ էին գալու վնասակար երևույթներ, մասնավորապես՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ Ծրագրի շրջանակներում մշակվեց նաև «խտացված սննդի» տեխնոլոգիան. զինվորական սննդի նման օրաբաժինը սովորականից 3 անգամ ավելի փոքր ծավալ ունի, բայցև՝ նույն կալորիականությունը։
«Metabolic Dominance» ծրագրի դադարեցումից հետո մշակված առավել արժեքավոր տեխնոլոգիաները զարգացնելու փորձեր արեցին նաեւ ռազմական այլ գերատեսչություններ և հատուկ ծառայություններ։ Արդեն 2009թ. ծրագիրը փաստացի վերագործարկվեց՝ փոքր-ինչ ավելի նեղ շրջանակներում։
Պենտագոնի նոր ծրագրով նախատեսվում էր հետազոտել համախմբվածության երևույթը, որն օգնում է զինվորներին շարունակելու պայքարը՝ ի հեճուկս սովի, ծարավի, հոգնածության և ընկերների մահվան հարուցած սթրեսի։ Նախագծի վրա աշխատում է Պենտագոնի ամենահայտնի գիտական փորձագետներից մեկը՝ միկրոկենսաբանության, իմունոլոգիայի և անվտանգության ոլորտների մասնագետ Էնդրյու Հերրը։ Նա երկու տարի շարունակ ուսումնասիրել է հերոսական համախմբվածության երևույթը՝ հարցուփորձ անելով վետերանների, գործող հետևակայինների, սուզանավորդների, օդաչուների և անօդաչու թռչող սարքերի օպերատորների։ Արդյունքում՝ հայտնաբերվել է, որ «հերոսական» հոգեվիճակը պայմանավորված է մարդու օրգանիզմում սթրեսի պահին հորմոնների հավասարակշռության փոփոխությամբ։ Պարզվում է, որ սթրեսի հորմոնների մեծ քանակը որոշ մարդկանց մեջ առաջացնում է ոչ թե խուճապ և անօգնականություն, այլ, ընդհակառակը, պայքարը շարունակելու կամք և վճռականություն։
Հայտնի է, որ ուղեղում և նյարդային համակարգում կա հատուկ նյութ (կոչվում է «Y նեյրոպեպտիդ»), որն ուժեղ հակասթրեսային ազդեցություն ունի։ Մարտի պայմաններում Y նեյրոպեպտիդի ներարկումը, գիտնականների մտահղացմամբ, պետք է ռազմիկի գլխից հանի իրավիճակի անհուսալիության մասին միտքը, այլ խոսքով՝ նրան դարձնի լավատես։
Y նեյրոպեպտիդի մեծ չափաբաժինները հարուցում են ֆիզիոլոգիական բացասական ախտանշաններ, մասնավորապես՝ զարկերակային մեծ ճնշում, խախտվում է ստամոքսում ջրի և էլեկտրոլիտների արտազատումը, մեծանում է երիկամային և սրտային անբավարարության, կաթվածի հավանականությունը։ Այդուհանդերձ, զինվորի հոգեֆիզիկական ունակությունների կարճատև «գրգռման» տեխնոլոգիաները մահացու վտանգի պայմաններում համարվում են արդարացված։
Պատրաստեց ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆԸ
Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Ռազմական