ՍԵՐԳԵՅ ԱՂԱՎԵԼՅԱՆ. «ՀԻՇԻ՛Ր, ԱՅՍՏԵՂ Է ՄԵՐ ՊԱՏԻՎԸ»
Օրերս լրացավ Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ մարտնչած, լեգենդար «Նորմանդիա-Նեման» խորհրդա-ֆրանսիական ավիագնդի գլխավոր ինժեներ, նշանավոր ավիաշինարար Սերգեյ Դավիթի Աղավելյանի 100-ամյակը:
Սերգեյ Աղավելյանը ծնվել է 1913թ. մարտի 22-ին, Նախիջևանի հինավուրց Բիստ գյուղում: 1932թ. ավարտել է Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը: 1935-1938թթ. սովորել է Մոսկվայի Էներգետիկական ինստիտուտում, իսկ 1941թ. ավարտել է Ժուկովի անվան ռազմաօդային ակադեմիան: Աղավելյանի փառավոր մարտական ուղին սկսվեց «Նորմանդիա-Նեման» ավիագնդի կազմում:
«Նորմանդիա-Նեման» ֆրանսիական ավիագունդը Երկրորդ համաշխարհայինի տարիներին Խորհրդային Միության տարածքում մարտական գործողություններին մասնակցած միակ օտարերկրյա զորամասն էր: Ինչպես հայտնի է, մյուս դաշնակիցները` անգլիացիները և ամերիկացիները, Խորհրդային Միություն էին ուղարկում տեխնիկա, վառելիք և պարենամթերք, իսկ ֆաշիստական բռնազավթման դեմ մարտնչող Ֆրանսիան զինվորից բացի ոչինչ չէր կարող տալ:
1942թ. մարտին գեներալ Շարլ դը Գոլը Ի. Ստալինին առաջարկեց Արևելյան ճակատ ուղարկել ֆրանսիական օդաչուների էսկադրիլիա: Մոսկվան ընդունեց առաջարկը: 1942թ. նոյեմբերի 25-ին ստորագրվեց պայմանագիր՝ ԽՍՀՄ տարածքում ֆրանսիական ավիացիոն էսկադրիլիայի կազմավորման մասին:
Էսկադրիլիան կազմավորվեց 1942թ. դեկտեմբերի 4-ին, Իվանովո քաղաքում: Անձնակազմի ցանկությամբ՝ այն անվանվեց «Նորմանդիա»՝ ֆաշիստներից առավել տուժած ֆրանսիական նահանգներից մեկի անունով: Այսպես ստեղծվեց ֆրանսիական կործանիչ ավիացիոն էսկադրիլիան, որի մարտական փառքը տարածվեց ամբողջ աշխարհում:
Էսկադրիլիայի անձնակազմը կազմված էր 72 ֆրանսիացի կամավորներից (14 օդաչու, 58 ավիամեխանիկ) և խորհրդային ավիամեխանիկների 14 հոգուց բաղկացած խմբից, որի ղեկավարն էր մեր հայրենակից Սերգեյ Աղավելյանը:
Անծանոթ տեխնիկայի, լեզվի, սննդի հետ կապված խնդիրներից բացի, ֆրանսիացիների համար կար նաև մի ուրիշ խնդիր` կլիման: Հիմնականում Հյուսիսային Աֆրիկայում կռված ֆրանսիացի օդաչուների համար շատ դժվար էր հարմարվել ռուսական սաստիկ ցրտին: Շատ ավելի դժվար էր մեխանիկների համար, քանի որ ձեռնոցներով հնարավոր չէր քանդել ոչ մի փոքրիկ պտուտակ անգամ, իսկ առանց ձեռնոց 30 աստիճան ցրտի պայմաններում աշխատելուն նրանք սովոր չէին: Այդ իսկ պատճառով կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվեց ֆրանսիացի մեխանիկներին փոխարինել խորհրդային մասնագետներով: Այս ամենը վկայում է, թե ինչքան կարևոր էր էսկադրիլիայի ինժեներատեխնիկական կառույցի աշխատանքը, որը մինչև պատերազմի ավարտը ղեկավարեց Սերգեյ Աղավելյանը:
18-րդ գվարդիական կործանիչ ավիագնդի հրամանատար, ավիացիայի գեներալ-մայոր Ա.Գոլուբովը իր հիշողություններում գրում է. «Համարյա ամեն օր մարտական առաջադրանք կատարելուց հետո մի քանի ինքնաթիռ վերադառնում էր վնասված: Երբեմն դրանք այնքան էին ծակծկված լինում, որ զարմանում էինք, թե ինչպես էին կարողացել այդ մեքենաները օդում մնալ: Ֆրանսիացի օդաչուները այդպիսի դեպքերում նոր ինքնաթիռ էին խնդրում, բայց մեր մեխանիկները և գնդի գլխավոր ինժեներ-կապիտան Ս. Աղավելյանը այլ կերպ էին մտածում: Դաշտային վերանորոգման արհեստանոցում հայտնված «Յակերը» կարճ ժամանակում դառնում էին մարտական թռիչքների համար պիտանի»:
«Նորմանդիա-Նեման» ավիագնդի շարքերում Ս.Աղավելյանը փառահեղ մարտական ուղի անցավ, մասնակցեց Կուրսկի, Օրյոլի, Բրյանսկի, Սմոլենսկի, Բելառուսի և Լիտվայի ազատագրմանը, Գամբինեն, Ինստենբուրգ, Պիլաու քաղաքների գրավմանը: 1944թ. օգոստոսին Նեմանի գետանցման ժամանակ վարած հաջող մարտերի և վստահելի պաշտպանության համար «Նորմանդիա» ավիագնդին շնորհվեց պատվավոր «Նեման» անվանունը: 1945թ. ձմռանը «Նորմանդիա-Նեման» ավիագունդը մասնակցեց Արևելյան Պրուսիայում մղված մարտերին: Պատերազմի ավարտին գնդի 96 օդաչուները կատարել են 5249 մարտական թռիչք, մասնակցել 869 օդային մարտի՝ ոչնչացնելով հակառակորդի 268 ինքնաթիռ և վնասել ևս 80-ը: Մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհվել են 42 օդաչուներ:
1945թ. դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում` Կարմիր բանակի Կենտրոնական տանը, մարտական շքանշաններով պարգևատրվեցին 83 ֆրանսիացի օդաչուներ, որոնցից 4-ը` Մարսել Լեֆեվրը, Մարսել Ալբերը, Ռոլլան դե լյա Պուապը և Ժակ Անդրեն արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման: Հանդիսությանը ներկա գեներալ դը Գոլը հայտարարեց, որ բոլոր օդաչուները, ինչպես նաև խորհրդային սպաները կպարգևատրվեն «Պատվո լեգեոնի» շքանշանով: Պարգևատրումը կայացավ նույն օրը՝ Ֆրանսիայի դեսպանատանը: Ֆրանսիայի բարձրագույն պարգևը` «Պատվո լեգեոնի խաչը», Սերգեյ Աղավելյանն ստացավ անձամբ գեներալ դը Գոլից:
1945թ. հունիսի 15-ին «Նորմանդիա-Նեման» ավիագունդը, որը Ստալինի հրահանգով ամբողջական սպառազինությամբ մշտական տեղակայման էր հանձնվում ֆրանսիական կողմին, Ս.Աղավելյանի գլխավորած խորհրդային մեխանիկների ուղեկցությամբ ուղղություն վերցրեց դեպի Փարիզ: Ֆրանսիայում նրանք մեկամսյա շրջագայություն կատարեցին՝ ամենուր արժանանալով հերոսներին վայել ընդունելության: Ս.Աղավելյանի գլխավորած խումբը ֆրանսիացիների խնդրանքով որոշ ժամանակ մնաց Ֆրանսիայում, որպեսզի «Յակ-3»-ի շահագործման և տեխնիկական սպասարկման յուրացման գործում օգնի ֆրանսիացի մեխանիկներին: Հետագայում Աղավելյանը մի քանի անգամ ևս եղավ Ֆրանսիայում՝ ղեկավարելով «Յակերի» վերանորոգման և պրոֆիլակտիկ աշխատանքները:
Սերգեյ Աղավելյանը պատերազմն ավարտեց մայորի կոչումով: 1950թ. սկզբին նա Տուպոլևի կոնստրուկտորական բյուրոյում նշանակվեց որպես ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաօդային ուժերի գլխավոր ներկայացուցիչ: Նա մեծ ներդրում և անմիջական մասնակցություն ունեցավ «Տու-104», «Տու-114», «Տու-124» և «Տու-134» ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին: Աղավելյանը վայելում էր Տուպոլևի մեծ հարգանքը, ոչ միայն այն բանի համար, որ լեգենդար «Նորմանդիա-Նեման» ավիագնդի գլխավոր ինժեներն էր, այլ որովհետև կարողանում էր շատ մատչելիորեն բացատրել ռազմաօդային ուժերի պահանջները և հրամանատարությանը ապացուցել դրանց նպատակահարմարությունը:
Բանակից զորացրվելուց հետո Աղավելյանը ղեկավարում էր «Նորմանդիա-Նեման» ավիագնդի վետերանների միությունը: Ֆրանսիացի օդաչուների հետ զինվորական ընկերությունը շարունակվում էր. նրանք պարբերաբար այցելում էին իրար: 1960թ. նկարահանված խորհրդա-ֆրանսիական «Նորմանդիա-Նեման» գեղարվեստական կինոնկարի՝ Փարիզում կայացած շնորհանդեսին ներկա էին նաև Ս.Աղավելյանը և 18-րդ գվարդիական ավիագնդի նախկին հրամանատար, ավիացիայի գեներալ-մայոր Ա. Գոլուբովը:
Սերգեյ Աղավելյանը մշտապես հպարտացել է իր ազգային պատկանելությամբ, իր հին հայկական տոհմով՝ մանրամասնորեն կազմելով իր գերդաստանի տոհմածառը 17-րդ դարից սկսած: Մի անգամ, երբ հորաքրոջ որդու հետ այցելել են Նավասարդ պապի շիրիմին, որը գտնվում էր Բիստ գյուղի հին հայկական վանքի մոտ, նա ասել է. «Հիշի՛ր, այստեղ է գտնվում մեր պատիվը»:
Եթե մեզնից յուրաքանչյուրը Սերգեյ Աղավելյանի և հազարավոր այն հայորդիների պես, ովքեր Երկրորդ աշխարհամարտի տարիներին, մեր նախահայրերի մարտական ոգով ներշնչված, կարողացան անձնվիրաբար պաշտպանել հայրենիքը, հիշի և պահպանի իր տոհմի պատիվը, ապա հայ ժողովուրդը կարող է հանգիստ լինել Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանների անխախտելիության համար:
Լ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
կապիտան
«Մայր Հայաստան» զինվորական
թանգարանի գլխավոր խորհրդատու